[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏՂԱՇԵՆՈՒՄ ԵՎՍ ԼՈՒԾՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ

Ֆրանսիական SPFA բարեգործական կազմակերպության Արցախում իրականացրած ծրագրերն արժանի են դրվատանքի: Կազմակերպության Կովկասյան ենթակառուցվածքների ծրագրերի համակարգողը Ժակ Մաթոսյանն է, ում տքնաջան աշխատանքի շնորհիվ Արցախում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվել։  Կազմակերպության ՙՍեդրիկ Մարտեն՚ հիմնադրամի միջոցներով սկսած 2007 թվականից արցախյան 12 բնակավայրեր ապահովվել են խմելու ջրով։

13-րդ ծրագիրն իրականացվեց սեպտեմբերի 27-ին Աստղաշենում։ Ի դեպ, դրանցից 12-ը Ասկերանի շրջանի բնակավայրերում են իրականացվել, մեկը՝ Մարտունիում։

Եվ այսպես` այսուհետ Աստղաշենում անցյալով են խոսելու ջրի սակավության մասին։

Խմելու ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, SPFA-ի Կովկասյան ենթակառուցվածքների ծրագրերի համակարգող  Ժակ Մաթոսյանը, ՙՍեդրիկ Մարտեն՚  հիմնադրամի նորանշանակ տնօրեն Դոմինիկ Պրիվան, SPFA-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հաբեթնակ Հակոբյանը, շինարարական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Ասոյանը, կազմակերպության անդամներ, աստղաշենցիներ։

Նշենք, որ շվեյցարական ՙՍեդրիկ Մարտեն՚  հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու Սեդրիկի, ով երկրաբանի իր կարիերան ուղղորդել էր ջրի խնդիրների ուսումնասիրությանը: Մարդասիրական այդ վեհ առաքելությունը Ռուանդայի վտանգավոր շրջաններից մեկում  կատարելուց հետո վերադառնալիս  նա սպանվեց։ Դա է թերևս պատճառը, որ Հիմնադրամը ֆինանսական հնարավորությունների սահմաններում ջրի մատակարարման հրատապ կարիք ունեցող բնակավայրերին է օգնության ձեռք մեկնում։ Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ Հիմնադրամը շուրջ 10 տարում հովանավորել է նշված 13 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները։

Ողջունելով ներկաներին՝ գյուղի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լիլիթ Ղազարյանը նշեց, որ այս օրվան աստղաշենցիները վաղուց էին սպասում, և շուրջօրյա ջուր ունենալու իրենց վաղեմի երազանքն իրականություն դարձավ շնորհիվ մեծ ազգասեր ու հայասեր Ժակ Մաթոսյանի։

Հաղորդավարը մեծ ափսոսանքով նշեց, որ 2018թ. մայիս ամսում իր մահկանացուն կնքեց Ժակ Մարտենը, իսկ Դանիել Մարտենն առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել, սակայն բարեգործության շնորհիվ նրանք հավերժացել են աստղաշենցիների և արցախցիների սրտերում։

Համայնքի ղեկավար Զորիկ Ղազարյանը գյուղի բնակիչների անունից երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել աստղաշենցիների վաղեմի երազանքը կյանքի կոչելուն։ Համայնքի ավագանու որոշմամբ տիկին Դանիել Մարտենն արժանացավ Աստղաշենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչման։ Զ. Ղազարյանը պատվավոր քաղաքացու վկայականը հանձնեց ՙՍեդրիկ Մարտեն՚   Հիմնադրամի տնօրեն, Ժակ Մարտենի զարմիկ Դոմինիկ Պրիվային։

Կրթօջախի տնօրեն Սլավա Գրիգորյանն անդրադառնալով գյուղում բարեգործական հիմունքներով կատարված աշխատանքներին` ուրախությամբ նշեց, որ այդ ցանկն այսօր ավելացավ ևս մեկ հրաշալի ծրագրով։ Նա երախտագիտություն հայտնեց Արցախի կառավարությանը, ՙՍեդրիկ Մարտեն՚  հիմնադրամին և նրա բոլոր անդամներին, ովքեր շարունակում են մեծ թափով իրականացնել Ժակ և Դանիել Մարտենների մտահղացումները. նման մարդիկ միշտ էլ արժանանում են արցախցիների սիրուն և հարգանքին։

Ժակ Մաթոսյանի խոսքով` արդեն իսկ կատարված է հերթական բնակավայրի ընտրությունը, սակայն մինչև աշխատանքների մեկնարկը չտրվի, նա չի կարող բարձրաձայնել բնակավայրի անունը։

Միջոցառման տոնական մասն ապահովեցին Աստղաշենի արվեստի դպրոցի սաները՝ պարային գեղեցիկ կատարումներով, նվագով և երգով։

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՙՍեդրիկ Մարտեն՚   հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Պրիվային և համայնքի ղեկավարին։

Աստղաշենում պետական միջոցներով մանկապարտեզի շենք, իսկ գյուղի բարերար Կարեն Կարապետյանի միջոցներով հանդիսությունների տուն է կառուցվում։ Այստեղ և՜ պետական միջոցներով, և՜ բարեգործության շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցվել. տարեցտարի ավելանում է նորածինների թիվը, գյուղում լայն թափ ստացած շինարարական աշխատանքները հույս են ներշնչում։ Դա է թերևս  պատճառը, որ տեղի երիտասարդներն իրենց ապագան կապում են հարազատ գյուղի հետ։

 

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան