[ARM]     [RUS]     [ENG]

ՆՌԱՆ ՄՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԵՓԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔ

Մարտունու շրջանում, որպես բավականաչափ տաք հարթավայրային գոտի, խաղողի և տարբեր մրգերի ու պտղատեսակների հետ մեկտեղ մերձարևադարձային բուսատեսակներից լավ աճում են նռնենին, թզենին և արևելյան խուրման։ 

 Հազարամյակների պատմություն ունեցող նուռը ջերմության նկատմամբ պահանջկոտ բույս է և մշակության համար մեծ դժվարություններ չի պահանջում։ Հաշվի առնելով նրա եկամտաբերությունն ու շահավետ լինելը՝ Մարտունի քաղաքի բնակիչ Կայծեր Պողոսյանը 2011 թվականին սեփական հողատարածքում հիմնադրեց 2,5հա նռան այգի։ Այն հիմնադրելու, տնկիները ձեռք բերելու և մյուս բոլոր աշխատանքները կազմակերպելու համար Կ.Պողոսյանը գյուղատնտեսական ծրագրով 4 միլիոն դրամ վարկ է վերցրել՝ ԱՄՆ դոլարին համարժեք, բայց արժույթի փոփոխման պատճառով վարկի մարման ընթացքում մեծ վնասներ կրեց։

Երեք որդիների հետ, համատեղ ուժերով տնկեցին ՙգյուլաշ՚ սորտի 1800 տնկի։ Տեղանքի նպաստավոր պայմանների, ճիշտ աշխատանքի շնորհիվ այգին երրորդ տարում բերք է տվել, չնայած նռնենին պտուղ տալիս է 4-րդ տարում, աստիճանաբար ավելանալով, և լրիվ պտղաբերություն սկսվում է 7-րդ տարում։ Ամենաբարձր բերքը տալիս է 15-30 տարում և կարող է գոյատևել մինչև 50-60 տարի։ ՙ2014-ին ստացել ենք առաջին բերքը՝ 3տ, հաջորդ տարիներին՝ 10տ, 15տ։ Միջինում ստացել ենք 10-15 տոննա բերք՝ կախված եղանակային պայմաններից։ Այս տարի սպասվում էր բարձր բերքատվություն, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով ինքնափոշոտում տեղի չի ունեցել։ Ակնկալում ենք միջին բերքատվություն՚,- ասում է Կ.Պողոսյանը։

Մինչև այգու բերք տալը նա այնտեղ ցանում էր նաև բանջար-բոստանային մշակաբույսեր։ Վերջին տարիներին միայն նռան, ցորենի և գարու մշակությամբ է զբաղվում։ 

Մասնագիտությամբ շինարար այգեգործն այգին մշակելու համար օգտվում է համապատասխան գրականությունից։ Երկու անգամ մասնակցել է Մարտունիում և Ստեփանակերտում նռան մշակությամբ զբաղվողների համար կազմակերպված հատուկ սեմինարներին, որտեղ ստացած գիտելիքն այժմ օգտագործում է այգին մշակելու համար։

Խոսելով տարվա ընթացքում այգում կատարվող աշխատանքներից՝ զրուցակիցս նշեց, որ բերքահավաքից հետո կատարում են հերկ՝ խոնավություն հավաքելու համար։ Ծառերը ցրտից պաշտպանելու համար ձևավորումը նա կատարում է գարնանը։ Այնուհետև հերթականությամբ իրականացնում է պահանջվող աշխատանքները՝ սրսկում, մոլախոտերի դեմ պայքար, փխրեցում և այլն։ Կ.Պողոսյանի խոսքով՝ այգին լիարժեք մշակել չի ստացվում՝ սեփական տեխնիկա չունենալու պատճառով։ Այգու տարածքը խոնավ է, մոլախոտերի դեմ պետք է միշտ պայքարել, քանի որ նրանցից արձակած խոնավությունը բացասաբար է անդրադառնում պտղի աճի վրա։ Մոլախոտերի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում ինքնահոս ոռոգումը։ ՙԲերքը հաջողությամբ իրացնելու դեպքում նախատեսել եմ այս տարի անցնել կաթիլային ոռոգման տարբերակի, որը կնպաստի բերքատվությանը. այգին կոռոգվի հավասարապես, նաև՝ կխնայեմ ժամանակս՚,- ասում է զրուցակիցս, ապա հավելում, որ կօգտվի վերջերս պետական միջոցներով շահագործման հանձնված արտեզյան ջրհորից։ Ընդհանրապես, նուռը ոռոգման նկատմամբ լուրջ ուշադրություն է պահանջում, բերքի հասնելու շրջանում ավելորդ ջուրը բացասաբար է անդրադառնում և՜ պտղաբերության, և՜ պտղի որակի վրա։ 

Առաջիկայում Նռան փառատոնն է։ Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես Կ.Պողոսյանը փառատոնում տաղավարով կներկայանա. ՙԱյն լավ առիթ է բերքն իրացնելու, գովազդելու, իրացման շուկայում սեփական սպառողին գտնելու և, պարզապես, մեր առօրյան հետաքրքիր դարձնելու համար՚,- նշում է նա։

Շրջանում ընթանում է նռան բերքահավաքը, որին զուգահեռ նրա մշակությամբ զբաղվողները շուկայում ներկայացնում են իրենց բերքը։ Այն իրացվում է հիմնականում Հայաստանի Հանրապետությունում։ Հաջողության դեպքում Կ.Պողոսյանը նպատակ ունի հարակից սեփական 4հա տարածքում նույնպես նռան այգի հիմնադրել: ՙՀույս ունեմ` այն հնարավորություն կտա հիմնադրել սեփական վերամշակման կետ և շուկայում հանդես գալ արդեն նուռից պատրաստած սեփական արտադրանքով՚,- ասում է նա։

 

Անուշ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

ք. Մարտունի