[ARM]     [RUS]     [ENG]

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔՈՒՄ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում ոռոգման ջրի խնդիր չունեն։ Ավելին, առուն անցնում է գրեթե յուրաքանչյուր տնամերձ հողամասով, ինչն անսահմանափակ հնարավորություն է ընձեռում հողագործներին։

Հակառակ դրան` այստեղ տարիներ շարունակ խմելու ջրի խնդիրն էր օրակարգում։ Համայնքի բնակիչ Անդրանիկ Աբրահամյանի խոսքով՝ ամառ թե ձմեռ նրանց մտահոգում է նույն հարցը, այն է՝ ինչպես տուն հասցնել խմելու ջուրը։ Ամբողջ համայնքն օգտվում է մեկ աղբյուրից. ՙԱմառը, երբ ջրի մակարդակն իջնում է, գյուղի աղբյուրը գրեթե ցամաքում է, իսկ ձմեռը ստիպված ենք լինում անբարեկարգ ճանապարհներով ջրով լցված տարաները մի կերպ հասցնել տուն։ Եվ այսպես` ամբողջ տարին՚: 

Խմելու ջրի խնդիրը համայնքի մյուս գյուղերում էլ առկա է. Տանձուտում, Մելիքաշենում և Արահուձում ևս օգտվում են աղբյուրներից, ինչը, բնակիչների խոսքով, դժվարացնում է կենցաղը հատկապես անբարենպաստ եղանակներին։ Խնդիրը հատկապես սուր է այն ընտանիքների համար, ովքեր տրանսպորտային միջոց չունեն, բայց խմելու ջուր ունենալը պարզապես անհրաժեշտություն է: 

Գյուղում խմելու ջրի խնդիրը մոտ է հանգուցալուծման։ Պետական միջոցներով Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում կառուցվում է նոր ջրագիծ, որով ջուրը հասնելու է նաև Ծիծեռնավանք։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙՔաշաթաղի ջրամատարակարարում՚ փակ բաժնետիրական ընկերությունը։ Համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանը հուսով է, որ մինչև տարեվերջ աշխատանքները կհասցվեն ավարտին. ՙՋուրը ժողովրդի համար կյանք է, եթե չկա ջուր, կյանքն ինքնին դժվարանում է։ Արդեն քսանչորս տարի մենք տարաներով աղբյուրից ջուր ենք հասցնում մեր տները։ Կարծում եմ` մինչև տարեվերջ խմելու ջուրը խողովակով կհասնի համայնք, համայնք ասելով նկատի ունեմ բոլոր գյուղերը՝ Ծիծեռնավանք, Տանձուտ, Մելիքաշեն և Արահուձ՚,- եզրափակում է Սիմոն Հարությունյանը։

Խմելու ջրի ակունքը Մոշաթաղում է, որտեղից մինչև Ծիծեռնավանք կառուցվում է 11-կիլոմետրանոց  ջրագիծ։ ՙՔաշաթաղի ջրամատարակարարում՚ փակ բաժնետիրական ընկերության փոխտնօրեն Սամվել Ալեքսանյանի համոզմամբ՝ առկա ջրային պաշարները բավարար են՝ ապահովելու չորս գյուղերի խմելու ջրի պահանջարկը. ՙՏանձուտում մենք ավարտին ենք հասցրել ոռոգման ջրով գյուղն ապահովելու ծրագիրը։ Այս պահին աշխատում ենք Ծիծեռնավանքի ջրագծի կառուցապատման ուղղությամբ։ Շրջանի վարչակազմն արդեն տրամադրել է պոլիէթիլենային խողովակները, մինչ այդ ավարտում ենք հողային աշխատանքները, որ ձմեռը ջուրը չսառչի և նոր խնդիրներ չունենանք՚,- նշել է Ս. Ալեքսյանյանն ու ավելացրել, որ համայնքային նմանատիպ խնդիրներին այսօր շրջկենտրոնից արձագանքում են գործնական քայլերով։ Եթե նախկինում սպասում էին Քաղաքաշինության նախարարության միջամտությանը, ապա այսօր շրջանն ունի համապատասխան տեխնիկական հնարավորություններ, որոնք գործի դնելով, իրականացնում են բազմապիսի աշխատանքներ. ՙԱնձրևներից ու սելավներից գյուղամիջյան ու դաշտամիջյան ճանապարհները հաճախ են քանդվում։ Մենք պարբերաբար բարեկարգում ենք, որ գյուղատնտեսական աշխատանքները չխաթարվեն։ Այսօր գյուղացիներն իրենց բերքն ու խոտը դաշտից անկորուստ հասցնում են իրենց տները՚,-հավելում է մեր զրուցակիցը:

Դաշտամիջյան ճանապարհների բարեկարգումից հետո շինարարներն աշխատանքները Քաշաթաղի շրջանում շարունակելու են։ Օրակարգում է շրջանի հյուսիսային թևում միջհամայնքային ճանապարհների բարեկարգման հարցը։

 

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ