Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԱՐՈՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Գյուղնախարարությունը անասնապահության ոլորտում ձեռնամուխ է եղել արմատական փոփոխությունների:

Մեկնարկած նոր ծրագրերը մի կողմից ուղղված են լինելու այս բնագավառում հիմնական մասով արդեն մոռացության մատնված ավանդույթների վերականգնմանը, մյուս կողմից` նոր, ժամանակակից մոտեցումների կիրառմանը: Ծրագիրն իրականացվելու է հանրապետության չորս շրջաններում, զուգահեռ չորս համայնքներում: Քարին տակն ընտրված չորս գյուղերից մեկն է: 

Անասնապահության ոլորտը, որ մեծապես տուժեց 1990-ականների սկզբին, առայսօր շարունակում է մնալ Արցախի գյուղատնտեսության ցավոտ կետերից մեկը: ՙՇատ դեպքերում անասնապահության հարցում բավարարվում ենք կենդանիներին առավոտյան գոմից հանելով, իսկ երեկոյան` գտնել-բերելով: Եվ մտածում ենք, թե նման դեպքում շահույթն ավելի շատ է, քանի որ նախրապան չենք պահում ու վարձատրում, արոտավայրերին ուշադրություն չենք դարձնում,- իրավիճակը կարճ բանաձեւում  է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը, ով հատկապես քաջատեղյակ է անասնապահության ոլորտի խնդիրներին:- Սակայն ստացվում է այնպես, որ ոչ անասնապահների եկամուտն է ավելանում, եւ ոչ էլ գյուղամերձ հողերն են լիարժեք մշակվում, քանի որ պարբերաբար վնասվում են ընտանի կենդանիների կողմից՚:

 Ասվածը բնութագրական է Արցախի գրեթե բոլոր համայնքներին: Ոլորտի պատասխանատուներն էլ դա ընդունել են որպես փոփոխությունների ճանապարհին մեկնակետ: Անասնաբուծության կանոնակարգում եւ արոտավայրերի կառավարում ծրագրի փորձնական փուլը Թաղավարդում է իրականացվել: Իսկ օգոստոսի 29-ին կառավարությունը հաստատեց բուն ծրագիրը, որն այս փուլում  չորս գյուղ է ներառում հանրապետության չորս շրջաններից: ՙԸնտրվել է Քարին տակը՝ Շուշիի շրջանում, Շահմասուրը՝ Մարտակերտի շրջանում, Այգեստանը՝ Ասկերանի շրջանում եւ Տողը՝ Հադրութի շրջանում՚,- մանրամասնում է Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը: 

Նոր ծրագրում ներառվելու մասին աչքալուսանքն առաջինը հենց քարինտակցիներն են ստացել: Անասնապահության բնագավառում գյուղի հնարավորությունները մանրամասն ուսումնասիրվել են: Համայնքն ունի 2167 հա տարածք, որից 942-ը՝ արոտավայրեր: Խոշոր եղջերավոր կենդանիների թիվը համայնքում կազմում է 200, մանր եղջերավոր կենդանիներինը` 55, խոզերինը` 64 գլուխ:  Համայնքում տարեկան արտադրվում է մոտ 27 տոննա տավարի, 1 տոննա ոչխարի, 12,7 տոննա խոզի միս` կենդանի քաշով: ՙԸնդհանուր առմամբ՝ արոտավայրերի եւ գլխաքանակի հարաբերակցությունը հանգեցնում է նրան, որ արոտավայրերը ծանրաբեռնված են մոտ 20 տոկոսով, այսինքն` կարող են համարվել թերծանրաբեռնված՚,- ընդգծում է Նորայր Մուսայելյանը: 

Այդ թվերից առաջին տպավորությունն այն է, որ Քարին տակի արոտավայրերը չպետք է որեւէ խնդիր ունենան: Սակայն թվերի տակ այլ պատկեր կա, լրացուցիչ, բայց այս դեպքում` որոշիչ. արոտավայրերն անհամաչափ են օգտագործվում, գյուղից հեռու գտնվող տարածքները գրեթե չեն օգտագործվում եւ թփակալվում են, իսկ գյուղամերձ տարածքներն օգտագործվում են անխնա, բայց թողնվում անխնամ: Փոփոխություններն էլ առաջարկում են այս ամենի հաշվարկով: Դրանք մի քանի ուղղություն են ներառելու: ՙՄի կողմից պետք է արոտավայրերը կարգի բերվեն: Դա իր մեջ ներառում է մակերեսային մաքրումը, տարածքը թփերից ազատելը: Ապա արոտավայրերը կջրարբիացվեն՝ կենդանիներին տեղում ջրով ապահովելու համար: Մյուս կողմից՝ բարեկարգելու ենք դեպի արոտավայրեր տանող ճանապարհները՚,- թվարկում է վարչության պետը: Եթե արոտավայրերը ջրով ապահովելու ծրագիրը եւ դեպի արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգումը հիմնականում պատկան կառույցների մասնակցությամբ է իրականացվելու, ապա թփակալած արոտավայրերի մաքրմանն առաջին հերթին համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունն է ակնկալվում: ՙԸնդհանուր առմամբ` Քարին տակի ունեցած արոտավայրերից 155 հեկտարը նախատեսվում է մաքրել: Այդ ծրագրին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ե՜ւ առանձին գյուղացիներ, ե՜ւ գյուղացիներից կազմված խմբեր: Աշխատանքները կատարելուց հետո համայնքի ղեկավարը կատարողականը կներկայացնի նախարարությանը: Մասնագիտական խումբը  տեղում կստուգի արվածը, եւ դրանից հետո կլինի ֆինանսավորումը՝ հեկտարի հաշվով 30 հազար դրամ՝ առանց եկամտահարկի՚,- կարգն է ներկայացնում Նորայր Մուսայելյանը: Ընդհանուր առմամբ՝ արոտավայրերի մակերեսային բարելավման ծրագրին մոտ 6 միլիոն դրամ կհատկացվի, դեպի արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգմանը՝ 480 հազար դրամ, եւ արոտավայրերի ջրարբիացմանը՝ 1 մլն 560 հազար դրամ: 

Հընթացս պետք է անկանոն անասնապահությունը վերացվի, գոնե ավանդականի նմանությամբ գյուղում նախիր ձեւավորվի` անասնապահության ոլորտում կարգուկանոնը հաստատելու հետ պակասեցնելով ռիսկերը գյուղամերձ տարածքներում երկրագործությամբ զբաղվողների համար: Վերահսկողության հարցում կարեւորվում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը:

Ի՞նչ կտա ծրագիրը: Նախ՝ փաստացի կորսված 155 հեկտար արոտավայր կվերականգնվի եւ պիտանի կլինի նպատակային օգտագործման համար: Երկրագործությամբ զբաղվողները (իսկ նրանք Քարին տակում քիչ չեն) կանոնակարգված անասնապահության դեպքում անհամեմատ ապահովագրված կլինեն կենդանիներից:

Բուն անասնապահության ոլորտում սպասելիքները կոնկրետ թվերի տեսքով են: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման հաջորդող տարիների ընթացքում համայնքում տարեկան կարտադրվի շուրջ 32 տոննա տավարի, 1,2 տոննա ոչխարի միս` կենդանի քաշով, աճի տեմպերը համապատասխանաբար կավելանան 20 եւ 15 տոկոսով:  Կարտադրվի ավելի քան 235 850 լիտր կաթ, մեկ գլուխ կովի միջին կաթնատվությունը կկազմի շուրջ 2 650 լիտր, աճի տեմպը 2017 թվականի ցուցանիշների նկատմամբ  կավելանա մոտ 10,5  տոկոսով:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ