[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԵՆ

altՀանրապետության հարավային թեւի գյուղատնտեսական հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու հանձնարարական Նախագահ Բակո Սահակյանը տվել էր վերջերս  Հադրութի շրջան կատարած այցի ժամանակ: Դրան հաջորդել է նախագահական նստավայրում նույն թեմային նվիրված խորհրդակցությունը: Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը Նախագահի այցից ընդամենը երկու օր անց արդեն Հադրութի շրջանում էր:
 
ԿԵՆԱՑ ՋՈՒՐԸ` 
ՄԱՅՐ ԱՐԱՔՍԻՑ
 
Հազարավոր հեկտարների հասնող անմշակ հողեր, անխնամ դաշտեր, որոնց զգալի մասը թփակալել կամ հայտնվել է եղեգնուտների գերության մեջ: Սա Հադրութի հարավային մասից ստացած առաջին տպավորությունն է: Վատ տրամադրության մի մասն էլ երկար ու փոշոտ ճանապարհն է ՙապահովում՚: Առաջին հայացքից անհրապույր այս տարածքները, սակայն, զարգացման դեռ չօգտագործված հսկայական ներուժ ունեն: Դրա բացահայտման ուղղությամբ առաջին քայլերի արդյունքներն արդեն երեւում են: ՙՀիմնաքար՚ ընկերության կողմից ամբողջությամբ մաքրվել է ավելի քան 30 կիլոմետր երկարություն ունեցող ջրանցքը, ինչի համար պահանջվող միջոցներ տրամադրել է կառավարությունը: ՙԻ սկզբանե ջրանցքը բավականին վատ վիճակում էր,- վերհիշում է ՙՎոթեր փրոջեքթ՚ ՍՊԸ տնօրեն Հարություն Հակոբյանը:- Երկար տարիներ չօգտագործվելով` այն պատվել էր թփերով եւ եղեգով, լցվել տիղմով՚: ՙՋրանցքի մաքրումը նախորդ տարվա վերջերից ենք սկսել, մաքրել ենք տիղմից, շինանյութերից, բուսականությունից: Կարող ենք վստահ ասել, որ այս պահին Արաքսից սնվող մայր ջրանցքն արդեն լիովին պատրաստ է շահագործման՚,- հավելում է ՙՀիմնաքար՚ ընկերության աշխղեկ Արմեն Վարդանյանը։ 
 
ԱՌԱՆՑ 
ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
 Վերակենդանացած ջրանցքը լավագույն դեպքում վայրկյանում մինչեւ 8 խորանարդ մետր, իսկ այսօրվա դրությամբ` շուրջ 5 խորանարդ մետր ջուր Արաքսից հասցնում է Հադրութի շրջանի խորքերը: Մտավախությունը, որ գետից սնվող ջրանցքում ամռանը կարող է ջուրը պակասել` շինարարներն ու մասնագետներն անտեղի են համարում: Ժողովրդական խոսքն են մեջբերում` ուղտը որ սատկի էլ` կաշին մի իշաբեռ կլինի: ՙԱյս ջրանցքը Արաքսից է սնվում, որը, ի տարբերություն Արցախի գետերի մեծ մասի, ամառային ամիսներին էլ է պահպանում իր հոսքի բավարար մակարդակը՚,- վստահեցնում է Հարություն Հակոբյանը: 
ՙՀնարավոր է, ջրի մակարդակն իջնի, եւ դրա հետեւանքով ջրանցքի թողունակությունը հասնի, ասենք, վայրկյանում 3 խորանարդ մետրի, բայց դա էլ լիովին բավարար է այս ջրանցքի տակ ընկած հողերը ոռոգելու համար՚,- վատագույն տարբերակը եւս չի բացառում Արմեն Վարդանյանը:
ԴԵՌ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
Ջրանցքի կառուցումով կարելի է ավարտված համարել աշխատանքների առաջին փուլը: Բայց ջուրը վարելահողերին հասցնելու համար դեռ շատ ջանքեր կպահանջվեն: ՙԽոսքը հիմնականում երկրորդական ջրանցքների մասին է,- մանրամասնում է ՙՎոթեր փրոջեքթ՚ ՍՊԸ տնօրենը:- Բայց չպետք է մոռանալ, որ հենց դրանց բարեկարգ վիճակն է ապահովում ցանքսերի անխաթար ոռոգումը՚: Հեռանկարում ոչ միայն ջուրը հողերին հասցնելու, այլեւ խոնավության ավելցուկը ցանքատարածություններից հեռացնելու աշխատանքներն են: Հենց ճահճացման արդյունքում հսկայական հողատարածքներ եղեգապատվել են: Այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը լինելու է ջրահեռացման համակարգի կարգավորումը: Աշխատանքները փուլ առ փուլ են իրականացվելու:  ՙՎոթեր փրոջեքթ՚-ի տնօրենը առաջին տարվա մոտավոր ծրագրերն է նշում` 100 մլն դրամի շրջանակներում: 
 
ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ
 
Իսկ ակնկալիքներն անհամեմատ մեծ են: Այդ առումով առավել շատ ասելիք ունի գյուղատնտեսության նախարարը: Նախնական շրջանում նախատեսվում է մշակել մոտ 3 հազար հեկտար հողատարածք: Իսկ ընդհանուր առմամբ` Հադրութի շրջանի հարավային մասում գյուղատնտեսական ծրագրերը շատ ավելի ընդգրկուն են: ՙՏեսանելի ապագայում` շուրջ 5 հազար հեկտար, որտեղ հնարավոր է ինքնահոս եղանակով ոռոգում ապահովել,- մանրամասնում է գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը:- Իսկ երբ հնարավոր լինի ոռոգման համակարգը համալրել նաեւ պոմպակայաններով, ջրարբի հողերը կարելի է հասցնել 8-9 հազար հեկտարի՚:
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ 
ԵՎ՝ ՈՉ ՄԻԱՅՆ
 
Նման հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար  ներուժը հենց տեղում է լինելու:  Ոլորտների պատասխանատուները խնդրի նախ տեխնիկական կողմի ապահովումն են կարեւորում: Գյուղատնտեսության նախարարն այստեղ նախատեսվող մեքենատրակտորային կայանի, արտադրական ենթակառուցվածքների նախարարը` ջրային տնտեսության մասնաճյուղն այդ տարածքում հիմնելու ծրագրերի մասին են խոսում: Այս կառույցները կկենտրոնացվեն մեկ տեղում: Աշխատանքային խմբի կազմում Հադրութ էր մեկնել նաեւ քաղաքաշինության նախարարը: Կարեն Շահրամանյանի առաքելությունը նախատեսվող կառույցների տեղակայման վայրը  հստակեցնելն էր: Այդ նպատակով տեղ է ընտրվել հենց ջրանցքի հարեւանությամբ: Քաղաքաշինության նախարարի խոսքերով, ընտրության հարցում նշանակալի դեր է ունեցել այդ տարածքի շրջակայքում ենթակառուցվածքների, առաջին հերթին` ճանապարհների, խմելու ջրի եւ էլեկտրականության առկայությունը: Խմելու ջրի հարցը կարող է համեմատաբար հեշտ կարգավորվել: Սակայն մոտակայքում գտնվող էլեկտրալարերին միանալն արտադրական ենթակառուցվածքների նախարարը լավագույն ելքը չի համարում: Դա կլինի էժան, բայց անկայուն, եւ, որ կարեւորն է` ժամանակավոր լուծում: Այլընտրանքը մոտակա բնակավայրերից մեկից նոր էլեկտրագիծ անցկացնելը կլինի: Տարբերակները դեռ կքննարկվեն: Ամեն դեպքում` այս տարածքների հետ կապված ոչ թե ժամանակավոր, այլ երկարաժամկետ ծրագրեր են կազմվում: Այս հողերը պետք է նաեւ հենց այստեղ բնակվողները շենացնեն: Որպես սկիզբ` բնակության պայմանների ապահովում տեխնիկական պարկն  սպասարկող անձնակազմի համար։  
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ