ՙԱՐՑԱԽ ՀԷԿ՚-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

11 տարի առաջ, երբ հիմնադրվեց ՙԱրցախ ՀԷԿ՚ ընկերությունը, շատերի համար հայտարարված ծրագրերն ավելի շատ երազանքների ոլորտից էին թվում:

Թիկունքում մնացած ավելի քան մեկ տասնամյակը ոչ թե հուշում, այլ ակնառու ցույց է տալիս, որ ընկերությունը ոչ միայն հասել է հայտարարված նպատակներին, այլեւ որոշ դեպքերում անգամ գերազանցել դրանք՝ հիմք նախապատրաստելով հաջորդ տասնամյակի ոչ պակաս հավակնոտ ծրագրերի համար: Թե ինչ հնարավորություներով մեկնարկը տրվեց եւ ինչ ծրագրեր կան առաջիկա տարիների համար՝ պատմել է ՙԱրցախ ՀԷԿ՚-ի արտադրական վարչության պետ Սլավա Գաբրիելյանը, ով Արցախի էներգետիկ ոլորտի անկյունադարձային իրադարձությունների ոչ թե պարզապես ականատեսն է, այլեւ մասնակիցը: 

-ՙԱրցախՀԷԿ՚-ն իր ընթացքը 11 տարի առաջ սկսեց: Հիշենք` ի՞նչ հնարավորություններով եւ ի՞նչ ծավալներով:

-Ընկերությունը հիմնադրվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` որպես ՙԱրցախ ՀԷԿ՚ ՓԲԸ, որի բաժնետոմսերի 100% սեփականատերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էր:        Հիմնադրման պահին ընկերությունը էլեկտրաէներգիա էր արտադրում Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՙՍարսանգ՚ ՀԷԿ-ի միջոցով, որի դրվածքային հզորությունն է 50մՎտ ու 2007թ. արտադրել է 90,5մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, այն այդ տարի կազմում էր 225 մլն կՎտ ժամ. ներքին սպառման 40%-ը: 2008թ. մայիսի  13-ին ԼՂՀ կառավարության որոշմամբ  ընկերությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: Կապիտալի համալրման նպատակով 2009-2011 թվականներին իրականացվել է սովորական բաժնետոմսերի երեք հրապարակային տեղաբաշխում: Այսօրվա դրությամբ աշխարհի տարբեր երկրներից ունենք ավելի քան 1200  բաժնետեր:

-Այժմ, թեկուզ համեմատելու համար, մի քանի ցուցանիշներ ներկայացնենք, որոնք 11 տարի անց ունեցած հնարավորություններն են բնութագրում: Արտադրության ծավալներ, աշխատողների թիվ:

-Որպես առաջին փուլ 2010-2015թթ. կառուցվել ու շահագործման են հանձնվել 5 փոքր հէկեր՝ Թրղի1,2,3-ը եւ Մատաղիս 1,2: ՙՍարսանգ՚ ՀԷԿ-ի  հետ միասին այդ կայանների միջին տարեկան արտադրանքը նախատեսնվում էր 190մլն կՎտ ժամ: Որպես 2-րդ փուլ 2016թ. սկսվել ու այս տարվա հոկտեմբեր ամսին շահագործման են հանձնվել Լեւ-1 ու Թրղի -4 փոքր հէկերը: Սկսած 2019 թվականից մեր ընկերության կայաններում տարեկան կարտադրվի ավելի քան 210 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նոր կայանների գործարկումով նաեւ լրացուցիչ աշխատատեղեր են բացվել: Եթե ընկերության ստեղծման պահին աշխատողների թիվը կազմում էր 100 հոգի 83 հազ. դրամ միջին աշխատավարձով, այսօր աշխատողների թիվը հասնում է  223-ի, միջինը՝ 225 հազ. դրամ աշխատավարձով:

-Արցախում հէկ-եր ունեն նաեւ այլ ընկերություններ: Ընդհանուր առմամբ, մոտ երկու տասնյակ հէկեր կան հանրապետությունում: Դրանցից քանիսն են ՙԱրցախՀԷԿ՚-ին պատկանում եւ այդ հնարավորություններով Արցախում արտադրվող էլեկտրաէներգիայի որ մասն է ապահովում ՙԱրցախ ՀԷԿ՚-ը:

-Այսօրվա դրությամբ հանրապետությունում գործում են 22 հիդրոէլեկտրակայաններ 116,3 մՎտ դրվածքային հզորությամբ, որից  8-ը` ընդհանուր 79,5 մՎտ դրվածքային հզորությամբ, պատկանում են ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ-ին: Ընկերության կայաններում 2016-2017թթ. համապատասխանաբար արտադրվել է հանրապետությունում  սպառած էլեկտրաէներգիայի ներքին սպառման ծավալի 64%-ը  եւ 52%-ը: 2018-ի 10 ամիսների կտրվածքով մեզ մոտ արտադրվել է 154,5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որը մեր հանրապետության ներքին սպառման ավելի քան 52%-ն է:

-Հնարավորություններն ընդլայնելու ի՞նչ ծրագրեր կան: Առաջիկա տարիներին նորություններ կլինե՞ն:

-Տնօրենների խորհրդի նոյեմբերի 14-ին կայացած նիստում որոշվել է Շահումյանի շրջանում սկսել 5,0 մՎտ դրվածքային հզորությամբ 21,6 մլն կՎտ տարեկան արտադրանքի հնարավորությամբ ՙՔարվաճառ՚ փոքր հէկի շինարարությունը: 

-Եվ այդքանով Արցախի էներգետիկ հնարավորությունները սպառվա՞ծ եք համարում: Թե՞ ապագայի համար էլ անելիքներ մնում են:

-Այստեղ կարող եմ նշել, որ մեծ հետաքրքրություն են ներկայացնում ՙՍարսանգ՚ ՀԷԿ-ից մինչեւ Մատաղիսի ջրամբար ընկած հատվածում Թարթառ գետի վրա տարեկան ընդհանուր մոտավորապես  200մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությամբ  3-4 փոքր հեկերը: Շահումյանի շրջանում Թարթառի գետավազանի ջրային էներգիայի պոտենցիալը նախնական գնահատվել է 78,71 մՎտ դրվածքային հզորությամբ, տարեկան ավելի քան 400մլն կՎտ ժամ արտադրանքի հնարավորությամբ 26 հիդրոէլեկտրակայանների շինարարության հնարավորություն: Դրանց  մի մասն արդեն շահագործվում են, որոշ կայանների շինարարությունն ընթանում է, մեծ մասը դեռ չի կառուցվել: Կան նոր հէկերի շինարարության հնարավորություններ նաեւ մնացած գետերի վրա:

-Մի փոքր էլ բապահպանական խնդիրների մասին խոսենք: Հիդրոէներգետիկան ինքը կանաչ էներգիա հասկացության մեջ տեղավորվում է: Արդյո՞ք Արցախում հէկերի նման ակտիվ շինարարությունը բնապահպանական խնդիրներ չի առաջացնում: Կա՞ն հետազոտություններ, ուսումնասիրություններ, որոնք դա հաստատում են:

-Հավանական է ինչ-որ խնդիրներ որոշ տեղեր առաջանում են, քանի որ ավելի են խստացել պահանջները, եթե չեմ սխալվում Բնապահպանության նախարարությունն ուսումնասիրություններ է իրականացնում այդ ուղղությամբ: Այդ  հարցին ավելի կոնկրետ ու սպառիչ կարող են պատասխանել տվյալ նախարարության ներկայացուցիչները:

-Վերջին շրջանում բավական ակտիվ քննարկվում է Արցախում արեւային էներգիան օգտագործելու հեռանկարը: Անգամ առանձին փորձեր կան: ՙԱրցախ ՀԷԿ՚-ն իրեն պատկերացնու՞մ է այդ ոլորտում: Կամ գու՞ցե այլ ուղղություններ կան:

-Մեր ընկերությունում այդ ուղղությամբ վերջին 2 տարիներին նախնական քննարկումներ եղել են, քանի որ առանձին ներդրողների կողմից կար որոշակի հետաքրքրություն: Տնօրենների խորհրդի նոյեմբերի 14-ին կայացած նիստում որոշվել է սկսել արեւային էներգիայի օգտագործմամբ 1 մՎտ հզորության փորձնական կայանի շինարարությունը:

 

   Հարցազրույցը՝ Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ