[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԴԵՐՁԱԿՆԵՐ

100-ից ավելի նոր աշխատատեղ արդեն իսկ կա: Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունը աշխատակիցներ է հրավիրում եւ հորդորում՝ պարտադիր է միայն երկու պայման՝ լինել 18 տարեկանից բարձր եւ ունենալ աշխատելու ցանկություն: Ուսուցումն ու վերապատրաստումը տեղում են կազմակերպվելու՝ ընկերության արդեն փորձառու վարպետների կողմից:

 Իտալական որակով ու արցախյան ջերմությամբ՝ Ստեփանակերտում արդեն 5 տարի հագուստ է արտադրվում: ՙԳրեյթ Փարթներս՚-ը Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող հինգ կազմակերպություններից մեկն է: Հագուստ է կարում իտալական ճանաչված ընկերությունների պատվերով: Արտադրական գործընթացն արդեն հաստատուն հիմքերի վրա է դրվել: ՙԱյս պահին չորս լիարժեք հոսքագիծ է աշխատում: Նաեւ նոր աշխատակիցների կարիք ունենք: Նորեկների հավաքագրումն արդեն ընթացքի մեջ է՚,-պատմում եւ ցույց է տալիս ՙԳրեյթ Փարթներս՚ ՓԲԸ գլխավոր տեխնոլոգ Աննա Ղուկասյանը:

Լիարժեք աշխատող չորս հոսքագծում շուրջ 230 դերձակ է աշխատում՝ մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձով: Ընկերությունում սա 5-ամյա աշխատանքի ամենամեծ արդյունքն են համարում: ՙԱշխատողների տարիքն սկսվում է 18-ից եւ հասնում ու անցնում 60-ը: Սակայն վստահ կարող ենք ասել, որ ճնշող մեծամասնությունը երիտասարդներն են: Եթե նախկինում ավելի քիչ էին դիմում, ապա տարիների հետ այդ մոտեցումը փոխվում է,- դինամիկան է ներկայացնում ընկերության աշխատակազմի ղեկավար Նելլի Բաղդասարյանը:- Եվ դա մեզ ուրախացնում է, քանի որ նոր աշխատակիցների կարիք ունենք՚:
Ուսուցումը 1-3 ամիս է: Դրանից հետո աշխատանքն է ընդհանուր հոսքագծում: Որ դա հնարավոր է՝ Աննա Ղուկասյանն իր փորձով է ապացուցել. 4 տարի առաջ սկսնակ դերձակ էր, այսօր՝ ընկերության արտադրանքի որակի գլխավոր պատասխանատուներից մեկն է: ՙՄենք այսօր հոսքագծում դերձակներ ունենք, որոնք մասնագիտությամբ կենսաբան են, լեզվաբան: Ես ինքս էլ մասնագիտությամբ մաթեմատիկ եմ,- ժպիտը չի թաքցնում ՙԳրեյթ Փարթներս՚ ՓԲԸ գլխավոր տեխնոլոգ Աննա Ղուկասյանը:- 4 տարի առաջ եկա եւ այստեղ սկսեցի կարել սովորել: Ստացվեց՚: Աննան ընկերության շատ աշխատակիցների պես արդեն նաեւ իտալերենին է տիրապետում: Դա էլ՝ իտալացի գործընկերների հետ մշտական շփման արդյունքն է: Արտադրանքի որակի վերահսկողության խնդրով նաեւ իտալացի մասնագետներն են զբաղվում: Գոհ են: ՙ2018-ի ապրիլից եմ Արցախում: Որպես արտադրության որակի պատասխանատու եմ աշխատում: Որակի մասին կարող եմ ասել, որ այն չի զիջում եվրոպականին: Անցած տարիների ընթացքում այս ընկերությունը հասցրել է բարի համբավ ձեռք բերել՚,- վստահեցնում է իտալացի ներկայացուցիչը:
Բարի համբավն արտադրանքի հետ եվրոպական շուկաներ է հասնում: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է: Արցախյան բաճկոնների գինը եվրոպական շուկայում տատանվում է 350-400 եվրոյի միջակայքում:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ