[ARM]     [RUS]     [ENG]

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՆԱ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

2018թ. դեկտեմբերին լրացավ ԱՀ պետնախարար Գրիգորի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ պաշտոնավարման 

կես տարին: Այդ կապակցությամբ նրան հրավիրեցինք հարցազրույցի:

 - Պարոն Մարտիրոսյան, Դուք ընդունե՞լ եք Ձեզանից առաջ Արայիկ Հարությունյանի ղեկավարած կառավարության ռազմավարությունն ու քաղաքականությունը, թե՞ երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ Ձեր տեսլականով ու նախաձեռնություններով եք առաջնորդվում։

- Կառավարության ղեկավարը ԱՀ նախագահն է, և ինչպես ես, այնպես էլ կառավարությունն, ընդհանուր առմամբ, առաջնորդվում ենք Նախագահի ծրագրով և այլ փաստաթղթերով ընդունված քաղաքականությամբ։ Բնականաբար, ես իմ անելիքներն ունեմ այդ քաղաքականության մեջ և, կարծում եմ, կառավարության աշխատանքը պահանջում է բոլորիս` պետնախարարի, կառավարության անդամների ներդրումը։
- Իսկ ինչպիսի՞ն են Արցախի տնտեսության զարգացման վերաբերյալ Ձեր պատկերացումները, ծրագրերը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Դուք` դրանք իրականություն դարձնելու և Արցախի բարեկեցիկ ապագան մոտեցնելու համար։ Կա՞ն նախադրյալներ դրա համար:
-Կառավարությունը բազմիցս հայտարարել է այն ոլորտային ուղղությունները, որոնք գերակա է համարում և որոնց նկատմամբ առավել ուշադիր է։ Կողմ եմ այն մոտեցմանը, որ տնտեսությունը պետք է զարգանա տարբեր ուղղություններով, դիվերսիֆիկացվի` միաժամանակ ապահովելով մի քանի հարցի լուծում. միկրոբիզնեսի զարգացման, նոր արտադրությունների, ձեռնարկությունների միջոցով անհրաժեշտ է լուծել զբաղվածության, հետևաբար նաև` սոցիալական, բյուջետային մուտքերի ձևավորման և բազմաթիվ այլ հարցեր:
Անշուշտ, այս տարիների ընթացքում նախադրյալներ ստեղծվել են հետագա զարգացումն ապահովելու համար: Չեմ կարող համաձայնել այն տեսակետի հետ, որ ՓՄՁ ոլորտում ծրագրերն անհաջողություն են ունեցել, քանի որ կան զարգացում ապահոված ընկերություններ: Փոքր և միջին բիզնեսում զբաղվածների մասնաբաժինը աճում է անընդհատ։ Իհարկե, դա շարունակվող գործընթաց է, որը կանգ չի առնում: Ընդհանուր առմամբ, ոլորտն ունի և՜ ձեռքբերումներ, և՜ անհաջողություններ։ Այստեղ մենք բոլորս պետք է հիշենք, որ ձեռնարկատիրությունը, այդ թվում և փոքր ու միջին, պետք է կարողանա դիմակայել մրցակցությանը, ենթարկվել շուկայական կանոններին, պահանջներին, իսկ պետական աջակցությունը պետք է լինի ընդամենը սկզբնական փուլում: Իրականում, եթե պետությունը շատ է ներգրավվում այդ աջակցության մեջ, բիզնեսի զարգացումը նվազում է, քանի որ տնտեսվարողները հույսը դնում են պետության վրա, ինչը, բնականաբար, ճիշտ չէ: Քանի որ մենք հայտարարել ենք, որ միկրոբիզնեսը զբաղվածության տեսանկյունից շատ կարևոր է` որպես կարևոր նորամուծություն, աջակցության նոր ուղղություն, այն ազատել ենք հարկերից` թողնելով ընդամենը խորհրդանշական չափի գումար: Կարծում ենք` դա լավ առաջարկ է, և բնակչության մի մեծ հատված կարող է իր ուժերը փորձել ձեռնարկատիրության մեջ։
- Շատ է խոսվել այն մասին, որ տնտեսության զարգացման մեջ շեշտը դրվում է վերամշակող արտադրությունների` հատկապես գյուղմթերքի, զարգացման վրա, բայց գիտենք, որ ոլորտում զբաղված ձեռնարկատերերը խնդիրներ ունեն իրացման, նոր շուկաների ներգրավման հետ:
- Վերամշակող կազմակերպությունները մի քանի տեսակի խնդիրներ ունեն։ Դրանց մի մասը կապված է իրացման հետ, մի մասն, ընդհակառակը, անհրաժեշտ ծավալներ կամ որակ չի կարողանում ստանալ: Աշխարհի կամ տարածաշրջանի խոշոր շուկաներում, հատկապես՝ զարգացած երկրներում, գործում են որակի բարձր չափանիշներ, սպառողների պահանջները մեծ են, որոնց, ցավոք, տեղական արտադրողները չեն կարողանում համապատասխանություն ապահովել: Բացի այդ, նման շուկաներն արտադրանքի մեծ քանակի պահանջ ունեն, որը ևս դժվարությամբ է ապահովվում։ Մենք պետք է ավելացնենք հումքի ծավալները, ինչը վերամշակողներին հնարավորություն կտա նույնպես ծավալների աճ ապահովել: Արցախյան մթերքը տարբերվում է իր համային հատկություններով, էկոլոգիապես մաքուր է, այդ հատկանիշները արտադրողները պետք է կարողանան վերածել մրցակցային առավելությունների. էկոլոգիական արտադրանքը շատ պահանջված է, և մենք կարող ենք հետաքրքիր առաջարկ ներկայացնել։
- Շատ է խոսվում պետական համակարգի ուռճացվածության մասին: Կառավարությունը խնդիր չի՞ դնում մասնավոր հատվածի զարգացման միջոցով այն բեռնաթափել կամ որ ավելի ընդունված է ասել` օպտիմալացնել։
- Իրականում նման խնդիր գոյություն ունի: Այն բարդ և լուծման երկար ժամանակ պահանջող խնդիր է։ Կտրուկ քայլերի գնալ կամ հապճեպ որոշումներ կայացնել չենք կարող, քանի որ կառավարման համակարգում նման մոտեցումը սոցիալական ցնցումներ կառաջացնի։ Մի քանի սերունդ իրեն ուղղակի չի կարող գտնել մասնավոր հատվածում տարբեր պատճառներով՝ այդ թվում տարիքի ու կրթության։ Աշխատանքային ռեսուրսները պետք է ճիշտ բաշխվեն, և կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Դրանցից մեկը ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի բացումն է: Առաջիկայում նմանատիպ մի ուսումնարան ևս կբացվի Արցախում։ Աշխատանքի շուկա մտնող նոր սերունդը պետք է մասնագիտական ճիշտ կողմնորոշում ունենա։
-Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ փոխել կառավարման համակարգում, որպեսզի Արցախի զարգացումն ավելի ինտենսիվ, իսկ աշխատանքը՝ արդյունավետ լինի։
- Կառավարման համակարգում, ընդհանուր առմամբ, երեք կարևոր ուղղություն եմ տեսնում. առաջինը արդյունավետության ապահովումն է։ Յուրաքանչյուր ներդրում պետք է համապատասխան արդյունք տա։ Դա վերաբերում է ոչ միայն ֆինանսական ներդրումներին, այլև ժամանակին, աշխատանքին և այլն։ Սա պետական կառավարման մեջ թիվ մեկ խնդիրն է:
Եվ կարևոր է, որ յուրաքանչյուր օղակ ժամանակ առ ժամանակ հաշվետվություն տա` արդարացվե՞լ են, արդյոք, ներդրված ռեսուրսները, համաչա՞փ են դրանք ստացված արդյունքին։ Ուզում եմ առանձնացնել բյուջետային միջոցների արդյունավետությունը, քանի որ դրանք հանրային միջոցներ են, իսկ մենք պարտավոր ենք այդ միջոցներով ապահովել առավելագույն արդյունք։ Երկրորդն էլեկտրոնային կառավարման ընդլայնումն է, կապի միջոցները: Տեխնոլոգիաները, տեղեկատվական բազաների ձևավորումը տնտեսում են ժամանակը` ազդելով աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա: Երրորդ, որը նույնպես կարևոր է ու հանրության պահանջ` կառավարչական մարմինների թափանցիկ աշխատանքն է։ Հրապարակային աշխատանք պետք է իրականացնել բոլոր օղակներում, որպեսզի հանրությունը ոչ միայն տեսնի ու գնահատի արդյունքը, այլև տեղեկացված լինի ամբողջ պրոցեսի մասին։
- Դուք բավականին ակտիվ եք ֆեյսբուքյան տարածքում։ Դա կապվա՞ծ է Ձեր կողմից նշված` հրապարակայնություն ապահովելու համոզման հետ: Անձա՞մբ եք զբաղվում Ձեր էջի հրապարակումների թարմացմամբ, և հասցնո՞ւմ եք հետևել այնտեղ Ձեզ ուղղված բոլոր հարցերին։
- Ֆեյսբուքը լուրջ տեղեկատվական հարթակ է այսօրվա դրությամբ, այդ հանգամանքն անտեսել չի կարելի, և պետական համակարգը չի կարող դուրս մնալ այդ դաշտից։ Հակառակ դեպքում կստացվի, որ չի տիրապետում լուրջ տեղեկատվական հոսքերին։ Ես աշխատում եմ անձամբ զբաղվել, ինչը միշտ չէ, որ հաջողվում է: Իմ թիմը սիրով օգնում է այդ հարցում։ Ամիսներ առաջ հանրությանը տեղեկացրել էինք, որ ֆեյսբուքյան իմ էջին նույնպես կարող են դիմումներ կամ պաշտոնական գրություններ ուղարկել, և այնտեղ կատարված գրառումները, որոշակի ֆորմալ պայմանների պահպանման դեպքում, ընդունելի կլինեն, կմուտքագրվեն գործավարություն և կընթացքավորվեն։