[ARM]     [RUS]     [ENG]

ՁԳՏԵՆՔ ՊԱՀԵԼ ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ

Օրըստօրե նյութականացվող աշխարհը թեքվում է դեպի արագ հարստացման նկրտումներին` հաշվի չառնելով որակական, առողջական խնդիրները:

Քչերն են ձգտում հավատարիմ մնալ ավանդական արժեհամակարգի չափանիշներին: Երիտասարդները գուցե այդքան էլ լավ չպատկերացնեն ասածս, բայց ավագ ու միջին սերունդը կարոտով է հիշում այն ժամանակները, երբ սնունդն առողջական վտանգ չէր պարունակում, զերծ էր քիմիական հավելումներից: Եվ երբ հանդիպում ես որակով արտադրանքի, ուրախանում ես ոչ միայն լավ ապրանք գնելու համար, այլ նաև այն բանի, որ, գուցե քիչ, բայց միշտ գտնվում են արժեհամակարգը գնահատող ձեռներեցներ: 

Ասենք, որ հուրախություն շատ-շատերիս, այսօր Ազատության հրապարակի շրջակայքում գտնվող շուկայում գործում է արցախյան ավանդական փուռ (ցախով թոնիր), որի արտադրանքը հիմնված է ավանդական թթխմորի օգտագործման վրա:
Բարյացակամ և ժպտերես Սասունը, ով գրեթե միշտ անձամբ է սպասարկում հաճախորդներին, տերն է ՙՍասուն Հակոբջանյան՚ ԱՁ-ի. ապրիլին կբոլորի նրա մեկ տարվա գործունեությունը: 26-ամյա ձեռներեցն այդ գործում մի քանի տարվա փորձ ունենալուց հետո (օգնում էր եղբորը) որոշեց սեփական գործ հիմնել: Մտածեց մասնագիտանալ հրուշակեղենի արտադրությունում, ինչի համար մեկնեց Երևան, աշխատանքի մտավ նման մի արտադրամասում, ծանոթացավ նրբություններին ու վերադարձավ: Սակայն ինչ-որ բան այն չէր: Տարակուսանքի աղբյուրը տարաբնույթ խմորիչները, փխրեցուցիչները և այլ քիմիական նյութեր պարունակող բաղադրիչներն էին, որոնք պարտադիր են ապրանքային տեսք հաղորդելու համար: Իր ներսում ինչ-որ մի ուժ դիմադրում էր նման որոշում ընդունելուն: Այդ մտորումների ժամանակ հանկարծ ցանկություն առաջացավ մեկնել պապենական Սարուշեն գյուղ, որտեղ տատիկն էր ապրում, ով մեծ սիրահար էր ավանդական սովորույթների, ինքն էլ հացթուխի մեծ համբավ ուներ ու մեծ սիրով ավանդական ուտեստներ էր պատրաստում թոռնիկների համար: Պապենական տան այդ մթնոլորտը, ավանդական ուտեստների համ ու հոտը, թոնրահացի բուրմունքը, մանկության երջանիկ հիշողությունները հանգեցրել են հստակ որոշմանը՝ հիմնել ավանդական թթխմորով թոնրահացի արտադրություն:
Անշուշտ, սկիզբը դժվար էր, պատմում է Սասունը, չկար համապատասխան գումար, որպեսզի այսօրվա չափանիշներով կառուցվի թոնրատունը (ասենք, որ այն իսկապես ավելի շատ հիշեցնում է գյուղական թոնրատուն, սակայն մաքրությունն այն չափանիշին է հասնում, որ չես էլ նկատում տարբերությունը): Պետք էր գտնել ալյուր արտադրող այն ընկերությունը, որը կհամաձայներ ցորենի չտեսակավորելուն, քանի որ մտադրություն կար արտադրելու նաև սև հաց: Ի դեմս ՙԳառնի գրուպ՚ տեղական ընկերության` լուծվեց նաև այդ խնդիրը:
-Հացի համը շատ լավն էր, հատկապես՝ սևի, բայց ապրանքային տեսքը, անշուշտ, զիջում էր: Սկզբից գնացինք հարթված ճանապարհով՝ հացի վաճառքը վստահեցինք խանութներին: Շատ վատ էր վաճառվում, քանի որ զիջում էր ապրանքային տեսքով: Որոշեցի չբաժանել խանութներին: Սկսեցինք վաճառել տեղում: Սկզբից մի քիչ դանդաղ, հետո շատ արագ մեր հացի համբավը տարածվեց, և հասանք 100-տոկոսանոց սպառման: Անգամ որոշ ռեստորաններ սկսեցին պատվիրել որոշակի քանակով սև և սպիտակ հաց: Ունենք հաճախորդներ, որոնք 10 և ավելի հատով գնում են մեծամասամբ սև հաց և ուղարկում Երևանում ապրող հարազատներին: Մեկ հաճախորդ էլ անգամ Մոսկվա է ուղարկում, երբ ծանոթ մարդ է մեկնում: Ենթադրում եմ, որ շաքարախտով հիվանդների համար է: Ի դեպ, ասեմ, որ մի կերպ ենք հասցնում սպասարկել հաճախորդներին: Հաճախ էլ պատահում է, որ չենք կարողանում բավարարել հացի համար քաղաքի մյուս ծայրից եկածներին, ինչի համար շատ վատ եմ ինձ զգում,-ասում է Սասունը:
Հետագա ծրագրերի մասին էլ մտահոգ է Սասունը: Ելնելով պահանջարկից և արդարացված եկամտից, ցանկություն ունի ընդլայնվելու՝ ևս մեկ փուռ կառուցելու, եղածն էլ՝ բարելավելու: Այդ դեպքում կարող է ավելի շատ սև հաց թխել, որի պահանջարկը մեծ է:
Ի դեպ, որպես ականատես, ասեմ, որ զրույցի ժամանակ եկել էր շաքարախտով հիվանդ մի մարդ, որի համար՝ ըստ պայմանավորվածության, Սասունը սև հաց է պահում: Հետաքրքրվեցի այդ մարդու առողջականով: Պարզվեց, որ, իսկապես, ինչ սկսել է օգտագործել այդ սև հացը, առողջական որոշ առաջխաղացում է նկատել: Պետք էր տեսնել Սասունի լուսավորված դեմքը:
Անշուշտ, ներշնչվում ես տեսածով և հավատում, որ այս փորձություններով լի ժամանակաշրջանում ևս կարող ենք պահպանել մեր արժեհամակարգը:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ