[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների ոլորտային քննարկումները։ Մայիսի 21-ին տեղի ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահները՝ Արզիկ Մխիթարյանն ու Արամ Գրիգորյանը։ Քննարկումներին ներկա էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Նիստում բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությամբ առաջինը հանդես եկավ ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Նրա խոսքով՝ արտաքին քաղաքական գերատեսչության 2018թ. պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 783մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 681մլն դրամը, կամ նախատեսվածի 86,9 %-ը։ Կառավարության որոշմամբ արտգործնախարարությանը լրացուցիչ հատկացված գումարը կազմել է 54մլն 771 հազար դրամ, որից 33մլն 386 հազար դրամը արտասահմանյան պաշտոնական գործուղումների, իսկ 21մլն 385 հազար դրամը՝ պահուստային ֆոնդի համար էր։ Արտգործնախարարության համակարգում գործում են մշտական ներկայացուցչություններ, որոնց ծախսերը կազմել են 448մլն 362 հազար դրամ, ինչը գերատեսչության ընդհանուր ծախսերի 57,1 %-ն է։
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբսաշրջության նախարարության զբոսաշրջության ոլորտին 2018թ. հատկացված է եղել 25մլն դրամ, ինչն ուղղորդվել է մի շարք ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ մասնակցությանը Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին (1 մլն դրամ), հրատարակչական աշխատանք (2մլն), ուղեցույց-ցուցանակների տեղադրում և սպասարկում (1մլն), միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում Արցախի մասնակցության ապահովում, տարաբնույթ փառատոների և ճանաչողական այցերի կազմակերպում և այլն։ Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իրազեկեց նաև առաջիկայում Արցախում կայանալիք սպորտային մեծ միջոցառմանը վերաբերող կազմակերպական աշխատանքների մասին։
Նիստի մասնակիցները լսեցին նաև ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի և ՙԱրցախի հանրային հեռուստառադիո՚ ՓԲԸ ղեկավարների հաշվետվությունները՝ 2018թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ։
ՙԱզատ Արցախ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն, գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանի տեղեկացմամբ պաշտոնաթերթին հատկացվել է 86մլն 120,9 հազար դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 100 %։ Տարվա կտրվածքով 150 համար հայերեն և 51 համար ռուսերեն թերթ է տպագրվել՝ 82 հազար օրինակով։ Գովազդներից և հայտարարություններից ստացված եկամուտն ավելին է, քան բաժանորդագրությունից ստացածը։ Բազմաթիվ պետական հիմնարկներ, կրթօջախներ թերթ չեն ստանում, չեն բաժանորդագրվում, ինչն, անշուշտ, մտահոգիչ է, ասաց Նորեկ Գասպարյանը։
Արցախի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին պետբյուջեով հատկացված ծախսերը կազմել են 27մլն 960 հազար 600 դրամ, որից փաստացի ծախսվել է 25մլն 416 հազար 100 դրամը, կամ՝ 90,9 %-ը։ 
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2018 թվականին ԱՀ պետբյուջեով հատկացված՝ ՙՀեռուստատեսային և ռադիոծառայություններ՚ ֆինանսավորվող ծրագրով ընկերությանն է փոխանցվել 387մլն 344 հազար դրամ, կատարողականը՝ 100 % ։
Հաշվետվություն ներկայացնողները պատասխանեցին նաև պատգամավորների հարցերին։ Որոշ հարցերի առնչությամբ պարզաբանումներ արեց ԱԺ խոսնակը: