ԳԵՈՐԳԻ ԱՄԻՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի գիտատնտեսական ոլորտը ծանր կորուստ կրեց։ Կյանքի 89-րդ տարում վախճանվել է Արցախի գյուղատնտեսության երախտավոր, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ամիրի Հակոբյանը։
Ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 28-ին, Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղում։
1950-ին ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։
1950-1953թթ. աշխատել է Մարտունու շրջխորհրդի գործադիր կոմիտեի գյուղատնտեսության բաժնում` որպես գյուղատնտես։
1953-1954թթ. ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է ռազմական ուսումնարանն ու ստացել սպայի կոչում։
1955-1958թթ. աշխատել է Մարտունու կոմերիտշրջկոմում` որպես կազմակերպական բաժնի վարիչ։
1958-1962թթ. աշխատել է կուսակցության Մարտունու շրջկոմում` որպես հրահանգիչ։
1961թ. ավարտել է Ադրբեջանական ԽՍՀ գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական բաժինը։
1964թ. ավարտել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը։
1964-1965թթ. աշխատել է կուսակցության Մարտունու շրջկոմում` որպես պրոպագանդայի ու ագիտացիայի բաժնի վարիչ։
1968թ. ավարտել է Կրասնոդարի խաղողաբուծական ու պտղաբուծական զոնալ ինստիտուտի ասպիրանտուրան։
Նույն տարում կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի հրավերով վերադարձել է Ստեփանակերտ և նշանակվել զոնալ փորձակայանի բաժնի վարիչ։
1969թ. գործուղվել է Մարտունու թիվ 1 խաղողագործական սովխոզ՝ աշխատելու տնօրենի պաշտոնում։ Գ. Հակոբյանի ղեկավարած տնտեսությունը բարձր բերք ստանալու համար առաջին անգամ արժանացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի առաջին կարգի դիպլոմի, իսկ տնօրեն Հակոբյանը՝ արծաթե մեդալի։
1991թ. սովխոզը կրկին արժանացել է ԺՏՆՑ-ի երրորդ կարգի դիպլոմի, իսկ Հակոբյանը՝ բրոնզե մեդալի։
1974թ. անցել է գիտական աշխատանքի։ 1974-1991թթ. աշխատել է Ստեփանակերտի զոնալ փորձակայանում, որպես բաժնի վարիչ։ Այստեղ նրա ղեկավարությամբ Կուրապատկինոյի տեղամասոմ հիմնադրվել է 30 հեկտար խաղողի այգի նոր սիստեմով՝ երկկողմանի Կարդոնի, որը աչքի է ընկել իր բարձր որակով։ Այդ կապակցությամբ մարզի մասշտաբով հրավիրվել է գիտաարտադրական խորհրդակցություն։
Ստեղծել է սորտափորձարկման խաղողի այգի, որտեղ փորձարկվել են 60 սորտեր։
1992թ. հրավիրվել է Արցախի պետական համալսարան՝ աշխատելու գյուղատնտեսական ամբիոնի վարիչի պաշտոնում։
1969 թվականից գյուղատնտեսական գիտություների թեկնածու է։ Ավագ գիտաշխատողի դիպլոմ ստացել է 1977 թվականին։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին արժանացել է 1988թ.-ին, պրոֆեսոր է 1992թ.-ից։ Հակոբյանի ուսումնասիրությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հողերի քիմիական, ֆիզիկական հատկությունների, տեղում տարածված խնդողնի, բանանց, ռիկածիթելի սորտերի կլոնների (ճեղքումների) հայտնաբերմանը։ Նա կատարել է մի շարք գիտական հայտնագործություններ, որոնք ունեն գիտական ու պրակտիկ մեծ նշանակություն։
2009-2017թթ. աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում։
2017 թվականից աշխատում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում` որպես ռեկտորի օգնական։
2017 թվականի հոկտեմբերից զբաղեցրել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի՝ հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը։
Հեղինակ է 22 գիտական աշխատանքների։
Գեորգի Հակոբյանի՝ հայրենի տնտեսության մեծ երախտավորի, ազնիվ ու պարկեշտ մարդու, օրինակելի քաղաքացու և անխոնջ ու վաստակաշատ գիտնականի ուսանելի կերպարն ու հիշատակը միշտ վառ կմնան նրա գործընկերների, ուսանողների և երբևէ նրա հետ առնչված բոլոր մարդկանց սրտերում։
ԱՀ գյուղատնտեսության նախարարություն