ՁԿԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ ԽԱՉԵՆԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Վլադիմիր Դոլուխանյանն ահազանգ հնչեցրեց, որ Խաչենի ջրամբարում ձկների, հատկապես ծածանի զանգվածային անկման դեպք է արձանագրվել: Նրա կողմից արված կադրերը, որոնք կցված էին ահազանգին, շատերի ուշադրությունն են գրավել եւ խնդրին հասարակական հնչողություն տվել: Համապատասխան գերատեսչություններն էլ արձագանքել են` մասնագետներին դեպքի վայր ուղարկելով: Զարգացումները, սակայն, այսքանով չեն սահմանափակվել: Պատասխանատուներն արվածի մասին զեկուցել են եւ անելիքների վերաբերյալ հանձնարարականներ ստացել պետական նախարարից: Հոկտեմբերի 21-ին Գրիգորի Մարտիրոսյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության թեման հենց ձկների անկումն էր:
Ի՞նչ է կատարվել ձկների հետ, ի՞նչն է նրանց անկման պատճառը: Պատասխանի փնտրտուքով ահազանգը ստանալուն պես Խաչենի ջրամբար են մեկնել առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները: Խնդիր էր դրված մի կողմից ձկների անկման պատճառը բացահայտել, մյուս կողմից գնահատել` արդյո՞ք դա վտանգ է ներկայացնում նաեւ կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների, առավել եւս` մարդկանց համար: Երկու օր տեւած ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են պետական նախարարին: Դեպքի վայր մեկնած մասնագետները փորձանմուշներ են վերցրել ե՜ւ սատկած ձկներից, ե՜ւ ջրամբարի ջրից: Նմուշները միանգամից երկու լաբորատորիայում են հետազոտվել. Գյուղնախարարության մասնագետների տրամադրության տակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիան է, Առողջապահության նախարարության աշխատանքային խմբի տրամադրության տակ ու Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության լաբորատորիան: Վստահեցնում են, որ առնվազն ջրի մեջ ձկների համար վտանգավոր կամ արտառոց ոչինչ չեն հայտնաբերել: ՙՔլորիդները, նիտրատները, մնացորդային քլորը. ամեն ինչ նորմայի սահմաններում է: Ջրի բաղադրության մեջ վտանգավոր տարրեր չեն հայտնաբերվել՚,-երկօրյա հետազոտությւոնների արդյունքն է ներկայացրել Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը: Վարկածների թվում նաեւ վարակն է: Մասնագետները դա քիչ հավանական են համարում, բայց, ամեն դեպքում, վերջնական գնահատական տալ չեն շտապում. այս մասով վերջնական պատասխանը մանրէաբանական հետազոտությունը կտա, որի արդյունքները պատրաստ կլինեն մոտ օրերս: Կարծիք է հնչել, որ ձկների անկման պատճառը կարող է լինել թթվածնային քաղցը: Բնապահպանության եւ բնական ռեսուրսների փոխնախարար Գարի Գրիգորյանն էլ մատնացույց է արել փաստը, որ անկում արձանագրվել է կոնկրետ ձկնատեսակի շրջանում, այն էլ՝ որոշակի տարիքի միջակայքում: ՙՄոտ 9 հազար ձկան կորուստ ունենք: Հիմնական մասը, գրեթե առանց բացառության, կարաս տեսակի են: Հիմնականում՝ փոքր ձկներ են՚,- մանրամասնել է Գարի Գրիգորյանը: Թթվածնային քաղցի պատճառ կարող էր դառնալ ոռոգման նպատակով ջրամբարից ջուր վերցնելը:
Այս վարկածին համաձայն չէ գյուղատնտեսության նախարարը: Խորհրդակցությանը մասնակցող Ժիրայր Միրզոյանը հիշեցրել է, որ եղել են նաեւ դեպքեր, երբ ջրամբարում ջուրն այսօրվանից պակաս է եղել, բայց դա ձկան անկման չի հանգեցրել. ՙՆվազագույն շեմը երեք մետրն է: Եվ մենք գրեթե ամեն տարի հասնում ենք այդ մակարդակին, բայց որեւէ խնդիր չի արձանագրվում՚: Գյուղատնտեսության նախարարը հավանական վարկածների թվում պայթուցիկի կամ այլ միջոցների կիրառմամբ ձկան որսն է համարում: Թեման բնապահպանականից իրավական դաշտ է տեղափոխվում: Ոստիկանությունն առայժմ բացառում է պայթուցիկի կիրառումը: Հիմնավորումներ էլ կան այդ տարբերակը բացառելու համար. նախ՝ հետքեր չկան, հարեւան բնակավայրերում պայթյունի ձայն չեն լսել, մյուս կողմից էլ անկումը միայն կոնկրետ ձկնատեսակի շրջանում է գրանցվել: Պայթյունի դեպքում նման ընտրողական մոտեցումը դժվար է պատկերացնել: Ամեն դեպքում, իրավապահները հարցումները շարունակում են, մյուս կողմից էլ ձկան շուկան ուշադրության կենտրոնում պահելով. ի վերջո, եթե մեծ քանակի ձուկ են բռնել ու մանրաձուկն էլ թողել ջրամբարի ափին, ուրեմն այդ ձուկը ինչ-որ կերպ կփորձեն վաճառել:
Անկախ պատճառներից՝ ջրամբարի ափին հայտնված մեծ քանակությամբ ձուկն արդեն իսկ կարող էր վարակի աղբյուր դառնալ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը վստահեցրել է՝ քայլեր է ձեռնարկվել դա կանխարգելելու համար: Տեղամասը սպասարկող անասնաբուժական կայանի աշխատողների կողմից տարածքը մաքրվել ու ախտահանվել է: Հավաքված ձուկն էլ այրվել, ոչնչացվել է: Ձկների անկման նոր դեպքեր չեն գրանցվել:
Կարասի անկման դեպքեր, ի դեպ, ԱՊՀ տարբեր երկրներում պարբերաբար գրանցվում են: Դեպքերի մի մասում պատճառը բացահայտվում է՝ ջրամբարի աղտոտում, թթվածնային քաղց, ջրում վարակի առկայություն եւ այլն: Բայց դեպքերի մի մեծ մասում պատճառն այդպես էլ անհայտ է մնում: