ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԵՐԵՑԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ...
Վան ՆՈՎԻԿՈՎ
2016-ի Ապրիլյան պատերազմը վերափոխեց մարտակերտցի երիտասարդ Արամ Վերդյանի կյանքն ու նպատակները։
Անհատ ձեռներեց, գյուղատնտես Արամ Վերդյանն արժանացել է Հայաստանի ՙԵրիտասարդական մրցանակաբաշխություն -2019՚-ի մրցանակին՝ ՙերկրորդ տարին անընդմեջ ճանաչվելով ''Լավագույն երիտասարդ գյուղատնտես՚ անվանակարգի հաղթող։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երիտասարդական այս մրցանակաբաշխությունն անցկացվում է 11 անվանակարգերում` արժևորելով և խրախուսելով տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած և ամենատարբեր բնագավառներում նվաճումներ արձանագրած գործունյա երիտասարդներին։
-Գուցե ես դառնայի կյանքը սեփական շահերով թվագրող, անսկզբունք ու քաղաքական հարափոփոխ եղանակներին համընթաց ձեռնարկատեր, եթե իմ կյանքում չլիներ վերափոխման այդ շրջադարձային կետը,- ասում է նա:
Հողագորործությամբ զբաղվող Արամի դեպքում, տարվա ձեռքբերումները հանրագումարելուց բացի, մրցանակը նաև նպատակի ու գաղափարի ուղենիշ է.
-Այս մրցանակն իմը չէ՝ Դուշման Վարդաններինն է, Լեոնիդ Ազգալդյաններինը և, վերջապես, անձնվիրաբար պայքարող, հող չտվող ու պետությունն ամուր պահող անկախության սերնդինը` Ռոբերտ Աբաջյաններինն է...
-Դժվարությունները հաղթահարում եմ գաղափարով ու սկզբունքներով։ Թեկուզ փոքր ներդրումներով, պետության կառուցման իմ շարունակական գործունեությունը լի է նպատակներով ու համոզմունքներով։ Հայ տղամարդուն վայել են այդ դժվարությունների հաղթահարման կամքն ու ուժը։ Ես քայլ առ քայլ հաղթահարում եմ՝ դրանով ավելի ու ավելի կայանալով ու ամրանալով` որպես ագրոբիզնեսմեն և ագրոտնտեսագետ։ Հիշու՞մ եք, մի առիթով ասել էի. ՙԻսկ ի՞նչ եմ անում ես կյանքից առավել գնահատված այս հողում...՚։ Մեր բանակը գերմարդկային ճիգերով ապահովում է հարաբերական խաղաղությունը։ Միշտ մտածում եմ. եթե նայեմ սահմանապահ զինվորի և զոհվածների ծնողների աչքերին, ինչ եմ պատասխանելու։ Հողը միայն արյամբ պաշտպանելու համար նախատեսված ռեսուրս չէ։ Հողը պետք է պահել նաև քրտինքով։ Այդ է պատճառը, որ ծանր, երբեմն նաև ֆինանսապես ոչ նպատակահարմար աշխատանքով, քարերից ազատագրված՝ թեկուզ փոքրիկ հողակտորն անգամ՝ ինձ համար գոհության ևս մի առիթ է։
Ինքնաքննադատությունն ու ձգտումն առավելագույնին, Արամի էության ու կենսակերպի անբաժան ուղեկիցներն են։ Տարեմուտի խոհերն ու արած- չարածի հանրագումարը այս դիտանկյունից է ընդհանրացնում։
-Տարվա ընթացքում վաստակածս ընդամենը միջոց է հետագա գաղափարներիս իրագործման համար։ Մտածում եմ տնտեսությունս զարգացնելու գործում ներդնելու և ոչ թե ինձ ավելորդ ճոխություններ թույլատրելու մասին։ Չնայած տարին երաշտային ու անբարենպաստ էր, սակայն հողը առավելագույնն է հատուցել իր նկատմամբ հոգատար վերաբերմունքի դիմաց։ Համեմատաբար բարձր բերքատվություն եմ ապահովել։ Ճիշտ է, միշտ իմ առջև դրված նիշերն ավելին են, քան ստացածը, սակայն երբ հետևում ես երեխայի պես աճող հասկին ու ժողովում արդյունքը, գոհանում ես, որ կարողացար։ Թերևս նման է գրողի այն զգացումին, երբ հաջող գիրք է գրել, ավարտել։ Հաճելի է նաև, երբ երկրի ՀՆԱ-ում քո փոքրիկ ներդրումն ես բերում, նաև, որպես երիտասարդ, կարողանում ես ապահովել ապրուստդ ու բարձրացնել բարեկեցության աստիճանը։
ԱՄԱՆՈՐԻ նախաշեմին.
-Մարդս մարդով պիտի իրեն հարուստ զգա ...
Ինչպե՞ս կարելի է տեսնել մեր ծննդատների աշխույժ եռուզեռն ու տարեվերջյան ուրախությունդ, գոհությունդ չպայմանավորել նաև դրանով։ Ինչպես չուրախանալ, երբ հարազատդ ողջ-առողջ է կողքիդ։ Ժամանակակից տեխնոլոգիաներն էլ ստեղծել են հեռու բարեկամիդ ուրախությանն ու մտահոգությանը հաղորդակից լինելու հնարավորությունը։ Գյուղատնտեսական տարին էլ երբեք չի ավարտվում։ Աշնան սերմը դեռ նոր հողին պահ տված, գարնանացանին ենք նախապատրաստվում, և ոչ միայն։ Ուստի գործնականի դեպքում դժվար է խոսել հասցրած- չհասցրածի մասին։ Այս առումով, տարեմուտի խոհերիս առանցքում հիմնականում հարազատներիս ու շրջապատիս մարդկանց օգտակար լինելու գործա՞կցի դուրսբերումն է։
Հրաշք չէ, ինչ է...
Հիշում եմ դեպք, երբ կարկտաբեր ամպերը, կարծես իմ մտահոգություններին հաղորդակից, ինչ-որ խորհրդավոր ուժի ազդեցությամբ թեքվեցին ու գնացին լրիվ այլ ուղղությամբ։ Վստահ եմ, որ հողի նկատմամբ հոգատարությունը, Աստված և Մայր բնությունը հնարավորինս փոխհատուցելու են բարեհաճությամբ։
Երիտասարդությունն ինքնին լավատեսություն է։ Գործունյա մարդն ունի լավատես լինելու առիթներ...
Թող Ամանորն ու Սուրբ Ծնունդն ամենայն բարիքով մտնեն յուրաքանչյուրիս օջախ։ Բոլորն այս տոները նշեն միայն բարձր տրամադրությամբ ու լավ սպասումներով։ Եթե կան խնդիրներ, բացթողումներ, ապա պատճառների վերլուծությունն ու գալիք տարում տքնաջան աշխատանքով այդ բացերը լրացնելու վճռականությամբ լցվելը ևս լավատեսություն կարող են ներշնչել։ Ամանորյա սեղանն ու հյուրասիրությունն էլ՝ ճոխ, համեստ` ինչ տարբերություն, ընդամենն առիթ են համախմբելու ընտանիքը, հարազատներին, բարեկամներին, ուրախանալու և զգալու նրանց ներկայության ջերմությունը: