ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կառավարության քայլերը սկսել են տալ առաջին արդյունքները։ Այս մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 29-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նախարարը հայտարարել է, որ առաջին անգամ հարկային եկամուտներն ապահովվել են ոչ թե հանքարդյունաբերության, այլ առավելապես տնտեսության մյուս ճյուղերում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հաշվին, ինչն աննախադեպ է մեր երկրի համար։ Նախարարը սա համարում է կառավարության և հարկային մարմնի կողմից իրականացվող հետևողական աշխատանքի արդյունք։
Ներկայացնելով 2019 թվականի հաշվետվությունը, Ա. Հարությունյանը նշել է, որ 2019 թվականին հարկային եկամուտների և պետական տուրքի գծով բյուջե է մուտքագրվել 59 մլրդ 231 մլն դրամ՝ պլանավորված 58 մլրդ 794 մլն դրամի փոխարեն։ Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով մուտքերն աճել են 5 մլրդ 709 մլն դրամով, որից միայն 309 մլն դրամն է ապահովվել է ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ հաշվին։ Հավաքագրված հարկային եկամուտների և պետական տուրքի գումարների մոտ 79 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին։
ՀՀ-ից ստացված բյուջետային վարկը անցյալ տարի կազմել էր 57 մլրդ 847 մլն դրամ։
2019 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը, նախարարի իրազեկմամբ, կազմել են 113 մլրդ 330 մլն դրամ։ Ֆինանսական գերատեսչության ղեկավարը նշել է, որ տարին եզրափակել են առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման;
ՙՏարվա ընթացքում ոլորտում կատարված բարեփոխումների, այդ թվում և օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաջողվել է բարձրացնել Պետական բյուջեից իրականացվող ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունըՙ,-ասել է նախարարը, նշելով, որ
2019 այդ նպատակով մշակվել և Կառավարության ու Ազգային Ժողովի քննարկմանն են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների երկու փաթեթ։ Դրանցից առաջինով ներդրվել է հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգը, երկրորդով՝ կուտակային կենսաթոշակային համակարգը։
2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՙԳանձապետական համակարգի մասին՚ օրենքում իրականացված փոփոխությունները, համաձայն որոնց բոլոր այն պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվները, որոնք գտնվում են առևտրային բանկերում, տեղափոխվել են գանձապետական համակարգ։ ՙԴա թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել բյուջեն՚,-ասել է նա։
էլէկտրոնային համակարգի ներդրումը հարկային համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվող կարևոր քայլերից է համարվում և այն կշարունակվի նաև 2020 թվականին։
Համակարգի զարգացման գործում կառույցին մեծապես օժանդակում է համագործակցությունը հայաստանյան գործընկերների, այդ թվում ՝ Պետեկամուտների կոմիտեի ու ԿԲ հետ։
Ա. Հարությունյանը կարևոր է համարում հանրության հետ աշխատանքը, քանի որ, համոզված է հարկատու -հարկային մարմին փոխվստահության պայմաններում կարելի է կոտրել առկա կարծրատիպը, որ ՙհարկայինը՚ հսկողական, ստուգող կառույց է, որին ստիպված են տալ իրենց եկամուտների մի մասը։ Պարբերաբար կազմակերպված իրազեկման հանդիպումներն ու ուսուցողական սեմինարները նպատակաուղղված են եղել ինչպես այդ փոխհարաբերությունների կարգավորմանը, այնպես էլ հարկային դաշտում կատարված փոփոխություններիիրազեկմանը։
Ա. Հարությունյանը նշել է, որ կառույցի պատասխանատուների համար էական նշանակություն ունի համակարգի արդիականացումն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը է, ինչը հնարավորություն է տալիս մատուցել ավելի բարձրորակ ծառայություններ։
Նախարարն անդրադարձել է նաև 2020 թվականի պետական բյուջեի ցուցանիշներին ։
ՙԱյս տարվա բյուջեն ևս ունի սոցիալական ուղղվածություն և բոլոր այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել են 2020 թվականի պետբյուջեում, կրում են սոցիալական բնույթ՚,-ասել է նա, նշելով հունվարի 1-ից հանրապետությունում բարձրացված նվազագույն ամսական աշխատավարձի, կենսաթոշակների, որոշ մանկավարժների միջին ամսական հաշվարկային աշխատավարձերի մասին և այլն։
Առաջիկայում ևս ԱՀ Ֆինանսների նախարարությունը պատրաստվում է կատարելագործել հարկային օրենսդրությունը. աշխատանքներ կտարվեն Հարկային օրենսգրքի փոփոխությունների ուղղությամբ, որոնք կօժանդակեն ոլորտում առկա մի շարք թերությունների վերացմանը, այդ թվում և հարկային օրենսդրությունը պարբերաբար փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությանը։
Ա. Հարությունյանը նշել է, որ Ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումները միտված են հանրապետությունում հարկային դաշտի կատարելագործմանը և գործարար միջավայրի բարելավմանը։ Կատարված փոփոխությունների շարքում նա առանձնացրեց ՓՄՁ որոշ ուղղությունների համար գործող նոր հարկային արտոնությունները, հաշվետվութունների ներկայացման պարզեցված մեխանիզմները, եկամտահարկի՝ մեկ տոկոսի չափով նվազումը և այլն։ Լրագրողները, ներկայացնելով նաև հանրության տեսակետը, կարծիք հայտնեցին, որ այնուամենայնիվ, վերջինս բավականին բարձր է՝ եթե հաշվի առնենք արցախցիների մեծ մասի ցածր կենսամակարդակը և սոցիալական ռիսկերը։ Ա. Հարությունյանը ի պատասխան նշեց, որ աԱրցածխում սահմանված եկամտահարկը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ բարձր չէ։ Լրագրողներին հետաքրքիր էր նաև նախարարի տեսակետը ընտրությունների ներկա փուլում թեկնածուների նախընտրական խոստումների վերաբերալ. արդյո՞ք մեր բյուջեն նրանց նախընտրական խոստումները բավարարելու ռեսուրս ունի կամ կարող է ունենալ։ Ի պատասխան Ա. Հարությունյանը նշեց, որ թեկնածուների կողմից հնչեցրած երկու-երեք նախընտրական խոստում իրականացնելու համար չի բավարարի ներկայիս պետական բյուջեի ամբողջ ծախսային մասն անգամ և այդ խոստումները իրականությունից շատ հեռու են։
Հարկային ոլորտի օրենսդրության մեջ կատարվող պարբերական փոփոխություններն արդյո՞ք խնդիրներ չեն առաջացնում երկարաժամկետ ներդրողների համար և կարծիք չե՞ն ստեղծում Արցախի՝ ոչ կայուն հարկային դաշտ և բիզնես միջավայր ունեցող երկիր լինելու մասին։ Այս հարցին ի պատասխան Ա. Հարությունյանը նշել է, որ նման մտահոգություն կա, և այդ խնդիրները կլուծվեն Հարկային օրենսգրքի կատարելագործման արդյունքում։ Նա ասել է, որ նոր օրենսգիրքը կազմելու ժամանակ հաշվի են առնվելու բոլոր շահագրգիռ կողմերի՝ տնտեսական սուբյեկտների, հասարակական միավորումների, հարկային համակարգի դիտողություններն ու առաջարկները՝ կայուն, վստահելի հարակային դաշտ ձևավորելու միտումով։ ՙՍա, իհարկե, չի նշանակում, որ Հարկային նոր օրենսգրքի գործարկումից հետո փոփոխություններ ընդհանրապես չեն լինի, քանի որ հարկային համակարգը քարացած չէ, և այն զարգացման է ենթարկվում տնտեսության մյուս գործընթացներին զուգահեռ, պարզաբանել է նախարարը։ Հարկատուների շրջանում առկա դժգոհությունների մասով նախարարը նշեց, որ դրանք առավելապես պայմանավորված են լինում վերջիններիս կողմից հարկային պարտավորություններից խուսափելու և ստվերային գործընթացները վերհանելու՝ հարկային մարմնի միջոցառումներով և հաճախ արդարացված չեն լինում։ ՙՀարկային մարմնի և հարկատուի միջև վստահության մթնոլորտի ձևավորման խնդիր կա նաև և Ֆինանսների նախարարությունը անում է հնարավորը՝ այդ փոխհարաբերությունները ավելի բարձր մակարդակի բերելու համար՚,-եզրափակել է Ա. Հարությունյանը։