ԵՐԲ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ...
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Միշտ էլ հաճելի է զրուցել երիտասարդ գործարարների հետ։ Իսկ այն, որ 21-րդ դարը երիտասարդությանն է, ապացուցում են 22-ամյա Սամվելի նման երիտասարդները, ովքեր հայրենիքի շենացման գործում զգալի ներդրում են ունենում` միաժամանակ ստեղծելով սեփական բիզնեսը։
Սամվել Միրզախանյանն արմատներով Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքից է։ Ծնվել է ուսուցչի ընտանիքում, 4 երեխաներից ավագն է։ Տատը, ով մեր պատումի հերոսի կյանքում մեծ դերակատարություն է ունեցել, 20-րդ դարի լավագույն մանկավարժներից էր։ Դեռևս նախադպրոցական տարիներին Սամվելի մոտ զարգացրել է մաթեմատիկական տրամաբանությունն ու մտածողությունը: ՙԻնձ մաթեմատիկա է դասավանդել՚,-հիշում է Սամվելը և անկեղծանում, որ ամենաշատը տատիկի կողմից է 2 ստացել, շատ խստապահանջ էր, միշտ ավելին էր պահանջում։ 88-ամյա տատը դեռևս շարունակում է մատաղ սերնդի կրթության սրբազան գործը։ Երիտասարդին առաջին անգամ գումար վաստակել սովորեցրել է ՙաշխարհի ամենաաշխատասեր մարդը՚՝ պապը, ով զբաղվում է մեղվաբուծությամբ։ Հինգ տարեկան էր, երբ պապին օգնում էր մեղվաբուծության հարցերում, գտնում էր մեղվի ձագերին կամ կպցնում մոմաթերթերը, տանը տարբեր աշխատանքներ կատարում՝ վարձատրվելով կլորիկ գումարով։ Հպարտությամբ է խոսում հոր մասին, որն իր համար եղբայր էր։ Մասնակցել է արցախյան պատերազմին, ստացել երկրորդ կարգի հաշմանդամություն։ Հորից սովորել է լավատես լինել, ցանկացած իրավիճակում հույսը չկորցնել, միշտ հավատալ նպատակներին ու անվերջ պայքարելգգգ
Սամվելի մասնագիտական կողմնորոշումները տարբեր էին։ Չնայան ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից մեծ հաջողություններ է գրանցել, բայց գիտակցում էր, որ ամբողջ օրը խնդիրներ լուծելով կտրվում է հասարակությունից։ Անհրաժեշտ էր այնպիսի մասնագիտություն, որտեղ մարդկային գործոնն առաջնային է։ Եվ որոշեց դառնալ դիմածնոտային վիրաբույժ։
2016 թվականին մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին, վիրավորներին օգնություն ցուցաբերել՝ կիրառելով մասնագիտական գիտելիքները։
Դասերին զուգահեռ՝ Սամվելը Երևանում հաճախել է մարքեթինգի և բիզնեսի տարբեր թրեյնինգների, որոշել՝ ուժերը փորձել նաև գործարար միջավայրում՝ միաժամանակ ծավալելով այնպիսի գործունեություն, որով օգտակար կլինի հայրենի գյուղի զարգացմանը:
Առաջին անգամ ուժերը փորձել է գործարար ոլորտում՝ համատեղելով բժշկական գիտելիքները։ Համապատասխան մասնագետների հետ 6 ամիս տևած հետազոտությունների արդյունքում ստացան սննդի մի բանաձև, որն իր մեջ պարունակում էր մեղր, ընկուզեղեն, ընդեղենի հատիկներ։ Արտադրում է էկոլոգիապես մաքուր սնունդ, որի հումքը ձեռք է բերում Հաթերքից։ Արտադրանքը լուծում է գյուղացիների ինքնազբաղվածության հարցը, քանի որ մեղր, ընկույզ, պոպոկ, արևածաղկի սերմեր ու որոշ հատապտուղներ գնում են նաև այլ արտադրողներից, դրանով խրախուսում է մեղրի արտադրությունն ու բնակչությանը դրդում աշխատանքի։ Իսկ 2018 թվականին կայացած ժենգյալով հացի փառատոնին տեղացիներն ու զբոսաշրջիկները ճաշակեցին ՙՀաթերք ֆուդ՚-ի համը։
Սա մի նոր ուղղություն էր, որի մասին շատերը տեղյակ չէին, այդ պատճառով թերահավատություն կար, մանավանդ, որ Հաթերքը ներառված չէր տուրիստական երթուղիների ցանկում, և տասնյակ տարիներ զբոսաշրջիկներ չեն այցելել։ Բայց Սամվելին ոչինչ չի հուսահատեցնում։ Գիտեր, որ Արցախում ժենգյալով հացի փառատոն չի անցկացվում, ինչը ոչ միայն արցախյան այցեքարտն է, այլ նաև՝ մեր ոչ նյութական ժառանգությունը, որոշեց այն կարևորել ու արժևորել։ Տեղեկացանք, որ ժենգյալով հացի 3-րդ փառատոնը տեղի է ունենալու երկու օր՝ 2020 թվականի մայիսի 3-ին և 4-ին, որի շրջանակներում նախատեսվում է գիշերակացով ընդունել 300-400 զբոսաշրջիկի՝ գյուղի տներում, վրանային պայմաններում, ինչպես նաև՝ հենց իրենց հյուրատանը, ինչն իր հերթական ծրագիրն է։ Հյուրատունը բացել էր դեռևս 3 տարի առաջ: Բայց, քանի որ տուրիզմի զարգացման նման ձևը խորթ էր և բոլորից բացասական պատասխան ստացավ, փորձեց անձնական օրինակով ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա։
Աշխատասեր երիտասարդի հերթական ծրագիրը ծառատունկն էր, որի նպատակը հերոս հաթերքցիների հիշատակը հավերժացնելն էր, նաև՝ մատաղ սերնդի մեջ ազգային-հայրենասիրական ոգու բարձրացումը, բնության ու հողի հանդեպ հոգատարության արմատավորումը։
Ծննդավայրի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունի, որոնց մի մասն արդեն հստակեցվում է և շուտով կբարձրաձայնի։ Վստահ է, որ առաջիկայում Հաթերքը դառնալու է արցախյան էկոտուրիզմի բնօրրանը, հազարավոր զբոսաշրջիկների պատվով ներկայացնելու են գյուղի մշակույթը, խոհանոցն ու բնությունը։ Հպարտությամբ փաստում է՝ բնակիչները հասել են այն գիտակցության, որ հենց իրենցից է կախված համայնքի պատշաճ ներկայացումը: Հաջողվել է համախմբել ու զարգացնել այն մտածելակերպը, որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով պետք է անի առավելագույնը՝ գյուղի կյանքն ավելի բարեկեցիկ ու հետաքրքիր դարձնելու համար։
ՙԲժշկական մասնագիտության մեջ ուսումը երբեք չի ավարտվում, սովորում ենք ամբողջ կյանքում։ Սակայն ուր էլ լինեմ, բոլոր ծրագրերս կապված են Հաթերքի հետ, արմատներիցս հեռու գնալ չեմ կարող, իմ գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ ներդնելու եմ ծննդավայրիս շենացմանը, հզորացմանն ու ծաղկեցմանը, քանի որ սա աշխարհի այն փոքրիկ դրախտն է, որի մասին կարող ենք պատմել միշտ...՚։