Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՐՁԱԿ ՈՒ ՀԱՋՈՂՎԱԾ ԲԻԶՆԵՍԻ ՄԻ ՕՐԻՆԱԿ ՀԱԴՐՈՒԹԻՑ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Ջերմոցաշինության ու բանջարեղենի արտադրության մեջ Հադրութի շրջանում առաջատար ու հաջողակ գյուղատնտեսների համբավ ունեցող երիտասարդները` Շահեն Սարգսյանն ու Միքայել Քարամյանը, գյուղատնտեսությանն առնչվող որևէ մասնագիտություն չեն ստացել: Այսօր, սակայն, նրանց մշակած ջերմոցները շրջանում եզակի են` զբաղեցրած տարածքով ու արտադրած բերքի քանակով: Դեռ 2014-ին էին մտածում որևէ գործ սկսել: <<Բոլորն արտերով էին հիմնականում զբաղվում, մենք էլ, երկու ընկերով, որոշեցինք փակ գրունտում վարունգ ու պոմիդոր աճեցնել: Սկզբում սեփական բանջարանոցի մի փոքր հատված հատկացրինք` մոմլաթով ծածկված ջերմոց սարքեցինք։ Որոշակի փորձ ունեցող ջերմոցատերերի հետ էինք անընդհատ խորհրդակցում, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ նաև տարբեր երկրներում այս ոլորտի մասնագետների փորձին էինք հետևում, հատկապես օգտակար եղավ հոլանդացիների օրինակը. նրանք այս ոլորտում առաջատար են ողջ աշխարհում: Մեկ տարի անց ընտրեցինք այս տեղն ու վարձակալեցինք  տարածքը>>,- պատմում է Շահենը: Հետագայում ստեղծեցին <<Օջախ>> ՍՊԸ-ն, դիմեցին յուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին, դարձան պետական ծրագրի շահառուներ։ Այսօր արդեն պետությունն ընդառաջել է երիտասարդներին` ազատելով հողի հարկից:

<<Ռիսկը մեծ էր, իհարկե, սակայն համոզված էինք, որ գործն առաջ է գնալու: Ինչո՞ւ: Որովհետև հողն աշխատող ձեռք է սիրում, օրնիբուն աշխատող, դե իսկ մենք էլ էս գործը սիրում ենք: Բացի դրանից, հողի վրա փող պիտի ծախսես, որ ինքն էլ հետո քեզ փող բերի>>,- սեփական հաջողության գաղտնիքներն է բացահայտում Միքայելը։ Այսօր ավելի քան 2000 քմ տարածք զբաղեցնող ջերմոցատանը երիտասարդները կարողանում են  հազարից ավելի սածիլներ տեղադրել։ Ֆերմերները համոզված են, որ իրենց օրինակը կիրառելի է հանրապետության բոլոր համայնքներում ու նաև համոզված են, որ վաղուց ժամանակն է հաղթահարել ընկերային գործակցությամբ բիզնես հիմնելու հարցում մեր հայրենակիցների մոտ նկատվող մտավախությունը։ Կարևորը` նույն նպատակների ու դրանց հասնելու միջոցների ընդհանրությունն է` ասում է Շահենը։ Այսպես, երկար տարիների փորձությունը հաղթահարած ընկերությունը նաև շահավետ համատեղ աշխատանքի ու բիզնես ծրագրի իրականացման հիմք է դարձել:

<<Այժմ շատ են մեզ դիմում, խորհուրդ հարցնում, պրոֆեսիոնալների համբավ ունենք, այն էլ` ծանր քաշային կարգի>>,- կատակում է Շահենը։ Ջերմոցատունը գտնվում է Հադրութից շուրջ 7 կմ հեռավորության վրա։ Տեղը պատահականորեն չի ընտրվել, զրուցակիցներիս համոզմամբ, այստեղ և' արևային օրերի քանակն է շատ, և' կլիման է մեղմ, խիստ շոգերը չեն լինում, իսկ մնացածն էլ արդեն տեխնոլոգիաների հարց է: Ջեռուցման շրջանը տևում է 5 ամիս: Ջերմոցատանը, բացի հողի հետ աշխատանքից, ավտոմացված է ամեն ինչ, գործում է կաթիլային համակարգ, տարբեր տեղերում տեղադրված են ջերմաչափեր, առկա է նաև ժամանակակից օդափոխության համակարգ:

Գործի մեջ հմտացած ջերմոցատերերը հնարավորինս հրաժարվել են թունաքիմիկատներից, բնական հակամիջոցներ են օգտագործում միջատների, վնասատուների դեմ, փոշոտումն էլ մեղուների միջոցով է կատարվում։ Վնասատուների դեմ պայքարի մեկ այլ միջոց է ստերիլ գոմաղբի օգտագործումը։ Ջերմոցում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը ժամանակի և ջրի  խնայողությունն է ապահովում։ Ըստ ժամանակացույցի հողը պարարտացվում է` քիչ են օգտագործվում արհեստական պարարտանյութեր։ Ամեն տարի լաբորատոր փորձաքննության են հանձնում ջերմատան հողն ու ջուրը` հիվանդությունների զարգացումն ու այլ անցանկալի բարդությունները կանխելու, նաև հողի սնուցման ու պարարտացման գրաֆիկը հստակեցնելու համար:  Ջեռուցումն իրականացվում է  փայտով, սակայն` էկոեղանակով, ինչը հնարավորություն է տալիս ջերմոցատանը պահպանել անհրաժեշտ կայուն ջերմաստիճանը: Նորարարական եղանակով է իրականացվում նաև մշակաբույսերի փոշոտումը: <<Սածիլներ կան, որոնք հետագայում ինքնափոշոտվում են, սակայն գերակշիռ տեսակներին փոշոտող միջատներ են անհրաժեշտ: Ավանդական եղանակով ջերմոցներում փոշոտմանը նաեւ մարդ է մասնակցում: Մեզ համար ամենահարմար տարբերակը մեղուն է: Բայց մեր տեղական մեղուները քիչ են օգտակար: Այդ պատճառով մեղու ենք ներմուծում>>,-մանրամասնում է Շահենը: Մեղուների համար անհրաժեշտ փեթակները, որոնք տեղադրված են ջերմոցի տարբեր անկյուններում, նույնպես ներկրվել են Եվրոպայից:

Բերքի ամենաեռուն օրերին մեկ տասնյակի չափ աշխատողներ են ունենում երիտասարդ ձեռներեցները: Աշխատողներն արդեն գործի իսկական գիտակներ են, երրորդ տարին են աշխատում: <<Բերքից դժգոհ չենք, միայն թե  սերմը հողին տալուց հետո պիտի ջերմոցից դուրս չգաս: Հողը երեխայի պես է, սիրում է, որ միշտ իր հետ լինես: Շահույթ ստացել ենք հենց առաջին տարում: Առաջին տարին 800 խմ-ի վրա էինք աշխատել ու միայն 18 տոննա վարունգի բերք ենք ունեցել: Թե  ինչքան ենք անվճար բաժանել զորանոցներին, ծանոթ-բարեկամի, դա չենք հաշվում: Այստեղ հողը լավն է, մեկ քառակուսի մետրից հնարավոր է ստանալ մինչեւ 50 կգ լոլիկ եւ 60 կգ վարունգ։ Բերքի ամենալավ օրերին  400-500 կգ պոմիդոր ենք առաքում>>:

Տղաներն առաջին տարում  մեծ տեսականի չունեին. մեկ-երկու տեսակի լոլիկ, մեկ բիբար ու վարունգ: Այսօր արդեն ոչ առանց հպարտության են խոսում պոմիդորի յոթ, բիբարի հինգ ու վարունգի երեք տեսականիների մասին: Հետագայում նախատեսում են տեսականին էլ ավելի ընդարձակել։ Արտադրության հենց սկզբից բերքի իրացման խնդիրներ չեն ծագել, Հադրութի լոլիկի ու վարունգի համբավը տարածված է ողջ հանրապետությունում, քանի որ  երիտասարդ ֆերմերների արտադրած բանջարեղենը համային հատկանիշներով գրեթե չի տարբերվում բացօթյա մշակվող նույն գյուղմթերքից։ <<Որակը բարձր է, պահանջարկը` մեծ, չենք հասցնում, խանութ հասցնելու կես ճանապարհից են մթերքը գնում։ Մեր առջեւ խնդիր ենք դրել գոնե մեր շրջանի սպառողների պահանջարկը բավարարել, բայց առայժմ չի ստացվում: Նախորդ տարի նաև Ստեփանակերտ ենք առաքել մի փոքր խմբաքանակ, մինչև հիմա անընդհատ զանգում են, խնդրում, որ կրկին ուղարկենք>>,- պատմում են նրանք: Տեղում արտադրված բերքը նաև շրջանի մանկապարտեզներն են օգտագործում:

Ջերմոցում աճեցվող գյուղմթերքների առաքման ցանցն ընդլայնելու համար երիտասարդները նոր ծրագրեր են մշակում, ներդրումների դեպքում անմիջապես ձեռնամուխ կլինեն դրանց իրագործմանը։ Շահեն Սարգսյանը համոզված է, որ Արցախում ջերմոցային տնտեսությունները զարգացնելու մեծ հեռանկարներ կան, ինչին նաև բնակլիմայական պայմաններն են շատ նպաստում, սակայն նորարարական տեխնոլոգիաներով մշակվող գյուղմթերքների մեծ ծավալների մասին խոսելը դեռ վաղ է։ Վերջերս գյուղնախարարությունում են սկսել ծրագրեր մշակել ջերմոցատերերին աջակցելու համար, տղաները հույսով սպասում են:

Շահենն ու Միքայելը հասել են իրենց նպատակին, պետությունն էլ օգնության ձեռք է մեկնել` գյուղատնտեսական վարկի տոկոսների նկատելի մասը սուբսիդավորելով:

Երիտասարդ գործարարների հետ մեր զրույցի ընթացքում փորձում ենք նաև շրջանում գոյություն ունեցող խնդիրներին անդրադառնալ: <<Ինչի՞ց եք դժգոհ, ի՞նչը կցանկանայիք փոխել շրջանում>>  հարցերին ի պատասխան, Շահենը, ավելի շատ լուրջ, քան կատակով, նկատում է. <<Ծույլ ու բողոքական ուղեղները պիտի փոխվեն, երիտասարդը պիտի հասկանա, որ բողոքելն ու պետությանը մեղադրելն իր ապրելու ձևը դարձնելով, ոչնչի չի հասնի: Աշխատանք շատ կա, սակայն որոշներն ամեն ինչ տեղները նստած են ուզում ստանալ ու միանգամից>>: