ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՐԵՆԻ ՄԱՍՈՎ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Գյուղնախարար Ժ. Միրզոյանի մամուլի ասուլիսը
Ապրիլի 9-ին ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ. մամուլի ասուլիսը նվիրված էր պանդեմիայի պայմաններում գյուղոլորտի գործունեությանը, երևան եկած նոր մարտահրավերներին դիմակայելու՝ գերատեսչության քայլերին, մասնավորապես՝ պարենային ապահովությանը:
Ներկա իրողություններում առողջապահական խնդիրներին զուգահեռ աշխարհի առջև ծառացել է նաև սննդամթերքի ինքնաբավության հարցը և պետական կառավարման համակարգի գերակայություններից է դարձել նաև Արցախի համար: Այստեղ էլ հակաճգնաժամային քայլերի անհրաժեշտություն է առաջանալու, և դրանց մի մասը իրագործելու խնդիրը կոչված է կատարել գյուղատնտեսության նախարարությունը:
«Ակնհայտ է, որ համավարակը էապես վատթարացնելու է տնտեսական ու ֆինանսական բոլոր համակարգերը, և մենք ստիպված ենք լինելու մեր աշխատանքներում կատարել որոշակի վերանայումներ,- ասել է Ժիրայր Միրզոյանը:- Տևական ժամանակ լինելու է այդպես, քանի դեռ չեն վերացել համավարակն ու դրա հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամերը»:
Գյուղնախարարը նշել է, որ դեռևս 2018 թվականին, երբ ընդունվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, կառավարության գլխավոր նպատակներից մեկը եղել է պարենային ապահովության և անվտանգության հարցը: Պետական քաղաքականության համար այն դարձել է գերակայություն, և հայեցակարգից բխող գրեթե բոլոր ծրագրերը միտված են եղել առաջին հերթին պարենային ինքնաբավության խնդրի լուծմանը: Անցած երկու տարվա ընթացքում, ըստ Ժ. Միրզոյանի, հաջողվել է պարենային զամբյուղում հիմնական ապրանքատեսակների գծով հասնել ինքնաբավության, իսկ որոշ ապրանքատեսակների՝ մասնավորապես՝ ցորենի, յուղատու և ընդեղեն մշակաբույսերի, որոշ պտուղների մասով արտադրել 2 և ավելի անգամ, քան սպառվում է Արցախում:
Թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը, ինչպիսին կլինեն ֆինանսական ու տնտեսական հարաբերությունները, թերևս ոչ ոք ասել չի կարող, և նման պայմաններում Արցախը ստիպված է պարենային ինքնաբավության շեմը չդարձնել նշաձող, այլ ունեցած հողային ռեսուրսներն ու ամբողջ գյուղատնտեսական պոտենցիալն օգտագործել՝ առավել շատ արտադրանք ստանալու համար:
Ցանքս է իրականացվել ավելի քան 93 հազար հեկտարի վրա, և հացազգի մշակաբույսերից բացի, ցանվել են նաև այլ կուլտուրաներ՝ եգիպտացորեն, ոլոռ, հնդկաձավար, կտավատ, ընդ որում՝ ներքին պահանջները կրկնակի, եռակի անգամ գերազանցող չափով: Այս տարի բերքի տակ ունենք ավելի քան 71 հազար հեկտար աշնանացան ցորեն և գարի: Բանջարեղենի ցանքատարածքները նույնպես աճելու են, ունենալու ենք աննախադեպ քանակի գարնանացան. պլանավորվում է պետական աջակցության շնորհիվ ցանել մոտ 21 հազար հեկտար: Նախարարն ասել է նաև, որ օգտագործելու են ունեցած բոլոր ռեսուրսները՝ արտադրելու համար ավելի շատ գյուղատնտեսական մթերք:
«Արցախի համար այս ցուցանիշներն աննախադեպ են և, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, եթե հաջողվի զերծ մնալ բնակլիմայական աղետներից, կարծում եմ՝ մեծ հնարավորություն ենք ունենալու նույնիսկ ՀՀ արտահանել բազմաթիվ տարբեր մշակաբույսերի բերք»,- ասել է գյուղնախարարը:
Անասնաբուծական մթերքների արտադրությունն Արցախում նույնպես մոտ է ինքնաբավության մակարդակին:
Պարենային ապահովության հետ կապված, ոլորտի պատասխանատուն որևէ հիմք չի տեսնում և հավաստիացնում է, որ Արցախում առկա ռեսուրսներն ու հնարավորությունները լիովին բավարար են և ազգաբնակչության մոտ պիտի բացառվի պարենային ապահովության հետ կապված խուճապային տրամադրության ցանկացած դրսևորում: Չափից մեծ գնումներ կատարելու և սննդամթերք կուտակելու որևէ առիթ, նրա հավաստիացմամբ, չկա:
Նախարարը որոշ ապրանքատեսակների մասով շուկայում գրանցված գնաճը համարում է չհիմնավորված. գնաճը ենթադրելի է, այն տեղի է ունեցել խուճապի հետևանքով, քանի որ գնագոյացման գործընթացում արժեքի փոփոխություն տեղի չի ունեցել, և պաշարների առումով ևս որևէ դեֆիցիտ չկա: Խնդիրը պետք է լուծվի տնտեսական մրցակցության պաշտպանության կանոններին համապատասխան:
Ժ. Միրզոյանի դիտարկմամբ, 2020թ. գյուղատնտեսական տարվա համար բարենպաստ մեկնարկային պայմաններ կան. տարվա սկզբին մտահոգություններ եղան, որ բնակլիմայական պայմանները չորային կլինեն, բայց վերջին ամիսների տեղումների քանակը լավատեսություն է ներշնչել: Վերջին օրերին հանրապետությունում գրանցված տեղումները գյուղատնտեսության ոլորտում էապես բարելավելու են իրավիճակը, մինչ այդ առկա էր ջրային ռեսուրսների կուտակման խնդիր:
Ցածր ջերմաստիճանը նույնպես որևէ էական վնաս գյուղոլորտին չի տվել: Բարձրադիր գոտում ցրտահարվել են ծառերը, սակայն դաշտավարական մշակաբույսերին էական վնասներ չեն հասցվել:
Գյուղոլորտի պատասխանատուների մտահոգություններն առավելապես պայմանավորված են կարկուտով, որն ամեն տարի լուրջ վնասներ է հասցնում. ձեռնարկվող միջոցառումներն առայժմ անարդյունավետ են գնահատվում, և գերատեսչությունը նոր, առավել արդյունավետ միջոցների փնտրտուքների մեջ է:
Ելնելով հակաճգնաժամային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, գերատեսչությունը մշակվել է հինգ կետից բաղկացած լրացուցիչ աջակցությունների ցանկ:
Ջեռուցման համակարգ չունեցող ջերմոցներին 2020 թվականից կտրամադրվի 2 մլն դրամ դրամաշնորհ, իսկ ջեռուցման համակարգ ունեցող ջերմոցներին տրամադրվող 2 մլն դրամը կդարձվի 4 մլն դրամ: Բանջարեղեն և կարտոֆիլ մշակելու համար 1 հա-ի դիմաց հողօգտագործողներին անհատույց տրամադրվող պետական աջակցության չափը (համապատասխանաբար՝ 200 և 150 հազ. ՀՀ դրամ) կմեծացվի՝ կազմելով 300 հազ. դրամ՝ ծրագրի մեջ ներառելով նաև լոբու մշակությունը:
Բարձրադիր գոտիներում պտղատու այգիների հիմնման նպատակով ձեռք կբերվեն և հողօգտագործողներին անվճար կտրամադրվեն խառը պտղատեսակների տնկիներ (0.5-10 հա-ի համար): Բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրման համար համակարգի 100 տոկոսի չափով անտոկոս փոխառության փոխարեն, ծրագրից օգտվող հողօգտագործողներին համակարգի արժեքի 50 տոկոսը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով: Ոռոգման կաթիլային համակարգով բազմամյա տնկարկների մշակության համար անհատույց ֆինանսական միջոցներ (համակարգի արժեքի 70 տոկոսի չափով) կտրամադրվի նաև 0.5-ի հա չափով հողատարածքների համար:
Ասուլիսին ներկա էր նաև ԱՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, ով հանդես է եկել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում իրականացված անհրաժեշտ միջոցառումների մասին: Նա տեղեկացրել է, որ ոլորտի պատասխանատուները սննդամթերքի շուկայում վերահսկողություն են իրականացնում. հետևում ցուցումների կատարմանը:
Ա. Ներսիսյանի խոսքով, ծառայությունը, առողջապահության նախարարության աշխատակիցների հետ համատեղ, մշակել է նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ՝ հանրային սննդի օբյեկտների, արտադրամասերի և պարենային իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուների համար: Ուղեցույցները բաժանվել են հանրապետության սննդի շուկայում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին: Զուգահեռաբար տրվել են նաև մեթոդական ցուցումներ: Վերահսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից կատարվող աշխատանքի ընթացքի նկատմամբ: Ստուգայցեր են կազմակերպվում նաև գյուղատնտեսական նշանակության շուկաներում:
Ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ ծառայությունն աշխատում է օպերատիվ ռեժիմով: Ստեղծվել են օպերատիվ արձագանքման խմբեր, որոնք աշխատում են շուրջօրյա ռեժիմով: Ծառայությունում գործում է 50-99 կարճ համարով թեժ գիծ, որին քաղաքացիները կարող են զանգահարել՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում որևէ խնդիր արձանագրելու դեպքում:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, ծառայության կողմից ձվամթերքի շուկայում ստուգայցեր կկկազմակերպվեն, քանի որ այդ ժամանակահատվածում ձվամթերքի պահանջարկով պայմանավորված ռիսկեր են գոյանում: Ծառայության համապատասխան ստորաբաժանման մասնագետները անասնաբուժական կայանի աշխատակիցների հետ միասին հսկողություն են իրականացնում ձվամթերքի շուկայում ոչ միայն մակնշման, այլ նաև թարմությունը ճշտելու նպատակով: Դրան զուգընթաց՝ վերահսկողություն է իրականացվում նաև առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների շուկայում: