ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԽԹԱՆԻ ԳՅՈՒՂԻ ԼԻԱՐԺԵՔ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Հին ու հարուստ պատմություն ունեցող Տումի գյուղը գտնվում է Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան հատվածում, Իշխանագետի Շնաքար վտակի ափին՝ շրջապատված անտառախիտ լեռներով, հանքային ջրերով հարուստ սառնորակ աղբյուրներով, հարուստ բնաշխարհով: Ըստ Մովսես Կաղանկատվացու, գյուղի շրջակայքում գտնվում են 5-18-րդ դարերի պատմական հուշարձաններ՝ Կարմիր եկեղեցին, Թագավորի պալատը, Թագավորի աղբյուրը, հին օրերի մասին պատմող այլ անխոս վկայագրեր:
Խորհրդային տարիներին շրջանի խոշորագույն գյուղերից մեկն էր՝ մոտ 1400-1500 բնակչությամբ: Այժմ գյուղում ապրում է մոտ 700-750 մարդ, դպրոցում սովորում է 110-115 երեխա: Գործում են բնակչության բնականոն զարգացմանն ուղղված հիմնարկներ ու հաստատություններ՝ համայնքապետարանը, համագյուղացի ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը, Մշակույթի տունը, մանկապարտեզը, ազգային հերոս Թևան Ստեփանյանի տուն-թանգարանը և այլն:
Իսկ ի՞նչ հոգսերով են այժմ ապրում Տումու համայնքի բնակիչները: Գյուղի արդի խնդիրների և հեռանկարների մասին է մեր հարցազրույցը համայնքի ղեկավար Էդիկ Մոսիյանի հետ:
-Պարոն Մոսիյան, հայտնի է, որ Տումին մինչխորհրդային և խորհրդային տարիներին մեծ ու աշխույժ գյուղ էր: Բնական է նաև, որ մեր անկախ պետության կառուցման տարիներին համայնքը, ինչպես և արցախյան բազմաթիվ այլ բնակավայրեր, ունի խնդիրներ: Դրանցից ո՞րն եք համարում առաջնային, որն անհապաղ պետք է լուծվի և խթան հանդիսանա գյուղի ընդհանուր զարգացմանը:
-Եթե Խորհրդային տարիների հետ ենք համեմատում, պետք է ասեմ, որ այդ ժամանակ գյուղում աշխատատեղերի խնդիր չկար: Գյուղում գործում էր խորհրդային մեծ տնտեսություն, և ունեինք մեծ քանակով վարելահողեր: Ամեն աշխատանքային օր գյուղացիներին ավտոբուսներով տեղափոխում էին աշխատատեղ, որը 30 կմ հեռու էր գյուղից, և երեկոյան տուն բերում: Մեծ անասնաֆերմա էր գործում: Մարդիկ աշխատում էին, ստանում հասանելիք աշխատավարձը, ինչպես և ստացած բերքից իրենց չափաբաժինը: Համակարգը պարտադրում էր աշխատել յուրաքանչյուրին: Համակարգի փլուզումից հետո սկզբունքն էլ վերացավ ու աշխատասիրությունն էլ հետը պակասեց:
-Բայց չէ՞ որ հողը բաժանվեց, և յուրաքանչյուրը հողատեր դարձավ:
-Այո, հողերը բաժանվեցին, և մեկ շնչին 0,45 հեկտար հող հասավ: Ստացվեց այնպես, որ յուրաքանյուր հողատեր պետք է ինքը հատի այդ 30 կմ հեռավորությունը, որպեսզի մշակի իր հողակտորը: Հասկանալի է, որ շատերը չկարողացան դա անել: Իսկ գյուղի մերձակա տարածքում հնարավոր է միայն բանջարանոցներ ու այգիներ մշակել: Անշուշտ, դրանք էլ են սեփականաշնորհված, բայց, ի տարբերություն վարելահողերի, միշտ մշակվում են: Ճիշտ է, ընդամենը իրենց ընտանիքների խնդիրները հոգալու համար, այլ ոչ թե եկամուտ ստանալու: Իհարկե, կլիմայական պայմանները մեծ դեր են խաղում: Տումին գտնվում է բարձր կլիմայական գոտում, գրեթե ամեն տարի ցրտահարություններ են լինում: Բացառություն չէր նաև այս տարի: Բնական է, որ մարդիկ չեն ցանկանում գյուղատնտեսության այս ոլորտում ներդրումներ անել:
-Այդ գոտում մի՞թե արդյունավետ չէ անասնապահությամբ զբաղվելը:
-Անասնապահությունն արդյունավետ ճյուղ է, և կան անասնապահությամբ զբաղվողներ, բայց քիչ են: Շատ աշխատատար գործ է. վաղ առավոտից մինչև ուշ երեկո պետք է զբաղված լինես՝ նախիրը հանես արոտավայր, ժամանակին սրսկումներ կատարես, կաթը, կաթնամթերքը, միսը կարողանաս իրացնել: Մի խոսքով, քչերն են դիմանում: Եվ քանի որ մսի գները բարձր են, բավականին եկամտաբեր ճյուղ է: Համայնքում մոտ 150 տնտեսություն կա, որոնցից 70-ը զբաղվում է անասնապահությամբ՝ հիմնականում քիչ թվաքանակով: Գերադասում են պահել խոշոր եղջերավորներ: Մի 6-7 բնակիչ ազատագրված տարածքներում են զբաղվում անասնաբուծությամբ՝ պահելով 30-ից մինչև 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ:
Հիմնականում մսի իրացմամբ են զբաղվում, կաթ և կաթնամթերք չեն արտադրում, քանի որ այդ արտադրանքը հատուկ տեխնոլոգիա և հավելյալ ներդրումներ է պահանջում, իսկ դրա կարիքը գյուղում մեծ է: Երիտասարդության մի զգալի մասն էլ ծառայում է բանակում: Գյուղացիների մի մասն էլ աշխատում է փայտամշակման արտադրամասում:
-Հողագործության խնդիրները մնացին ստվերում: Դուք նշեցիք, որ մենակով սեփական հողակտորը, ինքն էլ այդքան հեռու, դժվար է մշակել: Մի՞թե հնարավոր չէ մի քանի հոգով /բարեկամներով, ընկերներով/ միանալ և միացյալ ուժերով մշակել հողը:
-Կան նման տարբերակներ, և դա բավականին հաջողված փորձ է: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ մարդը կարողանում է սեփական ուժերով մշակել իր 2-3 հեկտար հողը: Ստացած բերքը հերիքում է սեփական տնտեսության կարիքները հոգալու: Քիչ չեն խոզաբուծությամբ զբաղվողները, բայց դա ավելի ռիսկային գործ է. կենդանիները հաճախ են հիվանդանում, և մեծ քանակով անկում է տեղի ունենում:
-Դուք նշեցիք, որ գյուղացիք 30 կմ պետք է անցնեն՝ վարելահողերին հասնելու: Բայց, ինչքան տեղյակ եմ, Տումիից մինչև Տող ճանապարհն այնքան էլ լավ վիճակում չէ:
-Ճիշտ եք նկատել, գյուղը շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ կապող միակ ճանապարհի այդ հատվածը լավ վիճակում չէ, չնայած 2 տարին մեկ վերանորոգվում է, խճապատվում: Անշուշտ՝ պետության հատկացրած միջոցներով: Մայիսյան սելավներին այն կրկին քանդվում է: Բայց ուզում եմ ասել, որ խնդիրը բարձիթողի չի մատնված: Երբ փոսերը շատանում են, մեր խնդրանքով տեխնիկան են բերում և հարթեցնում: Ցանկալի է, որ այն ասֆալտապատվի, և խնդիրը մեկընդմիշտ լուծվի: Համոզված եմ, որ եթե ճանապարհը բարվոք վիճակում լինի, ապա այն լուրջ խթան կհանդիսանա գյուղի զարգացման համար: Նախ՝ մեքենաներն այդքան շուտ շարքից դուրս չեն գա, ինչը զգալիորեն կթեթևացնի գյուղատնտեսության տարբեր ճյուղերում զբաղվող մարդկանց ծախսերը: Երկրորդ. Տումին հին ու հարուստ պատմություն ունեցող գյուղ է, ժամանակին անգամ թագավորանիստ էր: Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ պատմական հուշարձաններ: Կան հանքային ջրերով հարուստ աղբյուրներ, բնության գեղատեսիլ վայրեր: Գյուղից դեպի հարավ-արևմուտք բավականին մոտ է Դիզապայտի լեռնաշղթան ու Կատարո վանքը, դեպի արևելք՝ Տողասարն ու Գտիչ վանքը: Գյուղում գործում է վերջերս նորոգված Թևան Ստեփանյանի տուն-թանգարանը: Ուզում եմ ասել` Տումին, իր շրջակա միջավայրով զբոսաշրջության համար շատ հրապուրիչ է, և կարող է դառնալ եկամտի ևս մեկ աղբյուր բնակիչների համար: Եվս մեկ հանգամանք կուզենայի շեշտել: Բարվոք ճանապարհ ունենալու դեպքում մեր երեխաները կարող են ուսում ստանալ նաև Տողի արվեստի դպրոցում: Բազմիցս գյուղացիները դիմել են ինձ՝ այդ խնդիրը լուծելու, բայց վատ ճանապարհի պատճառով չի ստացվում: Տումեցիներն, ի դեպ, մեծ սեր ունեն արվեստի հանդեպ և կարևորում են իրենց երեխաների գեղագիտական դաստիարակությունը: Մի խոսքով, բարեկարգված ճանապարհ ունենալու դեպքում, գյուղի զարգացման հնարավորություններն էլ կշատանան, մարդիկ էլ չեն լքի գյուղը: