ԳՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Դեռևս տարեսկզբին աշխարհում կորոնավիրուսի տարածման և հիվանդների թվի աճի հետ զուգընթաց` մեծացավ նաև շարքային սպառողի տագնապը, որ տարբեր հեռուստաալիքներով անընդհատ ցուցադրվող սուպերմարկետներում գոյացած ահռելի հերթերի արդյունքում աշխարհի պարենամթերքը կվերջանա ու անհասկանալի վարակին կհաջորդի սովը: Աղետային ֆիլմերի ժանրում տեղավորվող այս մտավախությունները, բարեբախտաբար, փարատվեցին, թեև համաշխարհային շուկայում գրանցվեց առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ, ինչը բացատրվեց պարենային ապրանքատեսակների ծավալների ու արտաքին առևտրի ծավալների կրճատմամբ ու սանիտարահիգիենիկ նոր պահանջներով:
ՀՀ-ում և մեզ մոտ պարենային ապրանքների ու լայն սպառման ապրանքների դեֆիցիտ առայսօր չի գրանցվել։ Ըստ պաշտոնական աղբյուրների` դա հետևանքն էր համավարակի և աճող տնտեսական ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված միջոցառումների ժամանակին մշակված փաթեթների։ ՀՀ Կենտրոնական բանկի օպերատիվ միջամտության շնորհիվ կանխվել են ֆինանսական շուկայի կտրուկ տատանումները և ապահովել ազգային արժույթի կայուն փոխարժեքը, ինչի արդյունքում հնարավոր է դարձել սպառողական գների էական աճ թույլ չտալ։
Ինչ վերաբերում է շարքային սպառողներիս դիտարկումներին, ապա մեր առողջությանը սպառնացող համավարակի ընթացքում ակնառու գնաճ արձանագրեցին մինչ այդ կոպեկներ արժեցող պաշտպանիչ դիմակները, մեկագամյա օգտագործման ձեռնոցներն ու ախտահանիչ միջոցները: Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, որպես տարբեր ապրանքային շուկաներում գերիշխող դիրքի բացահայտման և չարաշահման, հակամրցակցային համաձայնությունների, անբարեխիղճ մրցակցության դեպքերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, պարբերաբար հրապարակում է մայրաքաղաքի տարբեր առևտրային օբյեկտներում լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման համառոտ արդյունքները: Արտակարգ իրավիճակի պայմաններում գործող գների ու Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում հայտնված նոր ապրանքային շուկաների իրավիճակի շուրջ մենք ավելորդ չենք համարել զրուցել կառույցի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանի հետ:
Նրա խոսքով, իրենց կողմից մշտադիտարկվող լայն սպառման 43 պարենային և ոչ պարենային ապրանքատեսակներին մարտի կեսից ավելացվել են նաև կենցաղային ու բժշկական նշանակության որոշ ապրանքատեսակներ, որոնց մեջ են դիմակներն ու ձեռնոցները, ինչպես նաև ախտահանիչ նյութերը: ՙԻնչպես գիտեք, Հանձնաժողովի գործառույթը` գնային քաղաքականություն վերահսկելու առումով, կարող է իրացվել միայն գերիշխող` այս կամ այն շուկայում 25 տոկոսից ավել ներգրավվածություն ու դիրք ունեցող սուբյեկտների վրա, իսկ դիմակների և ախտահանիչ նյութերի շուկաներում նման ընկերություններ չկան: Մարտի սկզբին ունեցանք ալկոգելի դեֆիցիտ, ինչը շատ արագ հաղթահարվեց, այժմ դեղատներում առկա են հայկական արտադրության ավելի քան 15 անուն ախտահանիչ նյութեր՚:
Չնայած դրան, բաժնի պետի խոսքով, իրենք ուշադրությամբ հետևում են պաշտպանիչ և ախտահանող պարագաների առևտրին, ստուգվում են դրանց ձեռքբերման և իրացման գները: Նա նաև հիշեցրեց, որ նման նյութերի գնաճ արձանագրվել է ընդհանուր միջազգային շուկայում` կապված աննախադեպ մեծածավալ պահանջարկի ու դեֆիցիտի հետ: Եթե դեկտեմբերին Չինաստանից ներմուծված մեկանգամյա օգտագործման եռաշերտ դիմակի ներմուծման գինը եղել է 13 դրամ, ապա ապրիլ-մայիսին այն կազմել է 116 դրամ։ Բաժնի պատասխանատուն համոզմունք հայտնեց նաև, որ այս շուկայում անհիմն թանկացումները բացառված են, քանի որ գինն այստեղ ձևավորվում է մրցակցության արդյունքում:
Վերջին դիտանցումներն իրականացվել են օրերս` Ստեփանակերտ քաղաքում գործող 7 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 12 դեղատներում, որոնց ընդհանուր շրջանառությունը դեղամիջոցների ոլորտում կազմում է ավելի քան 80 տոկոս: Իրականացված դիտանցումների արդյունքում ստացված տեղեկատվության համաձայն` շուկայում առկա է տարբեր որակի` բժշկական, կտորե (ոչ բժշկական), ներմուծվող և տեղական արտադրության դիմակներ, որոնց ձեռքբերման միջին գինը կազմում է 165 դրամ, իսկ իրացման միջին գինը՝ 203 դրամ, միջին հավելագինը՝ 38 դրամ:
Առկա պաշարների հաշվառման և տեղական արտադրող ընկերությունների արտադրական հզորությունների ուսումնասիրման արդյունքում պարզվել է նաև, որ դիմակների դեֆիցիտը բացառված է: Դիմակների արտադրության ոլորտում հայրենական արտադրող ունենք. ՙՖարմ պրոդուկտ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրվող դիմակների մեծածախ իրացման գինը կազմում է 130 դրամ: Անդրադառնալով հիմնական ապրանքային շուկաների ամենօրյա դիտանցումների արդյունքներին` Ս. Գրիգորյանը նշել է, որ մարտի սկզբից մինչ օրս դիտարկված 43 ապրանքատեսակներից 12-ի գներն աճել են, 10-ը՝ նվազել, 21-ը մնացել է անփոփոխ: Դիտարկումներն իրականացվել են մայրաքաղաքի 20 առավել խոշոր առևտրային օբյեկտներում: ՙԳնաճը վերաբերում էր բացառապես ներմուծվող ապրանքատեսակներին, ինչը մարտի սկզբին հիմնականում պայմանավորված էր դոլարի կտրուկ աճով, իսկ տեղական արտադրության և գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից թանկացում չի եղել: Այժմ արդեն ունենք դոլարի փոխարժեքի նվազում և որոշակի գնանկում ներմուծվող որոշ ապրանքատեսակների մասով՚,-ասաց նա: Ս. Գրիգորյանը նաև նկատեց, որ նման վայրիվերումները մեզ վրա ավելի քիչ կազդեն, եթե ունենանք ավելի մեծածավալ տեղական արտադրանք: Իսկ գյուղատնտեսական արտադրանքի աճը հնարավորություն կտա խուսափել նաև բանջարեղենի ու մրգեղենի սեզոնային գնաճից: Դիտանցումների արդյունքով` վերջին երկու ամսվա էական գնաճը վերաբերում է հնդկաձավարին և ոսպին: ՙՄենք հետաքրքրիր վերլուծություն ենք իրականացրել` կապված ՀՀ-ում և մեզ մոտ հնդկաձավարի գնի փոփոխության հետ, որի արդյունքները վկայում են, որ տևական ժամանակ` մինչև չի սպառվել տնտեսվարող սուբյեկտների ներմուծված պաշարը, մեր առևտրային օբյեկտներում այդ ապրանքատեսակի գները նկատելիորեն ցածր են եղել ՀՀ-ի գների համեմատ: Սա նաև մեր վերահսկողության արդյունքում է իրականացվել՚,-տեղեկացրեց բաժնի պատասխանատուն: Վերջին ամսվա ընթացքում Հանձնաժողովի մասնագետները ուսումնասիրություններ են իրականացրել նաև 10 գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից իրացվող 12 ապրանքատեսակների մասով: Այդ ապրանքատեսակներից 8-ը գնային փոփոխություն չի արձանագրել, 4 ապրանքատեսակի (բենզին, դիզվառելիք, հեղուկ գազ և ադամաթուզ) գինը նվազել է և միայն մի գերիշխող դիրք ունեցող սուբյեկտի կողմից իրացվող ապրանքատեսակի` ՙԴվին՚ ՍՊԸ-ի հավի ձվի գինն է աճել, ինչը, ըստ էության, գնաճ չէ, քանի որ վերջերս, կապված հայաստանյան շուկայում նկատված գնանկման հետ, ընկերությունն իր ապրանքը վաճառում էր գրեթե ինքնարժեքով: ՙԱյսպիսով, յոթ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների մասով մենք խորացված ուսումնասիրություն ենք իրականացրել` պարզելու գնանկումների համաչափությունը ՀՀ գների հետ: Ասեմ, որ բենզինի ու դիզվառելիքի նկատելի գնանկումը միայն պայմանավորված չէ հայաստանյան գներով, նվազել է նաև այս շուկայում ՀՀ հետ գնային տարբերությունը, ներկայում այն կազմում է 10 դրամ: Ուսումնասիրում ենք նաև հեղուկ գազի գները, քանի որ ՀՀ-ում այդ շուկայում գնանկումն ավելի մեծ է եղել, իսկ այստեղ կազմել է 30 դրամ: Մենք համագործակցում ենք հայաստանյան մեր գործընկերների հետ` մեծածախ գների շուրջ միջնորդ հանդես գալու և օգնելու մեր սուբյեկտներին ավելի ցածր գներով հեղուկ գազ ձեռքբերելու ուղղությամբ՚: Ինչ վերաբերում է շրջաննում գործող գներին, ապա այնտեղ ևս, ըստ մասնագետի, մանրածախ առևտրի կետերի քանակը թույլ է տալիս մեծ մրցակցություն ապահովել ու խուսափել կամայական գների առկայությունից: