Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԽՆԴԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է

Picture_079.jpgՇուշի քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ուղղությամբ 2011 թվականին կատարված աշխատանքների մասին է պատմում ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ Շուշիի տեղամասի պետ Ֆելիքս ՀԱԿՈԲՅԱՆԸ։
Նախ նշեմ, որ մեր կառույցը ստեղծվել է  ԼՂՀ կառավարության 2009թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ, այնպես որ, բոլորովին երիտասարդ է և բազմաթիվ հիմնախնդիրներ ունի։ 2011-ին մեր աշխատանքները, բնականաբար, ուղղված են եղել Շուշի քաղաքի բնակչությանը և հիմնարկ-կազմակերպություններին խմելու ջրով անխափան մատակարարմանը, ջրահեռացման ծառայությունների մատուցմանը, վթարների ժամանակին վերացմանը։ Համապատասխան աշխատանքներ են տարվել ջուր օգտագործող կազմակերպությունների հետ։ 17 իրավաբանական անձանց հետ կնքվել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրեր, սակայն առայսօր միայն 8 կազմակերպությունում է ջրաչափ տեղադրված։  Ավելացել է ջուր օգտագործող ֆիզիկական անձանց թիվը՝ 2011 թվականին հասնելով 930-ի։ Այսքանով հանդերձ, միայն 34 բաժանորդ է օգտվում  ջրաչափից։ Բաժանորդների կողմից ջրաչափի տեղադրման հայտերի դեպքում տեղամասը հնարավորություն ունի ևս 5 շենքում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում։
Անցած տարվա ընթացքում գրանցվել է 651 վթար։ Վթարները հիմնականում կապված են ջրախողովակների մաշվածության և հորերի անսարքության հետ։ Կառուցված նոր գետահորերի շնորհիվ կարգավորվել է շրջանային հիվանդանոցի, ՙՆարեկացի՚ արվեստի կենտրոնի,   մանկապարտեզի և Վարանդայի փողոցի մերձակա շենքերի ջրամատակարարումը։ Մասնակի վերանորոգվել է շրջանային հիվանդանոցի ջրագիծը, պոլիէթիլինե խողովակներով նոր ջրագծեր են անցկացվել Անդրանիկի, Վարանդայի, Երամիշյան փողոցների տարբեր հատվածներում։ Կոյուղու նոր գիծ է անցկացվել Մուրացանի անվան ավագ դպրոցի համար, ինչպես նաև Ն. Ստեփանյան և Պռոշյան փողոցների հատվածում, Սողոմոնյան, Անդրանիկի փողոցներում։ Ձմռան ընթացքում բնակիչներից ստացված դիմում-բողոքները հիմնականում կապված են եղել ջրագծերը սառչելու և կոյուղու վթարների հետ և ժամանակին համապատասխան լուծում են ստացել։ Ուշադրության կենտրոնում է բնակիչների կողմից օգտագործված ջրի և ջրահեռացման վարձավճարների հավաքագրումը։ 2011թ. ֆիզիկական անձանց կողմից վճարումները կազմել են 4 մլն 400 հազար դրամ։ 14 բաժանորդի նկատմամբ կազմվել է համապատասխան ակտ  ջրամատակարարումը դադարեցնելու մասին և կապարակնքվել ջրի փականները։ 
Տարվա ընթացքում սերտ համագործակցել ենք հակահամաճարակային կայանի հետ։ Կատարվել են ջրի նմուշի հետազոտություններ։ Ամիսը 2 անգամ ջրամբարում մեխանիկական եղանակով կատարվում է ջրի քլորացում. ֆիլտրման կայանի  բացակայությունը զգացնել է տալիս, ջրի որակը հեռու է բավարար լինելուց։ Կողմնակի անձանց մուտքը Թադևոսի ջրատարի ակունք արգելելու նպատակով տեղադրվել է դարպաս։ Պարբերաբար մաքրվում են ՙՔիրս՚, ՙԹադևոսի՚ և ՙԽանի աղջիկ՚ ջրատարների ակունքները։ Թադևոսի ջրատարի ակունքի ջրընդունիչը լվացվում է քլորով։
Չնայած կատարված աշխատանքների ծավալին, դեռևս վթարային վիճակում են մի քանի  բազմահարկ շենքերի նկուղային հարկերի կոյուղու և ջրագծերի կանգնակները, ինչպես նաև քաղաքի ներքին թաղամասերը, որտեղ ջրագծերի մաշվածության պատճառով ջրամատակարարումն անկանոն է իրականացվում, ինչն էլ  իրավացիորեն տեղիք է տալիս բնակիչների դժգոհությանը։
Ինչ խոսք, իրականացված աշխատանքների ծավալը վկայում է, որ ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ Շուշիի տեղամասը կայացել է որպես արտադրական հիմնարկ։ Սակայն այդ աշխատանքներն ավելի արդյունավետ կընթանային, եթե չլինեին որոշ խոչընդոտող հանգամանքներ։ Տեղամասը չունի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, գրասենյակ և որակյալ կադրեր։ Եղածն էլ ցածր աշխատավարձի պատճառով երկար ժամանակ չի աշխատում։ Բավական է նշել, որ միայն 2011 թվականին իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է տասը աշխատող։ Չնայած դժվարություններին, մենք ձեռքներս ծալած չենք նստում՝ սպասում դրսի օգնությանը։ Անում ենք  ամեն ինչ՝  առաջացած վթարները ժամանակին վերացնելու և  խմելու ջրի խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Համոզված եմ, որ տեղամասում առկա հիմնահարցերի լուծումը կբարելավի մեր կողմից իրականացվող աշխատանքների որակը, ինչի արդյունքում կշահեն բոլոր շուշեցիները։ Իսկ ջրամատակարարման նոր ցանցի գործարկումն իսպառ վերջ կդնի խմելու ջրի խնդրին։ 
 
Գրի առավ
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ