[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՀԵՍՏԸ ԿԱԹ-ԿԱԹ ԱՂԲՅՈՒՐ Է, ԵԹԵ ՉՎԱՐԱՐԻ ՉԻ ԷԼ ՊԱԿԱՍԻ

Անահիտ Պետրոսյան

 ''Արհեստավորը մինչև կեսօր է սոված մնում'' հայտնի արտահայտությունն արդիական է բոլոր ժամանակների համար։Արհեստը բնութագրում է ոչ միայն արհեստավորին, նրա հոգու և մտքի թռիչքը, այլև ամբողջ ազգին։

Դարբնագործությունն արհեստ է` արվեստի նրբերանգներով։ Զարմանալ կարելի է, թե ինչպես է կոշտ ու կոպիտ երկաթը ենթարկվում մարդուն։ Իսկ հասարակ երկաթից կռած դարբնագործական իրերը հաճելիորեն զարմացնում են իրենց նրբությամբ: Մանավանդ, երբ այդ մետաղի հետ աշխատում է իսկական վարպետը:

Խնապատցի Վոլոդյա Մելքումյանը ծնվել և հասակ է առել Նավթալան քաղաքում, որտեղ սովորել է ավտոնորոգողի արհեստը, ապա յուրացրել նաև էլեկտրագազաեռակցման գործը։ Վաղ մանկության տարիներից նա սեր ուներ այն ամենի հանդեպ, ինչը գեղեցիկ ու բարի է, ուսանելի և ընդունելի շրջապատի համար։ Պատանին տարված էր նաև երաժշտությամբ։Ինքնուս սովորել էր կիթառ նվագել։

Ավարտելով տեղի ութնամյակը՝ պատանի Վոլոդյան վերադարձել է հայրենի Խնապատ գյուղ, ապա անցել նաև տրակտորավարի կուրսեր։ Որպես տրակտորավար աշխատել է Խնապատի կոլտնտեսությունում։ 1986-ից մինչև արցախյան ազգային ազատագրական պայքարն աշխատել է Ասկերանի <<Կոլտնտշին>>-ում որպես էլեկտրագազազոդող։

Հայ ազգի համար ճակատագրական օրերին Վոլոդյա Մելքումյանը միացավ հայրենյաց պաշտպաններին։1992 թվականի մայիսի 26-ին վիրավորվել է։ Ապաքինվելով՝ վերադարձել և միացել է մարտական ընկերներին, սակայն վիրավոր ոտքի ցավը հանգիստ չէր տալիս։ Հաղթանակն արդեն շատ մոտ էր, և Վոլոդյան ընկերների հորդորով թողեց զինվորական ծառայությունն ու անցավ խաղաղ աշխատանքի։

Պատերազմն իր ծանր հետևանքներ էր թողել արցախյան յուրաքանչյուր ընտանիքի վրա։Արժանապատվորեն հաղթանակած արցախցին արժանապատիվ կյանք պիտի վայելեր սեփական արյամբ նվաճած ազատ ու անկախ երկրում։ Ժամանակները ծանր էին, ու բազմաթիվ բախտակիցների նման Վոլոդյան նույնպես որոշեց բախտը փորձել արտագնա աշխատանքում։ Հաստատվելով Ռուսաստանի Դաշնությունում՝ սկսեց  զբաղվել դարբնագործությամբ։ Սակայն ազնիվ, շիտակ, մաքուր արհեստավորը չկարողացավ հանդուրժել <<օտարական>> մակդիրը, վերադարձավ և աշխատանքի անցավ <<Արցախգազ>> ՓԲ ընկերության Ասկերանի մասնաճյուղում։

Հմուտ ու բանիմաց մասնագետի կարիք միշտ և ամենուրեք էլ զգացվում է։ Զոդման աշխատանքին զուգահեռ, Վոլոդյան այժմ զբաղվում է նաև սիրած արհեստով՝ դարբնագործությամբ։ Սիրով և պարտաճանաչորեն կատարում է ցանկացած պատվեր։

-Աշխարհում այնքան մասնագիտություններ կան՝ մեկը մյուսից օգտակար, մեկը-մյուսից պահանջված… Ուղղակի սեր պետք է ունենալ և լրջորեն վերաբերվել մասնագիտության ընտրության հարցին։ Եթե հաջողի զբաղվել նրանով, ինչը բխում է սրտի խորքից՝ հաջողությունն անխուսափելիորեն կգա։ Դա կնշանակի, որ դու կարողանում ես ոչ միայն ապահովել քո ընտանիքի ապրուստը, այլև օրինակ ես ծառայում մյուսներին։ Իսկ տղամարդը երբեք և ոչ մի գործից չպիտի խուսափի։ Պիտի կարողանալ և՛ հողի, և՛ երկաթի հետ աշխատել։ Դա է մեր երկիրը շեն և բարգավաճ տեսնելու միակ ճանապարհը։ Ուզում եմ մեր երիտասարդները հստակ իմանան, որ արհեստ ունեցողը երբեք սոված չի մնա, - ասում է Վ. Մելքումյանը՝ միաժամանակ հավելում,- իսկ ով կատարյալ գիտելիքների է տիրապետում, թող դառնա մեր Արցախ աշխարհի մտավոր շինարարը...