[ARM]     [RUS]     [ENG]

Զրույց մեղվի հետ

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Այգին մայոր Սլավիկ Իսրայելյանն իհարկե շատ է սիրում, բայց իր տարերքը համարում է մեղվաբուծությունը. մեղվի ու մեղվաբուծության մասին ժամերով կարող է խոսել: Մեղվափեթակները պահում է հայրենի գյուղում, քանի որ Ասկերանը մեղվաբուծության համար նպատակահարմար չի գտնում: Մեղուները բնակավայրից հեռու պետք է լինեն:


-Մեղվի լեզուն պիտի լավ ուսումնասիրել, հասկանալ նրան: Ես ամեն օր զրուցում եմ իմ մեղուների հետ, ուսումնասիրում նրանց, ծանոթանում մեղվի բնավորությանը, նախասիրություններին,-պատմում է նա, հավելելով, որ համացանցը մեծ հեռանկար է բացում, ինքնակրթվելու հնարավորություններ ստեղծում: Գտնում է, որ այդ գիտությամբ պիտի երիտասարդները ևս հետաքրքրվեն, զբաղվեն, քանի որ տարեցները միայն ավանդույթների, պրակտիկայի վրա հիմնվելով են աշխատում, իսկ երիտասարդներն ավյուն ունեն և պիտի ուղղորդեն այն նաև մեղվաբուծության բնագավառ:


-Մեղուներից կյանքի փորձ կարելի է ձեռք բերել, դաստիարակվել նրանց օրինակի վրա, ծիծաղելի չթվա՝ նրանք կարող են սովորեցնել ընտանիքի ճիշտ կառավարում, աշխատանքի բաշխում: 1-14 օր նոր ծնված մեղուն ներսի աշխատանքներ է կատարում, հետո՝ նրան վստահում են դրսի աշխատանքները,-բացատրում է նա մեր թերահավատ ժպիտը տեսնելով: Գտնում է, որ ոլորտը համակարգող մարմնի կողմից վերապատրաստման դասընթացներ ավելի հաճախ պիտի կազմակերպեն, կիրառեն այլ մասնագետների փորձը, ուսումնասիրեն ոլորտը:
Իր մեղվափեթակները հիմնականում անձամբ է պատրաստում, գտնում է, որ այնպես պիտի պատրաստել, որ մեղուն դրա կատարելագործման համար էներգիա չծախսի. այլ միանգամից անցնի մեղրի գործընթացին՝ ավելի շատ արտադրանք տալով:
Սպառողին խորհուրդ է տալիս օգտագործել հասուն մեղրը, որի ջրային պարունակությունը 16-22 տոկոս է:


-Բանն այն է, որ մայիսյան մեղրը, որը կարծես ավելի պահանջված և գովազդված է, դա մեղրածորն է, այնտեղ ջրային պարունակությունը շատ բարձր տոկոս է կազմում,-ասաց մեր զրուցակիցը:


-Մեղվին պիտի նուրբ վերաբերվել, գնահատել. նա մինչև 7 կմ կարող է թռչել ու բերք բերել, բայց մեծ ծանրություն միայն 2-3 կմ–ի վրա է կարողանում հասցնել: Դրա համար կարևոր է փեթակների տեղի ճիշտ ընտրությունը: Ասկերանը մեղվաբուծության համար հարմար տեղանք չունի իր կարծիքով: Այստեղ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում և կիրառում են թունաքիմիկատներ, ինչը ոչնչացնում է մեղուներին: Ասկերանում կարելի է զարգացնել մեղուներին և փետրվարի կեսից, մինչև գյուղատնտեսական աշխատանքների սկիզբը տեղափոխել:
Գյուղատնտեսության՝ ռիսկային լինելու վերաբերյալ կարծիքին վերապահումով է մոտենում: Հատկապես մեղրը իրացման խնդիր չունի, այն պահանջված է ամբողջ աշխարհում: Անցյալ տարի 40 փեթակից ավելի քան 850 կգ մեղր է ստացել, չնայած տարին մեղրատու չէր համարվում: Ընդհանրապես, մեղվաբուծությունը համարում է քիչ աշխատատար, եկամտաբեր գործ: Կարևոր է համարում, նրա առողջարար հատկանիշները՝ առաջին հերթին հենց մեղվապահի համար: