[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵԿ-ում ամփոփել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Ինչպես տեղեկացանք ԱՀ պետական եկամուտների կոմիտեի Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանից, Պեկ-ում ամփոփվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների արդյունքները։ 

Ինչպես հայտնի է, ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ դեռևս մայիսին կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով մասնավոր հատվածի մի շարք ոլորտների տնտեսվարող սուբյեկտների ցուցաբերվել է աջակցություն։ Այն տրամադրվել է կորոնավիրուսից առավելապես տուժած թվով 9 ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին, որոնք իրականացնում են հյուրանոցային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայությունների մատուցում, ուղևորափոխադրման գործունեություն, մանրածախ առևտրի ծառայությունների մատուցում, մասնավոր մանկապարտեզների և ստեղծագործական ու զարգացման կենտրոնների գործունեություն, վարսավիրական ծառայություններ, զվարճանքի, հանգստի կազմակերպման և սպորտի բնագավառում գործունեություն։
Ա. Մուսայելյանը տեղեկացրեց, որ մանրածախ առևտրի մասով սահմանվել են որոշ բացառություններ. մասնավորապես, աջակցության ցանկում չեն ներառվել սննդամթերքի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, շինանյութերի, սանտեխնիկական սարքավորումների, պահեստամասերի, փայտանյութի և մի շարք այլ ապրանքների վաճառք իրականացնող տնտեսվարող սուբյեկտները։
Ըստ որոշման` տնտեսվարողներին աջակցություն նախատեսվել էր հատկացնել երկու միջոցառումների շրջանակներում. միանվագ դրամաշնորհի տրամադրում գործատուներին՝ որոշ աշխատատեղերի պահպանման համար, և միանվագ դրամական աջակցության տրամադրում՝ ուղղված փոքր ձեռնարկատիրության գործունեության շարունակականության ապահովմանը։
Ա. Մուսայելյանը պարզաբանեց, որ առաջին միջոցառման շրջանակում ընդգրկվել են կորոնավիրուսից տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 1-ից մինչև 25 վարձու աշխատող: Ե՜վ մարտ ամսվա վարձու աշխատողների թիվը, և՜ վերջիններիս գծով հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների մեծությունը կազմել է հունվար և փետրվար ամիսների (ըստ ամիսների) աշխատողների թվի և հաշվարկված աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների մեծության առնվազն 80 տոկոսը։ Նրանց տրամադրվել է միանվագ դրամաշնորհ, յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով։
Երկրորդ միջոցառման շրջանակում ընդգրկվել են կորոնավիրուսից տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ամբողջ ժամանակահատվածում վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։ Նրանց տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն՝ արտոնագրային վճարով հարկվող անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Այլ հարկման ռեժիմներով գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատիրոջ դեպքում աջակցությունը սահմանվել է 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։
ՊԵԿ-ից տեղեկացանք, որ աջակցությունից օգտվելու նպատակով պետական եկամուտների կոմիտե դիմումներ են ներկայացրել 1645 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 1447-ը բավարարել են որոշման պահանջներին։ Սահմանված կարգով գանձապետարան են ներկայացվել 76718.2 հազար դրամ գումարի չափով վճարման հանձնարարականներ՝ վերջիններիս փոխանցելու նպատակով։
Շահառուներից 1120-ը՝ 52223.9 հազար դրամ գումարի չափով, ընդգրկվել է միանվագ դրամական աջակցության ծրագրում, իսկ 327-ը՝ 24494.3 հազար դրամ գումարի չափով` միանվագ դրամաշնորհի ծրագրում։ 198 տնտեսվարող սուբյեկտների դիմումները մերժվել են՝ որոշման պահանջները չբավարարելու պատճառով։
Ըստ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի՝ միջոցառումների պոտենցիալ շահառու համարվող 118 տնտեսվարող սուբյեկտներ դիմումներ չեն ներկայացրել, որով պայմանավորված կոմիտեի կողմից դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացվել կառավարություն։