Logo
Print this page

Գյուղմթերքը կբավարարի ներքին պահանջարկը

Անի Մանգասարյան

 Արցախի հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքում առկա է շուրջ  34 հազար հեկտար վարելահող՝ հիմնականում համայնքային, որից մի մասը սեփականաշնորհված է,  իսկ մի մասը՝ վարձակալված նույն համայնքների բնակիչների կողմից: Պատերազմից հետո, պետության կողմից հողօգտագործողներին շարունակվել է անհատույց կարգով  տրամադրվել՝ աշնանացան ցորենի, գարու սերմացուներ և դիզվառելիք:

-Այս պահի դրությամբ՝  կատարված է մոտ 20 հազար հա աշնանացան հացահատիկայինների ցանքս, որից՝ 11 հազար հա ցորեն, 9000 հա գարի, մյուս  տարածքները նախատեսված են պտղատու այգիներ հիմնադրելու և  գարնանացանի համար,-,,Ազատ Արցախ,,-ի հետ զրույցում ասաց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության   փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

Գյուղնախարարության կողմից Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացվել  բուսաբուծության համալիր զարգացման ծրագիր,ըստ որի  70 տոկոսի չափով փոխհատուցվելու է  գարնանացան մշակաբույսերի՝ 1 հա-ի համար  սահմանված համապատասխան  քանակությամբ  սերմերի արժեքը/բացառությամբ եգիպտացորենի, որի համար սահմանվում է արժեքի  50 տոկոսի չափով/:

Միևնույն ժամանակ, նախատեսված է  լրավճարի տրամադրում՝  այդ նույն մշակաբույսերի սերմերի ցանքատարածքներից ստացված բերքի համար՝ 1 կգ դիմաց  10-50 ՀՀ դրամ:

Բանջարաբոստանային մշակաբույսեր մշակելու համար  1հա-ի  դիմաց         կտրամադրվի 300 հազար  դրամ  միանվագ  գումար /նվազագույնը՝ 0,5 հա-մեկ հողակտոր/: Նախորդ տարի այդ միջոցառմանը բոստանային մշակաբույսերը չէին ներառվում: Այս  տարի նաև բոստանայինը՝  հիմնականում ձմերուկը և սեխ:

Աջակցություն է տրամադրվելու նաև  գործող ջեռուցվող  ջերմատներին՝  1 հա-ի  դիմաց՝  6 միլիոն  դրամ   /1քմ դիմաց՝  600  դրամ, նվազագույնը՝ 100 քմ սկսած/: Չջեռուցվող ջերմատան 1  հա դիմաց  աջակցություն կցուցաբերվի  3 մլն  դրամի չափով / 1 քմ դիմաց՝ 300  դրամ /:

«Ունենք նաև ջերմոցների վերաբերյալ  ներդրումային ծրագիր, /հագեցած  նորարական տեխնոլոգիաներով,  նվազագույնը՝  2500 քմ, որի համար արժեքի 50 տոկոսը կսուբսիդավորի պետության կողմից, բայց ոչ ավել քան՝  50 մլն դրամ 1ջերմոցի դեպքում»,-հավելեց Վիլեն Ավետիսյանը:

Ավելացվելու է ծխախոտից ստացված  բերքի իրացման /մթերման / դիմաց  լրավճարը՝ 1 կգ-ի դիմաց 20  դրամ /նախորդ տարվա  1 կգ-ի դիմաց 10 դրամի փոխարեն/:

Նվազագագույնը՝ 0,5 հա, իսկ առավելագույնը՝ 10 հա ավանդական և ինտենսիվ  մշակության  տեխնոլոգիաներով  այգի  հիմնադրելու  դեպքում, իրականցվում է  հողօգտագործողների կողմից  սեփական միջոցներով  ձեռք բերված  տնկիների  արժեքի մասնակի սուբսիդավորում՝  1 տնկիի դիմաց  առավելագույնը  1000 դրամի չափով: 

Եղանակային պայմանները թույլ չեն տալիս շարունակել գարնանացանի աշխատանքները, մինչ այս իրականացվել է մշակաբույսերի 521 հա  ցանքս, այդ թվում 398 հա հացահատիկ, 13՝ արևածաղիկ, 38՝ կտավատ, 23՝ սիսեռ և 49 հա բազմամյա կերային խոտաբույսեր: Աշխատանքները շարունակվելու են մինջև ապրիլի վերջ, մայիսի  սկիզբ: Ագրոկանոներին համապատասխան մշակության դեպքում առկա ցանքատարածքների բերքատվությունը կբավարարի ներքին պահանջները,-եզրափակեց ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.