ՀՈՂՆ Է ԱՊՐԵՑՆՈՒՄ ՄԵԶ
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Անհուն տխրություն կար Հովսեփ հայրիկի աչքերում, իսկ բարի դեմքը պատված էր կարոտախեղդ մի շղարշով. բահը ձեռքին, հանգիստ, գլխիկոր աշխատում էր, հողի հետ խոսում, պատմում իր դարդ ու ցավերի մասին, իսկ մտքում հարազատ Տումին էր. երանի? գյուղում լիներ, ջրեր իր այգին, փխրեցներ հարազատ հողը, քաղեր պտուղները...
Այսօր Հովսեփ Սարգսյանի բազմաշունչ՝ ութ հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է Ասկերան քաղաքում։ Նոր բնակավայրում և ժամանակավոր իրենց տրամադրած կացարանում տումեցիներն ապրում են սոսկ մի հույսով՝ վերադառնալ հարազատ տուն ու տեղ։ Ախր այնտեղ են ծնվել ու մի ամբողջ կյանք ապրել, այնտեղ են իրենց ապուպապերի շիրիմները…
Երբ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանն այցելեց այն հողատարածք, որտեղ աշխատում էր Հովսեփ հայրիկը և զրույցի բռնվեց նրա հետ, մանկան նման արցունքակալվեցին տարեց մարդու աչքերը։ Ինչքան? զգայուն, ինչքա?ն խոցելի էր հարազատ տուն ու տեղից, հանդ ու քոլից, օդ ու ջրից կտրված մարդը։
Սակայն աշխատավոր մարդը պարապ նստել չէր կարող և այստեղ՝ Ասկերանում ևս նա շարունակում է աշխատել հողի հետ։ Հոգ չէ, որ թշնամին գտնվում է ընդամենը մի քանի մետր այն կողմ...
ՙՄիայն աշխատանքի մեջ կարող եմ մոռանալ անդառնալի և ինձ կեղեքող ցավը։ Մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ. անհնար է համակերպվել այդ մտքի հետ, մոռանալ արած-թողածդ: Այս սուրբ հողն է, որ ապրեցնում է ինձ, հույս ներշնչում՚,- ասում է Հովսեփ հայրիկը և շնորհակալություն հայտնում ղեկավարությանն իրենց մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար, ապա՝ վերցնում բահը և լուռ շարունակում իր գործը:
Հողն իր տված ջրին ու գուրգուրանքին է սպասում…