Ինչո՞վ է պայմանավորված որոշ ապրանքատեսակների գնաճը
Աննա Պետրոսյան
ՙԱզատ Արցախ՚-ի հարցերին պատասխանում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։
-Ի՞նչ ուսումնասիրություններ և վերլուծություն ունեք գնաճի խնդրի վերաբերյալ։ Արդյո՞ք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունն է ապրանքաշուկայում նկատված որոշակի գնաճի պատճառը։
- Օրենսդրության համաձայն՝ ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը գնագոյացման առումով վերահսկողություն է իրականացնում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների մասով, քանի որ շուկայի վրա միակողմանի ազդելու հնարավորություն (այդ թվում՝գնի ձևավորման) ունեն միայն նշված սուբյեկտները։
Հանրության կողմից հաճախ թյուրըմբռնում կա, որ տեղի ունեցող ցանկացած ապրանքի գնի տատանումների համար վերահսկողությունը իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինը։ Նշված կարծիքի առաջացումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Հանձնաժողովը բացի գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակներից, մշտադիտարկում է նաև մի շարք լայն սպառման և մրցակցային շուկաներում իրացվող ապրանքատեսակների գները, դրանց փոփոխության վերաբերյալ իրականացնում է վերլուծություններ` հնարավոր հակամրցակցային համաձայնությունները և ռիսկերը գնահատելու նպատակով։
Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկումների ընթացքում դիտարկվում են 20 խոշոր և միջին առևտրային օբյեկտներում իրացվող 56 ապրանքատեսակների գները, որոնք հրապարակվում են Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջի միջոցով, որպեսզի խրախուսվի մրցակցությունը մանրածախ առևտրի ոլորտում և բացառվի գների վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածումը հանրության շրջանում։
Իրականացված մշտադիտարկումների արդյունքում 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում դիտարկված ապրանքատեսակներից միջին գների փոփոխություն արձանագրվել է 30 ապրանքատեսակների համար, որից գերիշխող դիրք ունեցող 4 տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող 7 ապրանքատեսակի համար արձանագրվել է գնաճ, իսկ գնանկում արձանագրվել է 2 գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող 2 ապրանքատեսակի համար։
-Ըստ հանձնաժողովի ուսումնասիրությունների և վերլուծության արդյունքի՝ ի՞նչ ապրանքների գներ են մասնավորապես աճել, քանի՞ տոկոսով և ինչո՞ւ:
-Գնաճն արձանագրվել է այդ թվում` դիզելային վառելիք (1 լիտր՝120 դրամ (32%)), բենզին Ռեգուլյար՚ (1լիտր` 120 դրամ (31%)), ձեթ Ոսկե կաթիլ՚ (1 լիտր՝144 դրամ (17%)), պաստերիզացված կաթ (1 լիտրը` 35 դրամ (12%)) ապրանքատեսակների համար, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը և տնտեսական պայմանների փոփոխության հետ համաչափությունը պարզելու նպատակով իրականացվել են համապատասխան վերլուծություններ։ Իսկ գնանկում արձանագրվել է ադամաթուզ (1 կգ՝50 դրամ (8%)) և հավի ձու (1 հատ՝ 5 դրամ (6%)) ապրանքատեսակների համար։
Տարեսկզբից գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների գների մասով տեղի ունեցած բոլոր փոփոխությունները պարզելու նպատակով Հանձնաժողովի կողմից իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ։ ԱՀ-ում տեղի ունեցած նշված գների փոփոխությունները կապված են միջազգային և հայաստանյան շուկաներում տեղի ունեցած գնային փոփոխությունների հետ, որը հիմնականում արտահայտվել է հումքի գների աճով։ Ներմուծվող հումքի թանկացմամբ է պայմանավորված ԱՀ-ում արտադրություն իրականացնող և ՙՁեթ՚ ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող ձեթի գնի բարձրացումը։ Հարկ է նշել, որ ձեթի թանկացումը նկատվել է նաև միջազգային շուկաներում, որի հիմնական պատճառը համավարակի արդյունքում արևածաղկի բերքի նվազումն է, արևածաղկի պահանջարկի կտրուկ բարձրացումը։ Այժմ միջազգային շուկայում նկատվում է հումքի գների նվազում, ինչը նաև իր ազդեցությունն է ունենում տեղական ձեթի գների նվազման համար։
Այսպես, ՙՁեթ՚ ապրանքային շուկայում իրացվող 1 լիտր տեղական ՙՈսկե կաթիլ՚ ձեթի միջին մանրածախ գինը 2021 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին նվազել է 166 դրամով (16.5%), և այժմ իրացման միջին գինը կազմում է 1008 դրամ։ Տեղական արտադրության ձեթը շուկայում իրացվում է համեմատաբար ավելի ցածր գնով, քան ներմուծվող ձեթերը։
Հումքի թանկացումը նաև իր ազդեցությունն է թողել կաթնամթերքի շրջանառության ոլորտի վրա։ Այս ապրանքատեսակների թանկացումը նույնպես հիմնավորված է հաշվի առնելով նաև հետպատերազմյան ժամանակահատվածում իրացման ծավալների կրճատումը և շահութաբերության նվազումը։ Հարկ է նշել, որ տեղական արտադրության կաթնամթերքը (կաթնաշոռ, պաստերիզացված կաթ, թթվասեր, մածուն) շուկայում նույնպես իրացվում է համեմատաբար ավելի ցածր գնով, քան ՀՀ-ում արտադրված և Երևան քաղաքի խոշոր առևտրային օբյեկտներում իրացվող կաթնամթերքը։
Տարեսկզբին էական գնաճ է արձանագրվել ՙԲենզին՚ և ՙԴիզելային վառելիք՚ ապրանքային շուկաներում, որտեղ նույնպես ունենք գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ։ Հանձնաժողովը այս ոլորտում ուսումնասիրություն իրականացրել է 2021 թվականի 1-ին կիսամյակում, որի շրջանակում իրականացվել է բենզինի և դիզելային վառելիքի գնագոյացման վերլուծությունը։ ԱՀ-ում իրացվող վառելիքի իրացման գները ուղղակիորեն փոխկապակցված են ՀՀ-ում գործող գների հետ՝հաշվի առնելով ներմուծումը։ Նշված ապրանքատեսակների գների փոփոխությունները տեղի են ունենում ՀՀ-ում գործող գներին համաչափ՝պահպանելով 20 դրամ տարբերությունը (տեղափոխման և այլ ծախսեր)։
-Նկատել ենք, որ որոշ ապրանքների գներ մի քանի օրվա ընթացքում կարող են մի քանի անգամ փոխվել։ Ինչո՞վ է պայմանավորված։
-2021 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝տարվա այս սեզոնին, մշտադիտարկումները ցույց են տալիս, որ գները հաճախ տատանվում են բանջարեղենի և մրգի շրջանառության ոլորտներում։ Այս ոլորտներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ (բացառությամբ ՙԱդամաթուզ՚ ապրանքային շուկայից), իսկ գինը ձևավորվում է մրցակցության արդյունքում հաշվի առնելով, որ ոլորտում գործում են բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտներ։
Նշված ոլորտներում գնաճը պայմանավորված է ՀՀ-ում տեղի ունեցող գնաճով։ Հանձնաժողովը նշված եզրահանգմանն է գալիս ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում ստացված տեղեկատվությունների համադրման արդյունքում։
Հանձնաժողովը 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում գնային տատանումներ արձանագրել է նաև մի շարք այլ ոլորտներում, որտեղ առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ։ Հանձնաժողովի կողմից իրականացված վերլուծությունների և տրված զգուշացումների արդյունքում գնանկում է տեղի ունեցել սեղմված գազի, դիզելային վառելիքի և հավի ձվի իրացման ոլորտներում։
Հաճախ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները դիմում են Հանձնաժողովին նախատեսվող գնի փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով։ Նշված գործընթացների արդյունքում բազմիցս բացառվել է չհիմնավորված գների կիրառումը։ Չհիմնավորված գնի բացառման հիմնական լծակը օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցի մեծությունն է։ ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ օրենքի 27 հոդվածի համաձայն գերիշխող դիրքի չարաշահումը, մասնավորապես չհիմնավորված գների կիրառումը, առաջացնում է տուգանքի նշանակում ընկերության հասույթի 2% չափով։
-Ի՞նչ լծակներ ունեք գնաճին ազդելու համար։
- Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում գները կարգավորում է՝վերահսկելով միայն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների գնային քաղաքականությունը, և օրենսդրության համաձայն Հանձնաժողովին այլ լծակներ վերապահված չեն։
Հանձնաժողովի կողմից շարունակվում են շաբաթական մշտադիտարկումները գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող, ինչպես նաև լայն սպառման ապրանքների գների մշտադիտարկումը՝չհիմնավորված գների և հնարավոր հակամրցակցային համաձայնությունները բացառելու նպատակով։ Արձանագրված յուրաքանչյուր գնային փոփոխություն դիտարկվում է այս համատեքստում, իրականացվում են համապատասխան վերլուծություններ՝համադրելով ՀՀ-ում գործող գների հետ։