Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԱՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Առաջիկայում ԱՀ ԱՎԾ-ն կհրապարակի երկլեզու ժողովածու, որը կբովանդակի ԱՀ աշխատաշուկայի վերաբերյալ ամփոփ վիճակագրություն

ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունում (ԱՎԾ) օրերս կայացավ հանդիպում-քննարկում Արցախում առաջին անգամ հրապարակվող և վիճակագրական հարուստ տեղեկատվություն պարունակող ՙԱշխատանքի շուկա՚ ժողովածուի շուրջ։ Ներկա էին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ներկայացուցիչները, շահագրգիռ կառույցների պատասխանատուները, ոլորտի մասնագետները։
Մանուշ Մինասյանի պարզաբանմամբ՝ ժողովածուն ձևավորվել է մի շարք աղբյուրների տվյալների հիման վրա, մասնավորապես` աշխատանքի շուկայի վերաբերյալ տարիներ շարունակ հավաքագրվող պետական վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության վարչական ռեգիստրների պաշտոնական գործազրկության, զբաղվածների և առնչվող այլ տվյալների, իսկ ամենակարևոր նորարարությունն աշխատաշուկայի հետազոտությունն է, որն առաջին անգամ ԱՀ-ում սկսել են իրականացնել 2020թ.։ Ծրագիրը ֆինանսավորվել է պետբյուջեի միջոցներով։ Հանրապետության բոլոր շրջաններում աշխատել է 5 հարցազրուցավար։ ՙԱյն նախատեսված էր իրականացնել 2020թ. բոլոր ամիսներին, բայց Արցախյան երրորդ պատերազմի ցավալի իրադարձություններով պայմանավորված` մեզ չի հաջողվել ողջ տարին ընդգրկել հետազոտության շրջանակ։ Հետազոտությունն անց է կացվել 2020-ի առաջին 9 ամիսներին, ընդ որում, թագավարակի որոշ սահմանափակումներ ևս այս կամ այն չափով ազդել են տվյալների հավաքագրման վրա։ Հետազոտությունը շարունակվելու է նաև 2021թ. և հետագա տարիներին՚,- նշեց ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը։
Հետազոտության պարբերականությունը Մ. Մինասյանը կարևորեց նրանով, որ արդյունքում կունենանք ամեն տարվա վիճակագրական տվյալների դինամիկ շարք, ինչի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել ցուցանիշների վերլուծություն, դիտարկել տարիների միտումները և այլն։ Հետազոտությունն ընտրանքային էր, կատարվել էր համապատասխան մեթոդաբանությամբ։ Ուսումնասիրության շրջանակներում տեղեկատվությունը սովորաբար հավաքվում է բնակվող բնակչությունից՝ միջազգայնորեն կիրառվող մեթոդաբանությամբ և ընթացակարգով: Հիմնականում ստանդարտացված է նաև հետազոտության արդյունքներով հաշվարկվող ցուցանիշների շրջանակը:
Հարցազրուցավարները յուրաքանչյուր ամիս հետազոտել են 3 բնակավայր, ընդ որում` 1-ը քաղաքային և ընդհանուր 36 տնային տնտեսություն։ Հարցումներն իրականացվել են կամավորության սկզբունքով։ Հետազոտությանն ընդգրկված է 1620 տնային տնտեսություն, որից 720-ը քաղաքային, 900-ը գյուղական բնակավայրերում։ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի պարզաբանմամբ՝ հետազոտության նպատակը բնակչության զբաղվածության և գործազրկության առավել հայտնի ցուցանիշների վիճակագրական գնահատումից զատ, երկրի աշխատանքի շուկան բնութագրող առանցքային այլ ցուցանիշների, դրանց շարժընթացի ապահովումն ու հանրայնացումն է ըստ բնակչության նպատակային խմբերի՝ գյուղաբնակներ և քաղաքաբնակներ, կանայք և տղամարդիկ, երիտասարդներ և տարեցներ, հաշմանդամություն ունեցողներ և չունեցողներ, միգրանտներ, ոչ միգրանտներ և այլն: Աշխատանքի շուկան բնութագրող առանցքային ցուցանիշներից են՝ աշխատանքային ռեսուրսները, աշխատուժը, աշխատուժի թերօգտագործումը, գործազրկության տևողությունը, ֆորմալ ու ոչ ֆորմալ զբաղվածությունը և այլն: Մ. Մինասյանի խոսքով՝ հետազոտության այդ արդյունքներն անհրաժեշտ են նաև երկրի զբաղվածության քաղաքականության, ազգային ռազմավարությունների թիրախների սահմանման համար անհրաժեշտ տվյալների ապահովման, կարճ ժամկետներում երկրի մակրոտնտեսական իրավիճակի մշտադիտարկման և ռիսկերի գնահատման, ազգային հաշիվներում օգտագործման, միջազգային համադրումների համար, նաև եզակի աղբյուր է ոչ ֆորմալ զբաղվածության գնահատման համար:
Աշխատաշուկայի վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքները ներկայացրին Վիճակագրական ծառայության մասնագետները։ Սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը տեղեկացրեց 2019-2020թթ. աշխատողների թվի և աշխատավարձի վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները։ 2020թ. պետական վիճակագրական հաշվետվություններով՝ տնտեսավարող սուբյեկտներից հավաքագրած տվյալների համաձայն՝ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188 960 դրամ, ինչը 2019թ. համեմատ աճել է 7,5 %-ով: Ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների՝ 2020թ. միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 197057 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 171399: Ոչ պետական հատվածի նկատմամբ պետական հատվածի հարաբերակցությունը 2020թ. կազմել է 115%, 2019թ՝. 90,6%-ի դիմաց: 2019թ. համեմատ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 16,2%-ով, իսկ ոչ պետական հատվածում նվազել՝ 8,4%-ով: 2020թ. միջին ամսական անվանական աշխատավարձը 2,8 անգամ գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձը, 10,5 անգամ՝ նշանակված միջին ամսական կենսաթոշակը, 7,6 անգամ՝ փաստագրված նվազագույն պարենային զամբյուղը կամ ծայրահեղ աղքատության գիծը, 5,2 անգամ՝ փաստագրված նվազագույն սպառողական զամբյուղը կամ աղքատության ընդհանուր գիծը: Գործազրկության մասով արված վերլուծությունները փաստում են, որ 2020թ. տարեվերջին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 1255 մարդ, գործազուրկներինը՝ 1180, ընդ որում, նրանցից 293-ը՝ 16-29 տարեկան երիտասարդներ են, 28-ը՝ կենսաթոշակառու: Իսկ երկարատև գործազրկության մակարդակը կազմել է 90,3%: 2020թ. գործազուրկների տարեկան թիվը միջինում կազմել է 1141 մարդ (881կին, 260 տղամարդ): Աշխատանք փնտրող 1255 քաղաքացիներից ընդամենը 376-ն են ապահովվել աշխատանքով։
Գործազրկության մակարդակը բարձր է Ստեփանակերտում՝ 17,8%, իսկ աշխատուժի մասնակցության մակարդակը բարձր է այլ քաղաքային բնակավայրերում՝ 64,5%: 2020թ. հետազոտության արդյունքներով՝ հանրապետությունում զբաղված բնակչության թիվը կազմել է 56,4 հազ. մարդ, այդ թվում՝ տղամարդիկ՝ 31,1 հազար, կանայք՝ 25,3 հազար: Զբաղվածների թիվը քաղաքներում կազմել է 29,8 հազար, գյուղերում՝ 26,6 հազար մարդ:
Այս և մյուս վիճակագրական վերլուծությունները մանրակրկիտ կհրապարակվեն։ Առաջիկայում ԱՀ ԱՎԾ-ն կհրապարակի երկլեզու ժողովածու, որը կբովանդակի ԱՀ աշխատաշուկայի վերաբերյալ ամփոփ վիճակագրական ցուցանիշների ժամանակագրական շարքեր` եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:
Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց հետազոտական աշխատանքներում ընդգրկված ոլորտի տեղի և ՀՀ մասնագետներին այս դժվարին ժամանակահատվածում կատարած վերլուծությունների համար՝ միաժամանակ նշելով, որ ցանկացած վիճակագրական տվյալ օգտագործելիս միշտ էլ կա սխալի հավանականություն, քանի որ դրանք տնային տնտեսության անդամից ստացված սուբյեկտիվ պատասխաններն են, որոնք հարցազրուցավարները չեն կարող փոխել։