ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ԱՃ` ԱՐՑԱԽՈՒՄ. ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պատերազմի հետևանքով վնասված արտադրական ենթակառուցվածքների ու արտադրամասերի վերականգնման գործընթացին, տնտեսական ակտիվության ու արտադրության ծավալների ցուցանիշներին, վերաբացված արտադրական ձեռնարկություններին և հանրապետության տնտեսական կյանքին վերաբերող այլ հարցերի շուրջ ՙԱզատ Արցախ՚-ը զրուցել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տնտեսական զարգացման վարչության գործարար և ներդրումային միջավայրի բաժնի պետ Մաքսիմ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ։
-Պարոն Ալեքսանյան, ի՞նչ փուլում է գտնվում պատերազմի հետևանքով վնասված արտադրական ենթակառուցվածքների ու արտադրամասերի վերականգնման գործընթացը։
-Քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով հիմնականում վնասվել են որոշ արտադրամասերի տանիքներն ու պատուհանները, որոնց վերականգնման աշխատանքները, կարելի է ասել, ավարտված են։ Վնասվել են նաև գծային ենթակառուցվածքները՝ էլեկտրական ու կապի գծեր և օպտիկամանրաթելային համացանցի մալուխներ։ Ռազմական գործողությունների դադարի առաջին իսկ օրերից մեծ թափով սկսել ենք այդ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Այս պահի դրությամբ ունենք անխափան կապ, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարում ու համացանց։
-Պատերազմից հետո, ըստ եռամսյակային ու կիսամյակային տվյալների, արտադրական ծավալների ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել և ինչի՞ շնորհիվ։
-2021 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 19,2 միլիարդ ՀՀ դրամ, իսկ երկրորդ եռամսյակում այն ավելացել է 4,4 միլիարդ դրամով և կազմել 23,6 միլիարդ դրամ։ Իմ կարծիքով` արտադրական ծավալների ավելացումը կապված է խաղաղ ապագայի նկատմամբ տնտեսվարողների մեծ հույսի առկայության հետ։
-Արցախյան հայտնի ապրանքանիշեր ներկայացնող արտադրական ձեռնարկություններից` մասնավորապես նաև Արցախի օկուպացված բնակավայրերում մինչ պատերազմը գործունեություն ծավալողներից որո՞նք են վերաբացվել և գործում։ Այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ և ծրագրեր են իրականացվում։
-Հայտնի արտադրական ձեռնարկությունները, որոնք մնացել են Արցախի Հանրապետության հսկողության ներքո գտնվող տարածքներում, հիմնականում գործում են։ Այդ ցանկը մեծ է. Ստեփանակերտի կոնյակի գործարան, ՙԱրցախ Ալկո՚, ՙԱրցախ Ֆրուտ՚, ՙԱրցախ կաթ՚, ՙՂարաբաղ կարպետ՚ և այլն։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով օկուպացված բնակավայրերին՝ նշեմ, որ այնտեղ մինչ 2020 թվականի պատերազմական գործողությունները, կար բիզնես գործունեություն ծավալող, ընդհանուր առմամբ, 913 իրավաբանական անձ և անհատ ձեռներեց։ Պատերազմից հետո ԱՀ կառավարությունը մշակել է մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում արտոնյալ պայմաններով և պետության անմիջական օժանդակությամբ վերականգնել կորցրած բիզնեսները։ Տեղահանված բնակչության մի մասն օգտվել է այդ հնարավորությունից և արդեն ծավալել բիզնես-գործունեություն։ Վառ օրինակը օրեցօր բացվող արագ սննդի ու առևտրի նոր կետերն են։ Հաջորդ ծրագրի համաձայն՝ 5 միլիոն դրամը գերազանցող կորսված անշարժ և շարժական գույքի համար տրամադրվում է մուրհակ, ինչը հնարավորություն է տալիս ներկայացնել գործարար ծրագիր և վերականգնել բիզնեսը կամ մուրհակում նշված գումարի շրջանակներում նորը սկսել։
-Ընդհանուր առմամբ, քանի՞ արտադրական ձեռնարկություն է բացվել այս տարի։
-Բացվել է մոտ 20 ձեռնարկություն, որոնք զբաղվում են հիմնականում հացաբուլկեղենի և խմորեղենի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, չրերի, մուրաբաների և բնական թեյերի արտադրությամբ։
-Կա՞ն սկսնակ գործարարների աջակցության նոր ծրագրեր։
-Սկսնակ գործարարների համար ծրագրեր միշտ գործել են։ ԱՀ տարածքում գործում է պետական մասնակցությամբ ստեղծված մի քանի հիմնադրամ, որոնց հիմնական նպատակը օժանդակելն է փոքր ու միջին ձեռնարկատերերին։ Պատերազմից հետո գործող վարկային ծրագրերը վերանայվել են և, ի օգուտ սկսնակ ու գործող գործարարների, սահմանվել ավելի արտոնյալ պայմաններ։
-Ինչպիսի՞ վերլուծությունների հիմք են տալիս էկոնոմիկայի այս տարվա ցուցանիշները։ Ըստ Ձեզ, ի՞նչ են ցույց տալիս այդ թվերի վերլուծությունները։
-Ըստ ներկայիս տվյալների՝ կարող եմ փաստել, որ տարին փակվելու է բավարար ցուցանիշներով, եթե կորոնավիրուսի վարակով պայմանավորված սահմանափակումները նոր իրողություններ չստեղծեն։ Սակայն պարզ է, որ մինչև պատերազմն ունեցած տնտեսական ցուցանիշներին հասնելու համար դեռ տարիներ են պետք և ամենօրյա եռանդուն աշխատանք։