ԿԱՌՈՒՅՑԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չնայած հետպատերազմյան ժամանակաշրջանում, մի շարք հանգամանքներով պայմանավորված (այդ թվում նաև կորոնավիրուսով), Արցախում փոքր-ինչ դժվարացել է հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացը, այդուհանդերձ, ԱՀ պետական եկամուտների կոմիտեն կարողանում է ժամանակին իրականացնել իր գործառույթները։
Նախնական տվյալներով` 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 24,093 մլն դրամ` պլանավորված 17,100 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 40.9 տոկոսով կամ 6,993 մլն դրամով: ԱՀ ՊԵԿ-ի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Առստամյանի հավաստմամբ՝ հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 43.1 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 18,240.7 մլն դրամ:
Հոկտեմբեր ամսում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 2,691.8 մլն դրամ` պլանավորված 2,400 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով կամ 291,8 մլն դրամով:
Միայն հոկտեմբեր ամսին հարկային մարմնում հաշվառվել է թվով 75, լուծարվել` 7 տնտեսավարող սուբյեկտ: Իրականացվել է 1 լուծարային ստուգում, որի արդյունքում լրացուցիչ հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ չեն հայտնաբերվել։
Նույն ժամանակահատվածում կատարվել է 57 ուսումնասիրություն, որից 26-ը` հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման անհրաժեշտության, 11-ական` հարկային հաշվանցումների և վերադարձի հիմնավորվածության ու ԱՀ կառավարության 2021 թվականի ապրիլի որոշման հետ կապված, 7-ը` ակցիզային դրոշմանիշերի շարժի ու դրոշմավորման կանոնների պահպանման և 2 այլ բնույթի ուսումնասիրություն:
Հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից ընդունվել և մշակվել է 6,746 հաշվարկ-հաշվետվություն, որից էլեկտրոնային եղանակով` 6,417:
Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման նպատակով հարկ վճարողների հետ կնքվել է 34 պայմանագիր:
Հոկտեմբեր ամսում ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ օրենքի դրույթներին համապատասխան`կայացվել և ուժի մեջ է մտել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների գանձման 27 որոշում` 159 մլն դրամ գումարի չափով: Նույն օրենքի համաձայն`ԱՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն են ներկայացվել անբողոքարկելի դարձած 6 ստուգման կամ վարչական ակտ` շուրջ 14 մլն դրամ գումարի չափով:
Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի կամ փոխառությունների և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում նշված ամսում կատարվել է 34,8 մլն դրամ գումարի չափով վերադարձ: Եռամսյա ժամկետով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով գործունեությունը նոր սկսող 7 հարկ վճարողների տրամադրվել են հավաստագրեր:
Անդրադառնալով 2021 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին՝ Տ. Առստամյանն իրազեկեց, որ նշված ամսում ԱՀ տարածք են ներմուծվել 10,610.3 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 3,100.2 մլն դրամով կամ 29.2 տոկոսով: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 2,195.1 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,074 մլն դրամի դիմաց կամ՝ 104.3 տոկոսով ավելի:
Այդ ընթացքում շարունակվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱրցախիՀանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած նյութական վնասի չափի վերաբերյալ հարկ վճարողներից դիմումների ընդունման և տեղեկանք տրամադրելու գործընթացը, որի շրջանակում տրամադրվել է 20 տեղեկանք, մերժվել` 6 դիմում:
ՙՍա մեր կատարած աշխատանքների մի մասն է,- ասաց Տիգրան Առստամյանը։- Վերոնշյալ աշխատանքներին զուգընթաց, մեր կողմից ուսումնասիրվել են պետական կառավարման այլ մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերը: Հարկ է նշել նաև, որ ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը hոկտեմբեր ամսին հանդիպում է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ: Կողմերը քննարկել են երկու կառույցների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, էլեկտրոնային հարկային հաշիվների ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը՚:
Ինչ վերաբերում է համավարակով պայմանավորված դժվարություններին, Տ. Առստամյանի խոսքով` աշխատանքներ են տարվել նոր տեսակի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով: Մասնավորապես, ՊԵԿ նախագահի հրամանով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների պատասխանատու, կոմիտեի վարչական շենքերի մուտքերում և սպասարկման սրահներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել են անհատական պաշտպանիչ միջոցներով: