ԻՆՏԵՆՍԻՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻ
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հարցազրույց ծրագրի ղեկավարի հետ
Արցախում նախատեսվող ՙԳիտելիքահեն գյուղացիական տնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է՚ ծրագրի առանձնահատկությունների վերաբերյալ ՙԱզատ Արցախ՚-ի հարցերին պատասխանել է ՙԿրթություն՝ հանուն ապագայի՚ հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Գաբրիելյանը։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ՙԳիտելիքահեն գյուղացիական տնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է՚ ծրագիրը։
-ՙԳիտելիքահեն գյուղացիական տնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է՚ կրթական ոչ ֆորմալ ծրագիր է, որն նախատեսվում է իրականացնել Արցախի 8 գյուղում։ Ծրագիրը գյուղատնտեսության երկու ճյուղերի՝ բուսաբուծության և անասնապահության վերաբերյալ դասընթացների շարք էգ առաջինը՝ ՙՋերմոցային մշակաբույսերի արտադրություն և կառավարում՚, որը կազմակերպվելու է Արցախի 3 համայնքում.՝ երկուսում՝ 3-օրյա, իսկ մեկում՝ 10-օրյա ժամկետներով։ Մյուսը ճյուղը ՙՃագարաբուծական մթերքի արտադրություն և կառավարում՚-ն է, որն իրենից ներկայացնում է երկօրյա դասընթացների շարք՝ Արցախի 5 համայնքում։
Ամբողջ ծրագիրը համարվում է ագրոկրթական դասընթացների համալիր՝ հագեցած տեսական ու գործնական առաջադրանքներով։
-Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար։
-Ծրագրին կարող են դիմել ընտրված և հարակից համայնքների բոլոր այն բնակիչները, ովքեր հետաքրքրված են գյուղարտադրությամբ, ինչպես նաև ցանկացած ոք, ով կարող է գալ և մասնակցել տվյալ համայնքում կազմեկրպվող դասընթացներին։։
-Ի՞նչ առավելություններ ունի այն։
- Ծրագիրն իրականացվելու է հենց համայնքներում՝ այդպիսով աշխուժացնելով գյուղական միջավայրը, գյուղում ներդնելով կրթության հանդեպ նոր մշակույթ։ Դասընթացավարները հրավիրվելու են ՀՀ մասնագիտացված և փորձառու կազմակերպություններից, որոնք տվյալ ոլորտների աշխատակիցներ են, տիրապետում են անհրաժեշտ գիտելիքների և ունեն փորձ՝ դրանք հանրության լայն շրջանակների ներկայացնելու գործում։ Փորձագետները տեսական ու գործնական աշխատանքների միջոցով նպաստելու են մարդկանց գիտելիքների խորացմանը՝ գյուղատնտեսության վերը նշված ոլորտներում։
- Ի՞նչ կտա ծրագիրը մասնակիցներին։
-Ծրագրի հիմնական նպատակը համայնքների բնակչության գյուղատնտեսական գիտելիքների և կարողությունների զարգացումն է։ Տեսական գիտելիքները թույլ կտան ապահովել դրանց կիրառումն աշխատանքում։ Արդյունքում ջերմոցներ ունեցողները հնարավորություն կունենան ճիշտ տեխնոլոգիաների կիրառմամբ ստանալ ավելի որակյալ ու շատ արտադրանք, ունենալ կայուն եկամտի աղբյուր, պլանավորել հին տեխնոլոգիաները նորերով փոխարինելը։ Ջերմատներ հիմնադրելու ցանկություն ունեցողները՝ ստանալով նոր գիտելիքներ, տեղեկանալով նոր տեխնոլոգիաների մասին, հնարավորություն կստանան ճիշտ պլանավորել և գործնական քայլեր սկսել։ Այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ զբաղվել անասնապահությամբ, բնակիչներին դասընթացների միջոցով կներկայացվի ճագարաբուծությունը՝ որպես ագրոբիզնես և համապատասխան մթերքի արտադրության ու կառավարման մասին գիտելիքներ։
Փորձագետները մասնակիցներին կօգնեն նաև գործնականում կիրառել ստացած գիտելիքները։ Ապագայում մասնակիցները հնարավորություն կունենան սեփական տնտեսությունը հիմնել՝ արդյունքում ունենալով կորսված զբաղմունքի այլընտրանքային եկամտի աղբյուր, ինչը կնպաստի զբաղվածության խնդրի լուծմանը։ Բացի այդ ծրագրի միջոցով նաև փոքրիկ տնտեսական աշխուժություն է առաջանալու։ Նոր մոտեցումներով հնարավոր կլինի նպաստել Արցախի գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
-Արդյո՞ք ծրագիրը նպաստելու է Արցախում գյուղատնտեսության զարգացմանը։ Եթե այո՝ ի՞նչպես։
-Ներկա իրավիճակում, Արցախի գյուղատնտեսության առկա ռեսուրսներով զարգացման միակ ուղին ինտենսիվ գյուղատնտեսությունն է, որի կարևոր հիմքը՝ գիտելիքը, հմտությունն ու տեխնոլոգիաներն են։ Այս տեսակետից ծրագիր՝ մարդկանց գիտելիքների ու կարողությունների աստիճանի բարձրացմամբ՝ օգնելու է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը։
- Ի՞նչ առաջնահերթությամբ են ընտրվել ծրագրում ընդգրկված գյուղատնտեսական ճյուղերը և ի՞նչ առավելություններ ունեն դրանք հատկապես Արցախի պարագայում։
-Արցախում պատերազմից հետո գյուղատնտեսական նախկին պոտենցիալը գրեթե սպառվել է։ Մինչև պատերազմը չնայած մեծ ռեսուրսներին (վարելահողեր, արոտավայրեր, ոռոգման ջրեր), գյուղատնտեսությամբ զբաղվել են էքստենսիվ եղանակով՝ ծախսել են քիչ ֆինանսական և այլ ռեսուրսներ, ստացել՝ քիչ արտադրանք։ Բացի այդ, մակերեսային էին նաև գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքները։ Ներկա իրականությունը թելադրում է այլ իրողություններ ու պահանջներ։
Հաշվի առնելով սուղ պոտենցիալի հանգամանքը՝ գյուղատնտեսության բուսաբուծության ճյուղում անհրաժեշտություն է առաջանում անցնել փակ գրունտում բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանը, ջերմոցային տնտեսություններից բուսաբուծական արտադրանք ստանալ։ Ջերմոցային տնտեսությունների միջոցով գյուղացիներն ամբողջ տարվա ընթացքում հնարավորություն կունենան ապահովվել արտադրանքով և կայուն եկամտով։ Նկատի ունենալով արոտավայրերի և վարելահողերի բացակայությունը՝ անասնապահության ճյուղում նույնպես անհրաժեշտություն է առաջանում անցնել այլընտրանքային տարբերակների։ Որպես այդպիսի այլընտրանք կարող է հանդիսանալ ճագարաբուծությունը։ Այն կարելի է կազմակերպել փոքր տարածքներում ու շինություններում, ծախսել քիչ ռեսուրսներ ու կարճ ժամանակում ստանալ արտադրանք։ Այս երկու ճյուղերի արդյունավետ իրականացումը անհնար է առանց կրթության ու կայուն գիտելիքների։