[ARM]     [RUS]     [ENG]

Գորգագործության և կարի դասընթացներ արցախցի կանանց համար

 

Արցախում շուտով կմեկնարկեն գորգագործության դասընթացներ։ Այս մասին «Ազատ Արցախ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փրոջեքթ Հոփ Արմենիա» հասարակական կազմակերպության մենեջեր Մարիամ Գևորգյանը՝ նշելով, որ դասընթացները կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ՝ տեղահանված Շուշիից։ «Դասընթացների հիմնական նպատակը հատկապես տեղահանված կանանց զբաղվածության ապահովումն է, նոր մասնագիտության ձեռք բերումը»,-ասաց Մարիամ Գևորգյանը։ Ըստ նրա՝ դասընթացները կնպաստեն նաև Արցախում գորգագործության մշակույթի զարգացմանը։ Մարիամ Գևորգյանի խոսքով՝ մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն գորգագործություն և կարելու հմտություններ սովորել, այլև կծանոթանան գորգարվեստի պատմությանը։ «Ծրագիրն  իրականացվում է մասնավոր կառույցների հետ համագործակցությամբ, իսկ ղեկավարն Արցախի ծրագրերի զարգացման գծով ԱՀ նախագահի խորհրդական Վահե Քեուշգուերյանն է»,-նշեց Մարիամ Գևորգյանը։ Նրա տեղեկատվությամբ՝ դասընթացների մեկնարկը կտրվի մարտի 10-ին և կտևի մինչև հուլիս։ Մասնակցելու համար կարող են դիմել Արցախում բնակվող բոլոր կանայք՝ առանց տարիքային սահմանափակումների։ Ծրագիրը շարունակական է․  յուրաքանչյուր դասընթաց կտևի 4 շաբաթ, որի ավարտից հետո կհաջորդի մյուսը։ Ըստ մեր զրուցակցի՝  յուրաքանչյուր խմբում նախատեսվում է ընդգրկել 15-20 մասնակից։ Դասընթացները կանցկացվեն Ստեփանակերտում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-17։00։ Մասնակիցներին կտրամադրվի անվճար տրանսպորտային միջոց։

Լուսինե ՇԱԴՅԱՆ