[ARM]     [RUS]     [ENG]

Ճագարաբուծությունը՝ եկամտի այլընտրանքային միջոց

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Հացի, Նորշեն, Եմիշճան համայնքներում կազմակերպվել են «Ճագարաբուծական մթերքների արտադրություն և կառավարում» կրթական ոչ ֆորմալ դասընթացներ՝ «Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից:

Կազմակերպության նախագահ Իրինա Գաբրիելյանի ներկայացմամբ՝ պատերազմի հետևանքով կորսված ռեսուրսների և նոր իրողության պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվողներին անհրաժեշտ է անցնել ոլորտի բարձրարժեք ճյուղերի զարգացմանը, որի կարևոր գործոններն են կրթությունն ու գիտելիքը:

 «Նկատի ունենալով արոտավայրերի և վարելահողերի զգալի պակասությունը՝ անասնապահության ճյուղում անհրաժեշտ է անցնել այլընտրանքային տարբերակների: ՀԿ-ի համախոհներով որոշեցինք, որ այլընտրանք կարող է հանդիսանալ ճագարաբուծությունը: Այն կարելի է կազմակերպել փոքր տարածքներում ու շինություններում, կատարել ներդրումներ ու կարճ ժամանակում ստանալ արտադրանք, ինչպես նաև  կատարած ներդրումների վերադարձ: Այս ճյուղի արդյունավետ իրականացումն անհնար է առանց կրթության ու կայուն գիտելիքների»,- ասում է Իրինա Գաբրիելյանը:

Պատերազմից հետո Մարտունու շրջանի այս 5 գյուղերը հայտնվել են շփման գծին մոտ՝ հակառակորդի  թիրախում: Այստեղ նախկինում զբաղվում էին խոշոր եղջերավոր անասնապահությամբ, իսկ Ակնայում՝ հողագործությամբ, սակայն այժմ արոտավայրերի ու վարելահողերի մեծ մասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Ճագարաբուծական մթերքի արտադրության և կառավարման դասընթացների շրջանակում  բնակիչներին գիտելիքներ են փոխանցվել ավանդական և  ժամանակակից ճագարաբուծության, դրական ու բացասական կողմերի, անհրաժեշտ պայմանների, սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման ու հիվանդությունների դեմ պայքարի, ճագարների կերակրման առանձնահատկությունների, տոհմային բուծման, վաճառքի և ճագարաբուծությունը՝ որպես ագրոբիզնես զարգացնելու մասին: Ստանալով անհրաժեշտ գիտելիքները՝ գյուղացիները կկարողանան սեփական ճագարաբուծական տնտեսությունը հիմնելու արդյունքում ունենալ կորսված զբաղմունքի այլընտրանք և եկամտի աղբյուր:

«Կրթություն՝ հանուն ապագայի» ՀԿ-ն  առաջիկայում սկսելու է նաև  «Ջերմոցային մշակաբույսերի արտադրություն և կառավարում» կրթական ոչ ֆորմալ դասընթացների շարքը։ Առաջնագծամերձ գյուղերից բացի, նախատեսում են իրականացնել նաև Մարտունու շրջանի Մաճկալաշենում, որին կարող են մասնակցել նաև Սոս և հարակից գյուղերի բնակիչները։