[ARM]     [RUS]     [ENG]

Տեղացած ձյունը դրական ազդեցություն կունենա աշնանացանի և գարնանացանի վրա

 

Վերջին օրերին հանրապետությունում տեղացած ձյունը դրական ազդեցություն կունենա աշնանացան հացահատիկի  ցանքսերի վրա: «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում ասաց ԱՀ  գյուղատնտեսության  փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ հավելելով, որ  ձյան տեղումները  շատ  անհրաժեշտ են   /ճիշտ է, ոչ այսքան առատ / ցանքսի համար:

«Իհարկե,  որոշակիորեն կհետաձգվեն  գարնանը  նախատեսված դաշտային գյուղատնտեսական աշխատանքները, սակայն տեղումները դրական  ազդեցություն կունենան  աշնանացան և գարնանացան  մշակաբույսերի   բերքատվության վրա: Արձանագրված և սպասվող ցածր  ջերմաստիճանը նվազագույն  բացասական ազդեցություն  կունենա»,-ասաց Վ. Ավետիսյանը:

Հանրապետությունում  2022 թվականի բերքի տակ նախատեսվող  գարնանացանի  հողի նախապատաստական աշխատանքները  մեկնարկել են  դեռևս անցած տարվա դեկտեմբերից  և շարունակվել են  մինչև վերջերս՝ ընդհատվելով ձյան առատ տեղումների պատճառով:

Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ այս տարվա մարտի 18-ի դրությամբ  գարնանացանի  տակ նախապատրաստվել է 2 հազար 102 հեկտար տարածք, որից ցանքս է կատարվել 190 հեկտարի  վրա, այդ թվում՝ հաճար 101 հա, կտավհատ՝ 70 հա, գարի՝ 7 հա, կարտոֆիլ՝ 4 հա, բանջարեղեն՝ 8 հա:

Գարնանացանի աշխատանքները  պատշաճ  կազմակերպելու նպատակով  ԱՀ  կառավարության կողմից  հաստատվել է  «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության  խթանման» ծրագիրը, որի համաձայն՝ հողօգտագործողներին, որպես պետական աջակցություն, արժեքի սուբսիդավորմամբ  /կորնգանի և առվույտի դեպքում անհատույց/  կտրամադրվի գարնանացան որոշ  մշակաբույսերի սերմեր, իսկ մի շարք  գարնանացան մշակաբույսերից ստացված բերքը ԳԳԱՀ պահեստներում իրացնելու  դեպքում կտրամադրվի լրավճար:

  «Լրավճար է նախատեսվում նաև սիլոսի համար, եգիպտացորենի ու ծխախոտի  մշակությունից  ստացված  բերքի իրացման  դեպքում: Անհատույց ֆինանսական աջակցություն  կտրամադրվի  բանջարաբոստանային  բույսերի մշակությամբ  զբաղվող  հողօգտագործողներին»,-ասաց ԱՀ գյուղատնտեսության  փոխնախարարը:

Անդրադառնալով  առաջնագծամերձ տարածքներում գյուղատնտեսական  աշխատանքներին՝   Վիլեն Ավետիսյանը նշեց, որ կազմակերպվում են  ԱՀ   համապատասխան  կառույցների և Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի      համատեղ անվտանգային միջոցառումներով: Սակայն վերջին շրջանում մշակվող, բայց  վտանգավոր որոշ տարածքներում  աշխատանքները  ժամանակավորապես կասեցված են:

Անի Մանգասարյան