ՀԱՄԱՌՈՐԵՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ ՀԱՄԱՐՁԱԿ ԵՐԱԶԱՆՔԻՆ
Վերջերս գործի բերումով հաճախ եմ լինում Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում: Հասարակական նշանակության բոլոր կառույցները գտնվում են գյուղի կենտրոնում` համայնքապետարանը, հանրակրթական դպրոցը, մանկապարտեզը, հիվանդանոցը, վարսավիրանոցը… Հուրախություն գյուղացիների` պատերազմից հետո կենտրոն տանող բոլոր փողոցներն ասֆալտապատվել են, լուսավորվել: Ամեն անգամ կենտրոնական այդ փողոցով անցնելիս, ուշադրությունս գրավում էր մի նորակառույց երկհարկանի շենք, որտեղ շինարարական աշխատանքները, կարծես, չէին դադարում: Վերջերս նկատեցի, որ շենքի դռները բաց են, ներսում մարդիկ կան նստած: Պարզվեց` սրճարան էր ուշադրությունս գրաված նորակառույցը: Մտա սրճարան…
Հաթերքցի Լյովա Մարտիրոսյանը վաղուց էր երազում գյուղամիջում սրճարան կամ նմանատիպ մի օբյեկտ կառուցել: Չէր հաշտվում այն իրողության հետ, որ Հաթերքի նման խոշոր գյուղում, հենց կենտրոնում` ամենաբանուկ մասում չկա սրճելու, թեյելու հնարավորություն: Գյուղում անցուդարձը մեծ է, հյուրերը` շատ, և շատ տեղին կլիներ սրճարանի գոյությունը, համոզված է նա: Գաղափարն այս մտքից դուրս չէր գալիս, և մի օր Լյովան վճռեց, տեղն ընտրեց ու սկսեց շենքի կառուցումը: Նա հպարտությամբ է տեղեկացնում, որ երկհարկանի այս շենքը միայնակ է կառուցել: Շինարարության ամեն մի փուլի մասին էլ պատմում է մանրամասնորեն, ոգևորությամբ` զրուցակցին հավատ ներշնչելով, որ, իրոք, ապրում էր այդ գաղափարով, որ ուժ էր գտնում չհուսահատվել դժվարություններից, խնդիրներից, որոնք պարզապես «սպասում» էին նրան ամեն քայլափոխի: «Անշուշտ, դժվար էր,- համաձայնում է նա,- կային պահեր, որ ես էի վարպետը, ինձ էլ օգնում էին բանվորները, և կային պահեր, երբ ես էի որպես բանվոր օգնում վարպետին»:
Դա եղել է մինչև պատերազմը, որը խառնեց բոլոր պլանները: Բայց Լյովա Մարտիրոսյանը չհուսահատվեց, չլքեց հայրենի գյուղը: Հակառակը, նա համոզված է, որ գյուղն էլ ավելի պետք է շենացնել ու այդպես պայքարել թշնամու դեմ: «Իհարկե, բանակը պետք է լինի հզոր, պաշտպանությունը` պատշաճ մակարդակի, քանի որ թշնամու սադրանքներին, հարձակումներին, առաջին հերթին, պատասխանում, դիմադրում է բանակը: Բայց թիկունքն էլ պետք է լինի ուժեղ, ապահով,- պնդում է նա,- գյուղում ապրող մարդը պետք է ապրի ապահով ու լիարժեք կյանքով, որ աչքը դրսի վրա չլինի»:
Պատերազմի ժամանակ ռմբակոծությունից շենքը վնասվեց, պատուհանները ջարդվեցին: Պետության կողմից տրամադրած աջակցությունից օգտվելով` պատուհանները նորից տեղադրեց: Մնացած աշխատանքները` ներքին հարդարման, ջեռուցման, համապատասխան սարքավորումների ձեռքբերման, կամաց-կամաց շարունակեց` էլի մենակ:
Բայց նա մենակ չէ: Կողքին են սիրելի կինը` Նունե Մակյանը, հարազատները: Եվ բիզնեսը ընտանեկան է, հարազատներն էլ` նրա հենարանն են: Լյովան ու Նունեն ունեն երկու զավակ` դուստր և որդի: Սրճարանը կրում է առաջնեկի` Եվայի անունը: Հիմնականում պիցցա և զանազան կարկանդակներ են պատրաստվում, այն էլ` էկոլոգիապես մաքուր եղանակով, գոհունակությամբ շեշտում է Նունեն: Այսինքն, բացատրում է նա, կարկանդակները ոչ թե տապակվում, այլ թխվում են: Ուտեստների տեսականին, վստահեցնում է նա, էլ ավելի կհարստանա, և ամբողջը կպատրաստի ընտանիքը: Միայն ըմպելիքներն են գնում:
Այսօրվա դրությամբ, սրճարանի հաճախորդները դպրոցի բարձրդասարանցիներն են, ինչպես և հարևանությամբ գործող հիմնարկների աշխատակիցները: Բայց մեծ հույսեր ունեն, որ ամառվա ամիսներին շատ զբոսաշրջիկներ կլինեն և գործն էլ ավելի կթեժանա: Փաստորեն, գյուղը պատրաստվում է զբոսաշրջության սեզոնին: Հիշեցի համայնքի ղեկավար Վ. Գրիգորյանի հետ հարցազրույցում հնչած այն միտքը, որ զբոսաշրջությունը պետք է դառնա գյուղի զարգացման գլխավոր ոլորտներից մեկը: Եվ Լյովա Մարտիրոսյան ու Նունե Մակյան զույգը մեծ սպասումներ ունի գյուղում այս ոլորտի զարգացման գործընթացից:
Չէի կարող չհարցնել վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների, դրանց հետ կապված նրանց մտորումների մասին: Մի պահ լռեցին` մտահոգված, բայց և վստահեցրին, որ հավատում են երկրի վաղվա օրվան, որ երկիրը դուրս կգա այս դժվար իրավիճակից, իսկ հիմա կարևորն այն է, որ յուրաքանչյուրն իր տեղում իր գործն անի, այն էլ` հավուր պատշաճի:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ