[ARM]     [RUS]     [ENG]

Գարնանացանի ընթացքն ու անմշակ հողատարածքների օգտագործման հնարավորությունը

 

Հարցազրույց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Վիլեն Ավետիսյանի հետ

- Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ ընթացք ունեն գարնանացանի աշխատանքները, ժամանակացույցին համապատասխանու՞մ են:

- Գարնանացանի համար հողի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից, շարունակվում են: Կարելի է ասել, որ դրանք նախատեսված ժամկետներին համապատասխան են ընթանում: Բացառություն են միայն փոքր-ինչ հետաձգված ցանքսի աշխատանքները` պայմանավորված վերջերս ձյան առատ տեղումներով: Այդ է պատճառը, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշների որոշակի նվազում ունենք: Անջրդի տարածքների ցանքսը, բնականաբար, հիմա է իրականացվում, որպեսզի մշակաբույսերը կարողանան օգտվել տեղումներից: Ոռոգովի տարածքների ցանքսը թույլատրվում է նաև ուշ կատարել: Գարնանացանի աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև մայիսի կեսն ընկած ժամանակահատվածը:

- Խոչընդոտներ կա՞ն գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին իրականացնելու համար:

-Գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտող հանգամանքներ չեն եղել, բացառությամբ հակառակորդի նշանառության տակ գտնվող այն հատվածների, որտեղ փոքր-ինչ վտանգավոր է: Այդ հատվածներում գյուղատնտեսական աշխատանքները համակարգվում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ: Մնացած տարածքներում առանձնապես խնդիրներ չեն եղել, որոնք կխոչընդոտեին գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին կատարելու համար: Առկա է նաև գյուղատնտեսական բավարար տեխնիկա:

- Աջակցության նոր ծրագրերից որո՞նք են արդեն մեկնարկել:

- Կառավարության կողմից հաստատված 3 ծրագիր ունենք բուսաբուծության ոլորտում: Արդեն իսկ իրականացվում է ջերմոցային զարգացման ծրագիրը: Գործող ջերմոցներում նախատեսվում է տրամադրել 1 քառակուսի մետրի դիմաց 300 և 600 դրամի չափով աջակցություն՝ հաշվի առնելով ջեռուցվող և ոչ ջեռուցվող լինելը: Նոր կառուցվող ջերմատներին պետությունը 1 քմ համար տրամադրում է ավանդական ջերմոցի դեպքում 8000 դրամ, իսկ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցների դեպքում՝ 22000 դրամ: Գործում է նաև ցանքաշրջանառության խթանման ծրագիրը: Այժմ գարնանացան մշակաբույսերի, սերմերի տրամադրման գործընթացն է իրականացվում: Շրջաններից ստացել ենք համապատասխան անվանական ցուցակները, ներկայացրել Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ, որի միջոցով սերմերը տրամադրվում են հողօգտագործողներին: Այս տարի պետական աջակցություն է գործում եգիպտացորենի, արևածաղկի, կտավատի, հնդկացորենի և բազմամյա կերային բույսերի մշակության համար: Բացառությամբ բազմամյա կերային խոտաբույսերի՝ մնացած սերմերը տրամադրվում են արժեքի 80℅ սուբսիդավորմամբ, իսկ բազմամյա կերային խոտաբույսի դեպքում՝ անհատույց: Այն հողօգտագործողներին, որոնք եգիպտացորեն կցանեն սիլոս ստանալու համար, նախատեսում ենք իրացվող հումքի 1 կիլոգրամի դիմաց տրամադրել 10 դրամի չափով լրավճար: Կարծում եմ, սա ևս խթան պետք է հանդիսանա, որ հողօգտագործողները դաշտերի մի մասն օգտագործեն սիլոսի համար, որպեսզի ունենանք կայուն կերային բազա՝ տոհմային կայանի համար:

- Գարնանացան ո՞ր մշակաբույսերն են ցանքսի ցուցանիշով այս տարի գերակշռում:

- Գերակշռող մասը բաժին է ընկնում հացահատիկային բույսերին (գարնանացան ցորեն, գարի, հաճար, եգիպտացորեն): Պետք է առանձնացնել բազմամյա խոտաբույսերի ցուցանիշը, որի սուբսիդավորումը կատարվում է անհատույց: Պատճառն այն է, որ անցած տարի և այս ձմռանն ունեցել ենք որոշակի խնդիրներ՝ կապված անասնակերի հետ: Սուբսիդավորումը, կարծում եմ, այդ առումով դրական ազդեցություն կունենա:

- Անմշակ տարածքներ ունե՞նք, որոնք այս տարվանից կմշակվեն:

- Հավաքագրված տվյալների համաձայն՝ մեր վարելահողերի շուրջ 5℅-ը մշակության համար առայժմ պիտանի չէ: Կան արդեն որոշ միջոցառումներ այդ տարածքները մաքրելու և շրջանառության տակ դնելու համար: Դրանք կօգտագործվեն ըստ նպատակահարմարության և գոտիականության: Այնտեղ, որտեղ հնարավոր կլինի ոռոգում ապահովել կմշակվեն ավելի բարձրարժեք բույսեր, իսկ անջրդի տարածքները կօգտագործվեն աշնանացան հացահատիկի համար:Կարծում եմ, այս տարվանից հնարավոր կլինի մշակել այդ հողերը: Եթե նույնիսկ չհասցնենք գարնանացանին, ապա կօգտագործվեն աշնանացանի կամ այգիների հիմնադրման համար:

Նանիկ Աղասյան