ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ԹՐՓԱՆՋՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ Արցախի Մարտունի քաղաքում ձեռնարկատիրական գործունեություն է ընդլայնել նաև երիտասարդ ձեռներեց Գոռ Հայրապետյանը։ Օրերս Մարտունի քաղաքում ռեստորան է բացել՝ 4 տաղավարով։ Ապահովվել է 5 աշխատատեղ։
«Եթե ապրում ենք Արցախում, ուրեմն հաստատակամ ենք՝ մնալու ենք մեր հողում։ Պարտավոր ենք աշխատել ու ներդրումներ անել»,-ասում է Գոռը։ Մոտ ապագայում մտածում է ռեստորանին կից հանգստյան գոտի ստեղծելու մասին։
Անդրադառնալով իրականացվող ծրագրերի նպատակներին՝ մեզ հետ զրույցում ԹԳՀԶԾ Ստեփանակերտի գրասենյակի մենեջեր Լիլիթ Ղազարյանն ընդգծեց նախ զբաղվածության խնդրի լուծումը, ապա նաև Արցախի տնտեսական զարգացմանը նպաստելը։
«Պատերազմից հետո շարունակում ենք ծրագրերն Արցախում։ Մինչև այսօր ստեղծվել է մոտ 15 բիզնես՝ Սոս, Այգեստան, Խնածախ համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոններում»,-ասաց Լիլիթ Ղազարյանը՝ նշելով, որ բացվել են հացի արտադրամասեր, արագ սննդի, ավտոլվացման կետեր, գեղեցկության սրահներ։ Շահառուները զբաղվում են նաև թռչնաբուծությամբ։ Մենեջերի խոսքով՝ ունեն ընթացքավորված ու հաստատված ծրագրեր։
«Առաջիկայում Նորագյուղ համայնքում կբացվի հրուշակեղենի արտադրամաս, անասնակերի արտադրություն, ջերմոցային տնտեսություն, Այգեստանում՝ հացի արտադրամաս, Աստղաշենում՝ մսի խանութ, նաև հանգստյան գոտի՝ Քռասնիում ու Ննգիում»։
Մեր զրուցակիցը հավաստիացնում է՝ հետևողական են բիզնես-ծրագրի կայացման, նրա հետագա գործունեության, ինչպես նաև տրամադրվող ռեսուրսների նպատակային օգտագործման հարցերում։ Պարբերաբար դիտարկումներ են իրականացնում։
Շահառուները, որոնք հաջողությամբ են իրականացնում իրենց նախագծերը կարող են կրկին դիմել ծրագրին ու ստանալ ֆինանսական աջակցություն՝ ընդլայնման կամ նոր բիզնես-ծրագրի համար։
Լիլիթ Ղազարյանի դիտարկմամբ՝ արտադրություններում ու ծառայություններում հիմնական խնդիրը աշխատող գտնելն է։
«Ունենք հաստատված ծրագրեր, ընդլայնման ներուժ, զուտ աշխատողի խնդիր կա։ Փորձում ենք խրախուսել շահառուներին, որպեսզի նրանք էլ մոտիվացնեն ու աշխատողներ ներգրավեն»։
Ծրագրի հիմնական նպատակը Արցախի գյուղական համայնքներում փոքր և միջին ձեռներեցության զարգացումն է, ինչը կարևոր է հատկապես հետպատերազմյան շրջանում։
Նոյեմբերին կտրվի ԹԳՀԶԾ-ի դասընթացների հերթական մեկնարկը։ Այդ շրջանակներում կենսունակ գործարար գաղափարներ ունեցող և դրանց իրագործմանը պատրաստ մասնակիցներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ արտոնյալ վարկի տեսքով։
Մենեջերի խոսքով՝ բավականին հաջողակ շահառուներ կան, ովքեր ընթացիկ դասընթացներին կիսվում են իրենց փորձառությամբ ու խորհրդատվությամբ՝ հաջողության հասնելու համար կարևորելով աշխատասիրությունն ու պատասխանատվությունը։
Թրփանջյանի կողմից Արցախում արդեն տևական ժամանակ է իրականացվում են տարբեր բարեգործական և կրթական նախագծեր։ Ծրագրի շրջանակներում այստեղ գործում է ավելի քան 60 բիզնես։
Լուսինե ՇԱԴՅԱՆ