ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՇՆԱՆԱՑԱՆԸ
Արցախում աշնանացանը մեկնարկել և ընթանում է իր բնականոն հունով. այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Վիլեն Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ 2022-ի աշնանացանի տակ կատարված հերկն ու մյուս նախապատրաստական աշխատանքները գրեթե չեն զիջում նախորդ տարվա ցուցանիշներին։ Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ նվազման միտում չկա։ Անձամբ իրենց՝ գյուղոլորտի պատասխանատուներին թվում էր, որ այս տարի կնվազեն ցանքսի ցուցանիշները, բայց հուրախություն մեզ՝ այդպես չեղավ։
Ըստ Վ. Ավետիսյանի՝ աշնանացանի հիմնական մասը ցորենն ու գարին են կազմում։ Վերջին տարիներին դրանց զուգահեռ ցանքաշրջանառության մեջ էր դրվել նաև տրիտիկալը, որը մեծամասամբ օգտագործվում է որպես անասնակեր։ Տրիտիկալը բարձր բերքատվությամբ մշակաբույս է, և մեր տարածաշրջանում մի քանի տարի առաջ փորձարկելուց հետո որոշ հողօգտագործողներ շարունակում են ցանել այն։ Տարիներ շարունակ Գյուղնախարարությունը ձգտել է հարստացնել Արցախում տարածված մշակաբույսերի ցանկը՝ պարբերաբար այն համալրելով նոր տեսակներով։ Այդ բազմազանությունն անհրաժեշտ էր իրական ցանքաշրջանառությունն ապահովելու համար։ Արցախցի հողօգտագործողը, ավանդականը պահելով, սկսել է որոշակի տեղ տալ նաև նոր մշակաբույսերին։
Վ. Ավետիսյանը ցավով նշեց, որ այս տարի աշնանացանի համար չկա աջակցության ոչ մի ծրագիր։ Նախորդ տարի բավականին մեծ աջակցություն էր ցուցաբերվել. Ռուսաստանի Դաշնությունից որակյալ սերմ էր ներկրվել և սուբսիդավորված արժեքով տրամադրվել հողօգտագործողներին։ Արդյունքն էլ գոհացուցիչ էր. 2022-ի բերքատվության ցուցանիշները բավականին բարձր են եղել։ Եթե լինեն հողօգտագործողներ, ովքեր նախորդ տարվա էլիտար սերմացուից ստացված բերքից կկատարեն աշնանացանը, կարելի է լավ ակնկալիքներ ունենալ, ասում է Վ. Ավետիսյանը և հավելում, որ բնության քմահաճությունները ևս պետք է հաշվի առնել։
Աշնանացանին խոչընդոտող ի՞նչ հանգամանքներ կան։ Առկա տեխնիկան կբավարարի՞ համապատասխան ժամկետներում ցանքսն ավարտին հասցնելու։
Խոչընդոտող միակ հանգամանքը, ըստ Վ. Ավետիսյանի, դիզվառելիքի բարձր գներն են ու դրա հետևանքով գյուղատնտեսական ծառայությունների թանկացումը։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ տեխնիկայի առումով խնդիր չկա, բայց արի ու տես, որ բարձրացել է կոմբայնավարի, տրակտորիստի ու մյուս մեխանիզատորների՝ աշխատանքի դիմաց վճարը։ Հնարավոր է՝ հանրապետության մի շրջանում ավելի քիչ տեխնիկա լինի, քան մյուսում, բայց, ընդհանուր առմամբ, Արցախում ցանքս կատարելու համար գյուղտեխնիկան բավարարում է»,- ասում է Վ. Ավետիսյանը։
Արցախյան վերջին պատերազմից հետո հողօգտագործողները նյութատեխնիկական բազան թարմացնելու հնարավորություն չեն ունեցել, առկա գյուղտեխնիկան հնարավոր է մաշվածության խնդիր էլ ունի։ Այս ուղղությամբ դեռևս չեն գործում պետական աջակցության ծրագրերը։
Վերջին երկու տարում հանրապետությունում զարկ է տրվել այգեգործությանը։ Այս ճյուղի զարգացման նպատակով գործում է նաև պետական աջակցության ծրագիր՝ տնկիների արժեքի մասնակի փոխհատուցման տեսքով։ Նախորդ տարիների համեմատությամբ գերակշռում են ոչ թե նռան այգիները, այլ պտղատու տարբեր այգիներ են հիմնվում (սերկևիլ, արքայանարինջ, դեղձ և այլն)։ Երևույթը նույնպես պայմանավորված է տարածքների կորստով, քանի որ նռան այգիներ հիմնելու համար դաշտավայրային պայմաններ են անհրաժեշտ։
Լայն թափ է ստացել նաև խաղողայգիների հիմնադրման գործընթացը։ Այս ոլորտի վերաբերյալ ևս նախարարի տեղակալը չցանկացավ թվեր հրապարակել, միայն փաստեց, որ արդյունքները գոհացուցիչ են։
Թե երբ կավարտվեն աշնանացանի աշխատանքները՝ Վ. Ավետիսյանը ժամկետներ չնշեց. ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից։ «Մեզ մոտ երբեմն աշնանացանը շարունակվում է նաև դեկտեմբեր ամսին, բայց հիմնականում մինչև նոյեմբերի 15-20-ն այն ավարտին է հասցվում։ Գյուղնախարարությունը հետևողական աշխատանքներ կտանի՝ աշնանացանի աշխատանքները ագրոժամկետներում ավարտին հասցնելու համար»,- ասաց Վիլեն Ավետիսյանը։
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ