[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵԼՈՎ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԵՐԿԻՐ, ՑԱՎՈՔ, ՄԵՆՔ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԻՆՔՆԱԲԱՎ ՉԵՆՔ

DSC_9940.jpgԻսկ դա  նշանակում է, որ դեռևս շատ անելիքներ ունենք երկրի պարենային  անվտանգության 
ապահովման  ուղղությամբ
Այս օրերին, երբ ավարտին է մոտենում գյուղատնտեսական տարին և երբ գյուղնախարարությունը պատրաստվում է հոկտեմբերի 14-ին շուքով նշելու Գյուղատնտեսության  աշխատողի օրը, առավել հրատապ է դառնում բնագավառի խնդիրներին ու անելիքներին անդրադառնալը: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ: 
-Պարոն Խաչատրյան, ավարտվում է գյուղատնտեսական տարին: Ինչպիսի՞ ցուցանիշներ ունենք:
- Արդյունքների մասին պատկերացում  տալիս են արձանագրված ցուցանիշները.  գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2012թ. հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 12417.4 մլն դրամ, ինչը 2011թ. նույն ժամանակահատվածի  համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 26,1%-ով` հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի աճով: Այդ ժամանակաշրջանում  գյուղատնտեսության համախառն արտադրանքի 57,1 %-ը կազմել է անասնաբուծության համախառն արտադրանքը և 42,9 %-ը՝ բուսաբուծության համախառն արտադրանքը: 2012թ. հանրապետությունում ցանքատարածքների ընդհանուր մակերեսը  շուրջ 66590,0  հեկտար է; Ինչպես և նախորդ տարում, այս տարի ևս գյուղատնտեսական ցանքատարածությունների զգալի մասը կազմել են հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի ցանքատարածությունները: Անասնաբուծության բնագավառում համախառն արտադրանքը, փաստացի գներով, 2012թ. հունվար-հունիսին կազմել է 7085.7 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 12,5 %-ով: Հանրապետությունում աճել է նաև խոշոր եղջերավոր անանսունների,  խոզերի, մանր եղջերավորների և թռչունների գլխաքանակը:
-Ի՞նչ կասեք հացահատիկայինների բերքահավաքի արդյունքների մասին, ե՞րբ ենք վերջապես կարողանալու բավարարել ներքին պահանջները:
- Այս ոլորտում էլ դրական տեղաշարժեր են զգացվում, չնայած չի կարելի ասել, թե արդյունքներից շատ գոհ ենք: 2012 թվականի բերքի տակ հանրապետությունում կատարվել է  շուրջ 61550,0 հեկտար հացահատիկի ցանքս: Ընդհանուր ցանքատարածքներից 54384,5 հեկտարը աշնանացան մշակաբույսեր են, իսկ 7166,0  հեկտարը` գարնանացան: Համեմատած նախորդ տարվա հետ, հացահատիկայինների ցանքատարածքներն ավելացել են մոտ 9000,0 հեկտարով:  Բերքահավաքը, ընդհանուր առմամբ, ընթացել է կազմակերպված, առանց արտակարգ պատահարների, բացառությամբ 3 դեպքի` Մարտակերտի շրջանում, որի հետևանքով այրվել է 7,3 հեկտար ցորենի արտ: Գրանցված  վերջին օպերատիվ տվյալներով՝ ցանված 61550,0 հա տարածքներից ընթացիկ տարում հնձվել է   58233.0 հա (ներառյալ եգիպտացորենը), կալսված է 103265.0  տոննա հացահատիկ:  Բերքատվությունը միջին հաշվով կազմում է 17,7 ց/հա: Ցավոք,  նախորդ տարվա համեմատ  բերքատվության մակարդակում նվազում է արձանագրվել 1,3 ց/հա, կամ 6,8%-ով: Փոխարենը 10055.0 տոննայով, կամ 10,8 %-ով, ավելացել է համախառն բերքը, որը հիմնականում պայմանավորված է ընդհանուր ցանքատարածքների  ավելացմամբ: 
Մեր ակնկալիքներն ավելի բարձր էին, սակայն բնական աղետների հետևանքով հանրապետության հացահատիկի ցանքատարածքներին էական վնաս է հասցվել, որով և պայմանավորված է բերքատվության ցուցանիշների նվազումը: Ընդհանուր առմամբ Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Քաշաթաղի շրջաններում տուժել է մոտ 3800.0  հեկտար ցանքս, որից 100%-ով՝ շուրջ 2550.0 հեկտար:
Բացի գարնանային անբարենպաստ եղանակային պայմաններից, բերքահավաքի բուռն շրջանում տեղացած տևական անձրևները ևս զգալիորեն ազդել են բերքատվության վրա : Հարկ է նշել, սակայն, որ ցածր բերքատվության պատճառը ոչ միայն բնակլիմայական պայմաններն են, այլև նախ և առաջ` հողօգտագործողների կողմից ագրոտեխնիկական կանոններին չհետևելը: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ, անգամ սակավանձրևային պայմանններում, այն հողօգտագործողները, ովքեր հողի մշակությունը կատարել են ագրոկանոնների համաձայն և իրականացրել են ցանքսերի խնամքի աշխատանքներ, ստացել են բարձր բերք: 
 - Հավաքված բերքի  ցուցանիշները կարելի՞ է  գոհացուցիչ համարել։  Եթե ոչ,  ապա ի՞նչ ծրագրեր եք նախանշում՝ առաջիկայում  առավել  լավ ցուցանիշներ արձանագրելու համար։ 
 - Ինչպես նշեցինք վերևում, անելիքներ դեռ ունենք, և, իսկ քանի դեռ կան անելիքներ՝արդյունքները գոհացուցիչ լինել չեն կարող:Գյուղնախարարության կողմից իրականացվում են մի շարք կարևոր ենթաշրջանային և ճյուղային զարգացման ծրագրեր: Սկսած 2008թ.-ից գործում է սև ցելի ծրագիրը, 2009թ-ից` եգիպտացորենի արտադրության խթանման ծրագիրը: ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով տրամադրվում են անտոկոս վարկեր սեփականաշնորհված տարածքներում աշնանացանի իրականացման համար, ինչպես նաև` արտոնյալ վարկեր տարբեր ծրագրերի համար: Ներկրվում են սերմեր, պարարտանյութեր և թունաքիմիկատներ, որոնք  պայմանագրային հիմունքներով (բերքահավաքից հետո վճարման պայմանով) տրամադրվում են հողօգտագործողներին: Ընթացիկ տարվա գարնանացանի իրականացման համար ՀՀ-ից և արտերկրից ներմուծվել  են  ութ տարբեր տեսակի մշակաբույսերի սերմեր, որոնք տրամադրվել են սեփականատերերին՝ գնի 50% սուբսիդավորմամբ, իսկ վարձակալներին` 40 % սուբսիդավորմամբ:
Ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության ծրագրի իրագործումը, որը մոտ ապագայում հնարավորություն կտա բարձրորակ սերմերով լրիվությամբ բավարարել հողօգտագործողների պահանջարկը: 
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս աշխատանքներ են տարվում բնական աղետներից  բերքի անվտանգության ապահովման ուղղությամբ: Կառավարությունը, հասցված վնասների փոխհատուցմանը զուգահեռ, զգալի միջոցներ է հատկացնում հակակարկտային կայանների տեղադրման վրա: Ձեռք են բերվել և տեղադրվել 52 հակակարկտային կայաններ, որոնք անցյալ տարվանից գործարկում է ԼՂՀ փրկարար ծառայությունը: Առաջիկա տարիներին հակակարկտային կայաններ կտեղադրվեն նաև կարկտավտանգ այլ տարածքներում։ 
-Խաղողագործության զարգացման հեռանկարների մասին շատ է խոսվում, մինչդեռ փաստը ցույց է տալիս, որ  հաճախ նաև իրացման խնդիր է լինում: 
-Խաղողագործությունն Արցախում համարում եմ ոչ միայն գյուղատնտեսական ավանդական ճյուղ, այլև ճշգրիտ մշակման և ըստ  ժամանակակից պահանջների ագրովերամշակման ու  արտաքին շուկա դուրս գալու դեպքում՝ բնակչության եկամուտների ապահովման կարևոր աղբյուր։ Դրա համար այդ ճյուղի հիմնախնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են։ Նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի բերքի ծավալները ավելի քան կրկնապատկվել են։ 2011թ. դրությամբ՝ ունենք բերքահավաքի ենթակա 1960.0 հա խաղողայգի: Այսօրվա դրությամբ բերքահավաքը կատարվել է 1456.0 հեկտար տարածության վրա, հավաքվել է 9644.0 տոննա խաղող՝66,2 ց/հա  միջին բերքատվությամբ: Ինչ վերաբերում է մթերմանը, ապա ներկա պահին նման խնդիր չկա. մթերող կազմակերպություններն ամբողջությամբ ընդունում են հումքը, սակայն ի տարբերություն խորհրդային տարիների, այսօր իրացման մեծ շուկա չկա։ Այն  ավելի շատ   ներքին սպառման նշանակություն ունի: Խաղողագործության զարգացումը ես տեսնում եմ գործարանների վերազինման, արտադրվող գինիների և կոնյակների որակի բարձրացման ու արտաքին շուկա դուրս գալու հետ: 
-Գյուղի զարգացում նշանակում է գյուղատնտեսության  զարգացում՝ ընդհանրապես: Ինչպե՞ս են իրագործվում ենթաշրջանային զարգացման ծրագրերը: Ինչպիսի՞ պատկեր ունենք այնտեղ: Առաջընթաց կա՞:   
- Մեր համայնքների համաչափ զարգացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսության զարգացմամբ, քանի որ նրանցում ապրող բնակչության մեծ մասի կենսամակարդակի բարձրացման աղբյուր են հանդիսանում այն եկամուտները, որոնք գոյանում են գյուղատնտեսական արտադրությունից։ 
 ԼՂՀ կառավարության կողմից 2009 և 2010 թվականներին հաստատված՝ Բանաձորի և Մաղավուզի ենթաշրջանի համայնքներում գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ընդունման նպատակն էլ հենց կայանում էր նրանում, որպեսզի այդ ենթաշրջաններում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով աստիճանաբար բարելավվեն բնակչության կենսապայմանները և գյուղատնտեսության զարգացմանը զուգահեռ նախադրյալներ ստեղծվեն նաև գյուղերում գյուղական կյանքի զարգացման համար: 
Բանաձորի ենթաշրջանի համայնքներում 2009-2013թթ գյուղատնտեսության զարգացման համար պահանջվող ներդրումները, ըստ ծրագրի, կազմում էին ավելի քան 1341.0 մլն դրամ: 
Մարտակերտի շրջանի Մաղավուզի ենթաշրջանի համայնքներում 2010-2015թթ գյուղատնտեսության զարգացման համար պահանջվող ընդհանուր ներդրումները, ըստ ծրագրի, կազմում են ավելի քան 3563.4 մլն դրամ: 
Այս տարի կառավարությունը հաստատել է նաև Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման  ծրագիրը, որի ընդանուր արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Այս տարվա 9 ամսվա տվյալներով՝ դրանից արդեն իրացվել է մոտ 70 միլիոնը, որով ձեռք են  բերվել խոշոր և մանր եղջերավոր անասուններ( 55 միլիոն դրամ), վերագործարկվել է արտեզյան ջրհոր (12,5 միլիոն դրամ), բարեկարգվել են ճանապարհներ (2 միլիոն դրամ): 
Ծրագրերի իրականացման աշխատանքները շարունակվում են: 
Հաշվի առնելով, որ ենթաշրջանային ծրագրերի իրականացման համար օգտագործվել են բացառապես պետական բյուջեի միջոցները, որի հնարավորությունները շատ սահմանափակ են, երբեմն անհրաժեշտություն է լինում նախկինում ընդունած ծրագրերում կատարել շտկումներ, նոր իրողություններից ելնելով, և ծախսումները համապատասխանեցնել բյուջեի հատկացումների հետ:
-Ըստ Ձեզ,  գյուղմթերքների իրացման համար բարենպաստ շուկա  Ղարաբաղում կա՞. այս հարցում  ֆերմեր-հողօգտագործողների ու մթերող կազմակերպությունների  ներկայացուցիչների կարծիքները նույնը չեն։
-Ղարաբաղում գյուղմթերքների իրացման համար բարենպաստ շուկա միշտ էլ առկա է և հակառակ կարծիքներն անհիմն են: Բավական է նշել, որ տարվա բոլոր եղանակներին  գյուղմթերքների հանդեպ բնակչության պահանջարկը բավարարելու նպատակով զգալի ծավալներով ներդրումներ են կատարվում: Լինելով ագրարային երկիր, ցավոք, մենք դեռևս գյուղմթերքների արտադրությամբ ինքնաբավ չենք դարձել: Իսկ դա նշանակում է, որ դեռևս շատ անելիքներ ունենք երկրի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ:
-Ինչպե՞ս են ընթանում աշնանացանի  աշխատանքները։
-Ներկայիս չոր եղանակային պայմաններն անբարենպաստ են հերկի աշխատանքների իրականացման համար: Այդ իսկ պատճառով էլ աշնանացանի աշխատանքները ձգձգվում են: Հողօգտագործողները տեխնիկապես և սերմնապահովվածության տեսակետից պատրաստ են, հստակեցված են նաև պետական աջակցության չափորոշիչները, և եղանակային համապատասխան պայմաններ լինելուն պես սեղմ ժամկետներում կավարտենք հերկի և ցանքսի աշխատանքները: Հոկտեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունում կատարված է 15296 հա հերկ, 308 հա ցանքս:
-Պարոն Խաչատրյան, հոկտեմբերի 14-ը Գյուղատնտեսության աշխատողի օրն է։ ՙԱզատ Արցախ՚ թերթի միջոցով կարող ենք փոխանցել Ձեր բարեմաղթանքներն ու ցանկությունները՝  հանրապետության գյուղատնտեսության բնագավառի աշխատողներին: 
-Նախ պետք է նշեմ, որ այդ օրը տոնական է ողջ ժողովրդի համար, քանի որ, լինելով ագրարային երկրի քաղաքացիներ, ամբողջ ժողովուրդն առնչվում է գյուղատնտեսության հետ: Հողից ստեղծվող բարիքներով է առաջին հերթին գոյատևում մեր ժողովուրդը, ուստի և`  հողի, գյուղի աշխատավորի խորհուրդն անչափ թանկ է մեզ համար: 
Մեր աշխատասեր ու արարող ժողովրդին ցանկանում եմ առողջություն, հաջողություններ ու արցախյան առատ բերք ու բարիքի վրա հիմնված հարատև երջանկություն:
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ