Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՐԳԱԽՈՍԸ՝ ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԳՅՈՒՂ

PetrosyanValerik.jpgՀարցազրույց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
- Պարոն Գրիգորյան, որո՞նք են շրջանի զարգացման հիմնական ուղղությունները։ Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք առանձնացրել Ձեր պաշտոնավարման ժամանակ։ 
- Շրջանի զարգացման  հիմնական ուղղությունները գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են, քանի որ բնակչության զգալի մասը զբաղվում է տնտեսության հենց այդ ճյուղերով։ Հետևաբար,  դրանց  զարգացումը մեզ համար ունի առանցքային նշանակություն։ Շտապեմ ասել, որ գոհ ենք այս տարվա բերքահավաքի արդյունքներից։ Նախորդ տարվա համեմատությամբ, բոլոր տեսակի հացահատիկային մշակաբույսերի առումով բերքի աճ է գրանցվել։ 8500 հա ցորենի ցանքսից ստացել ենք 16000 տոննա հացահատիկ։ Միջին բերքատվությունը կազմել է 18,9ց՝ նախորդ տարվա 14-15-ի փոխարեն։ Նույնն է մնացել գարու բերքատվությունը, իսկ եգիպտացորենի ցանքատարածություններից աննախադեպ բերք ենք ստացել՝ 1 հա-ից 40 ցենտներ։ Զբաղվում ենք նաև նոր մշակաբույսերի աճեցմամբ՝ հաճար, վարսակ, արևածաղիկ, սորգո, հլածուկ, սոյա, որոնց փորձնական ցանքսը դրական արդյունք է տվել։ 
Ներկա դրությամբ  եղանակի չորային լինելու պատճառով աշնանացանի  աշխատանքները կաղում են։ Տրակտորը չի կարողանում հողը հերկել։ Կատարված է 5746 հա հերկ, որից շուրջ 1000-ը ցանվել է։  Հուսով ենք, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհաջողվի աշնանացանն ավարտել։ Այդ նպատակով պետությունը տրամադրել է 200 տ դիզվառելիք և 70 մլն դրամ գումար։ Հայտերն արդեն ներկայացված են,  գալիք շաբաթ կսկսենք վառելիքն ու գումարը տրամադրել համայնքներին՝ 1 հա-ին100 լիտր վառելիք և 30.000 դրամ։ Պետությունը վառելիքը  տրամադրում է 350 դրամով, ինչը նորմալ է գյուղացու համար։ Ընդհանրապես, բոլոր առումներով՝ սկսած դոտացիայից, կա՜ պետության աջակցությունը, ամեն ինչ արվում է, որպեսզի գյուղացին կարողանա իր հողն օգտագործել նպատակին։ Շրջանում առկա է 22830 հա վարելահող (որից 6920-ը՝ Ակնայում)։ Համայնքներին պատկանող 15919 հա վարելահողից սեփականաշնորհված է 7550 հա-ն, 7700-ը  կազմում է պահուստային ֆոնդը, որից վարձակալությամբ տրված է 4870 հա-ն։
- Ինչպե՞ս է կազմակերպվում վարկերի մարման գործընթացը։ Մե՞ծ է անպարտաճանաչ վարկառուների թիվը։
- Անկեղծ ասած՝ գործընթացը լավ է կազմակերպվում։ Մեր համայնքների ղեկավարները բարեխիղճ են այս հարցում։ 2011թ. տրամադրված 118 մլն դրամ գումարից 116 մլն-ն արդեն մարված է։ Իսկ ընդհանուր առմամբ, 2008-ից սկսած՝ շրջանին տրամադրված վարկը կազմում է 475 մլն դրամ, որից մարվել է 464 մլն-ը$ կամ՝ 98 տոկոսը։ Նման կազմակերպվածությունը թույլ է տալիս պարբերաբար և ժամանակին օգտվել վարկերից։ Կարելի է ասել՝ առկա է փոխվստահությունը համայնքի ղեկավար-վարչակազմ-կառավարություն հարաբերություններում։ 
- Մյուս գերակա ճյուղի մասին. ցուցանիշները հուսադրո՞ղ են։
- Անասնապահության մեջ  միայն աճ է արձանագրվել։ Եթե 2011թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 8210 գլուխ էր, մանր եղջերավորներինը՝ 11000, խոզերինը՝ 20212, թռչուններինը՝ 60800, ապա 2012-ի դրությամբ ունենք  8860 գլուխ խոշոր, 12000 գլուխ մանր եղջերավոր անասուն և այդպես շարունակ։ Մենք եղել ենք համայնքներում, խոսել բնակչության հետ։ Արդյունքում կազմվել են բիզնես-ծրագրեր, որոնց նպատակն անասնապահության  խթանումն է  շրջանում։ Պետությունը վարկավորել է, իսկ մենք մեր հերթին հսկողություն ենք սահմանել, որպեսզի այն, ինչ նախատեսված է՝ իրականացվի։ Ամեն ինչ արվում է, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա։ Ինչո՞ւ պիտի  միս կամ բանջարեղեն ներկրենք դրսից։ 
- Այդուհանդերձ՝ համայնքների առջև ծառացած ի՞նչ հրատապ խնդիրներ կան։ 
- Խնդիրները շատ են, չեմ ժխտում։ Վարչապետ Արա Հարությունյանի հետ օրերս եղել ենք Բադարա գյուղում՝ կառավարության կողմից մշակված նոր ծրագրի առնչությամբ, որը նախատեսվում է իրագործել բոլոր համայնքներում (ի դեպ, ծրագիրը կֆինանսավորվի ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից՝ ՙՀեռուստամարաթոն¬2012՚¬ի ժամանակ  հանգանակված գումարների հաշվին)։ Նշված ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր համայնքում կկառուցվի այնպիսի մի շենք, որտեղ տեղակայված կլինեն գյուղապետարանը,  բուժկետը, հասարակական միջոցառումների դահլիճը, վետերանների միության գրասենյակը, հասարակական խաղասենյակներ… Սա շատ ճիշտ  գաղափար է և առաջիկա տարիներին պետք է լրիվությամբ ի կատար ածվի։ Կարծում ենք, դա հնարավոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր համայնքներում ավարտին է մոտենում դպրոցաշինության ծրագիրը (ավարտման փուլում են Հովսեփավանի, Աստղաշենի կրթօջախների շինարարական աշխատանքները)։ Այսինքն՝ կարելի է սկսել նորը։  Գալիք  տարվանից այն կմեկնարկի, և առաջինը Բադարա գյուղում կկառուցվի համալիրը։ 
- Դեռևս երկու տարի առաջ վատթար վիճակում էր շրջանի ջրամատակարարումը…
- Ջրի խնդիր կա Սառնաղբյուր (Աղբուլաղ), Վարդաձոր (Փրջամալ), Նախիջևանիկ գյուղերում։ Աղբյուրներ կան, բայց տարբեր պատճառներով դրանք տարեցտարի ՙխեղճանում են՚։ Հարցն ուսումնասիրվել է, և այսօր  այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։ Շրջանի մի քանի համայնքներում՝ Նորագյուղ, Ավետարանոց, Ասկերան,  լուծված է խմելու ջրի հարցը. նորացվել է ջրատար ցանցը, դրվել են հաշվիչներ։ Ծրագիրն իրականացվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և դեռ շարունակվում է ու պետք է ընդգրկի այլ համայնքներ ևս։ Մի քանի օր առաջ Խանցք գյուղում ջրատարի բացման արարողություն էր, որի աշխատանքներն իրականացվել են ֆրանսիական բարեգործական մի կազմակերպության կողմից։ Ընդհանուր առմամբ,  խնդիրներն այս բնագավառում շատ են, հին ջրատարները նորացման կարիք ունեն։ Կա այսպիսի մի ծրագիր ևս. պետությունը համայնքներին տրամադրում է խողովակներ, համայնքներն էլ սեփական  աշխատուժով իրականացնում են ջրատարների վերանորոգման աշխատանքները։
- Կա՞ն համայնքներ, որոնք կարողանում են իրենց սեփական միջոցներով որևէ աշխատանք կատարել, թեկուզ բարեկարգման առումով…
- Շրջանի 42 համայնքներից միայն 8-ն է, որ կարողանում է լրացնել  սեփական բյուջեն։ Նրանք երբեմն հայտ են ներկայացնում ճանապարհաշինարարական կամ բարեկարգման աշխատանքների, կանգառների կառուցման և այլ նպատակներով։ Մյուս 34-ը գոյատևում են կառավարության կողմից տրվող դոտացիայով,  ուրեմն՝ ինքնուրույն որևէ գործ չեն կարող իրականացնել։   
- Վերաբնակեցման գործընթացի մասին։ Ներկայումս շրջանում քանի՞ գյուղ կա այդ կարգավիճակում։ 
- Վերաբնակեցման ծրագրում ընդգրկված են Արմենակավան, Փառուխ, Խրամորթ, Ուղտասար, Նախիջևանիկ, Վարդաձոր, Արանզամին գյուղերը։ Ներկայումս կառավարության կողմից նոր ծրագիր է մշակվում նշված գյուղերում այս կամ այն ոլորտը զարգացնելու ուղղությամբ։ Հանրապետության ղեկավարներն արդեն եղել են նշյալ համայնքներում, ուսումնասիրել հնարավորություններն ու տարածքային առանձնահատկությունները՝ որոշելու, թե որ համայնք որ ուղղությամբ կարող է զարգանալ (անասնապահություն, խոզաբուծություն և այլն)։ Կա պայմանավորվածություն՝ բնակչությանը կոնկրետ գումարի տրամադրման առումով։ Հայտերն ընդունվում են.  2013 թվականից այս ծրագիրը նույնպես կյանքի կկոչվի։ 
Պետությունը տրամադրում է բնակարան, սակայն տասը տարի չի թույլատրվում այն սեփականաշնորհել։ Այդ տարիների ընթացքում, բնականաբար, մարդիկ կապվում են հողին, տուն-տեղ են ստեղծում և այդպես հիմնավորվում։ Միայն Ուղտասար համայնքում 30 դիմում կա՝ նոր տնամերձի համար տեղ հատկացնելու վերաբերյալ, ինչը ողջունելի է։ Դիմումները ներկայացրել ենք երկրի ղեկավարությանը, սիրով ընդառաջել են՝ անվճար տրամադրելով անհրաժեշտ տարածքը։ Դեռ ավելին. երկրի  ղեկավարը խոստացել է հետևել բնակարանների կառուցման գործընթացին և աջակցել՝ տրամադրելով անհրաժեշտ շինանյութը։ Սա նշանակում է, որ նշված համայնքում մարդիկ չարչարվում, բարիք են ստեղծում, կարողանում են բավարարել իրենց կարիքներն ու մտածել կենցաղային պայմանների բարելավման մասին։ Լավ ապրելու համար աշխատասիրություն է պետք։ Իսկ հողը սիրող մարդը սոված չի կարող մնալ։ Մի խոսքով՝ նման մարդիկ արժանի են և ստանում են պետության աջակցությունը։
- Գազիֆիկացման առումով ինչպե՞ս է իրավիճակը շրջանում։ 
- Շրջանի ոչ բոլոր գյուղերն են ապահովված երկնագույն վառելիքով։ Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում տեղ է հատկացվել դրան։ Գազիֆիկացման ենթակա են Կարմիր գյուղ, Սղնախ, Սզնեք, Սարուշեն, Խանցք համայնքները, որոնց բնակիչները բարձրացրել են այդ հարցը։ Բայց մենք գտնում ենք, որ այսօրվա դրությամբ անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել բնակչության հետ, քանի որ մոտ ժամանակներս կրկին ակնկալվում է գազի սակագնի բարձրացում, և հարց է ծագում. արդյո՞ք մարդիկ չեն հրաժարվի գազից։ Ներկայումս բնակչության մի մասն արդեն դիմել է այդ քայլին՝ անցնելով վառելափայտի։ Գազը դարձել է թանկ հաճույք։ Հավանաբար, կսկսեն օգտագործել նաև քարածուխ, որի հանքավայրը կա մեզ մոտ։ 
- Որքան հայտնի է՝ համայնքներում մշակութային օջախների վիճակը նույնպես գովելի չէր…
- Բոլոր համայնքներն ունեն մշակույթի տուն կամ ակումբ, բայց դրանք ամեն տեղ չէ, որ նորմալ վիճակում են։ Ինչպես դպրոցաշինությունն է իրականացվել, նման ծրագիր կյանքի կկոչվի նաև մշակութային օջախների հիմնանորոգման ու կառուցման համար։ Պարզ է, ամեն ինչ միանգամից չի ստացվում՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Այս գործընթացը ևս կարիք ունի բարերարների աջակցության։ Խանաբադ գյուղի մշակույթի տունը, օրինակ, վերանորոգվել, կահավորվել և հոյակապ տեսք է ստացել բարերար Բարսեղ Բեգլարյանի միջոցներով։ Ունենք համայնքներ, որոնք ձգտում են  սեփական եկամուտների հաշվին վերանորոգել հասարակական նշանակության օջախները։ Դրանցից են Բերքաձորը, Խանածախը։ Վերջինս սեփական միջոցներով վերանորոգել է մանկապարտեզի, գյուղապետարանի շենքերը, ակումբը, կապի բաժանմունքը…  Ցավոք, նման համայնքները քիչ են։
- Ի դեպ, քանի՞ մանկապարտեզ է գործում շրջանում և ի՞նչ վիճակում են դրանք։
- Ունենք հինգ մանկապարտեզ։ Դրանցից միայն Ավետարանոցի մանկապարտեզն է, որ տեղակայված է դպրոցի շենքում։ Պետությունը համապատասխան տարածք է տրամադրել, և արդեն նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներն են ընթանում։ Հուսով ենք՝ 2013-ին շահագործման կհանձնվի  նախադպրոցական  այդ հիմնարկը։ Բարվոք վիճակում են Խանաբադի, Խաչենի, Այգեստանի մանկապարտեզները, իսկ 2013-ին կվերանորոգվի Ակնաղբյուրինը։ 
- Կապը հանրապետության մայրաքաղաքի հետ ինչպե՞ս է իրականացվում։ Բոլոր համայնքնե՞րն են ապահովված տրանսպորտով։
- Գրեթե։ Որոշ համայնքներ հրաժարվել են հասարակական տրանսպորտից։ Օրինակ՝ Ուղտասարում յուրաքանչյուր ընտանիք ապահովված է սեփական տրանսպորտով, իսկ ապրանք տեղափոխելիս դիմում են համապատասխան տաքսի-ծառայությանը։ Սա դարձյալ խոսում է մարդկանց բարեկեցիկ կյանքի  մասին։ Մի քանի համայնքներում շաբաթական 2-3 անգամ գործում է հասարակական տրանսպորտը։ Ընդհանուր առմամբ՝ այդ հարցում բողոքներ չկան։ 
- Մեր ցավոտ խնդիրներից մեկը ծերացող գյուղերն են։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որ երիտասարդը մնա գյուղում։
- Հիրավի, դժվար հարց։ Ըստ իս՝ պետք է գործի նախկին կարգախոսը՝ դեմքով դեպի գյուղը։ Բայց կա մեկ այլ հանգամանք. գյուղաբնակներից նրանք, ովքեր նորմալ եկամուտ ունեն՝ կարողանում են քաղաքում բնակարան գնել՝ մտածելով, որ իրենց երեխան գյուղում չպիտի ապրի։ Չես կարող մարդուն արգելել և ստիպել, թե որտեղ նա ապրի։ Սա այն դեպքն է, երբ թողնում-հեռանում են թե՜ լավ պայմաններից, թե՜ վատ։ Այսուհանդերձ՝ գյուղն է կերակրում քաղաքը, և ես համաձայն եմ այն մտքին, որ պետք է հնարավորինս լավ պայմաններ ստեղծվեն գյուղում ապրողների համար։ Մեր շրջանում, կարելի է ասել, արտահոսք չկա. իրավիճակը կայուն է, և դեռ ավելին՝ բնակչության աճ է գրանցվել։ Ամեն դեպքում փորձում ենք օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին, մարդկանց կապել իրենց հող ու ջրին։ Արդեն երկու տարի է՝ ԼՂՀ Նախագահը 15 մլն դրամ է հատկացնում յուրաքանչյուր շրջանի՝ կարիքավոր ընտանիքներին աջակցելու համար. տանիք են փոխում, դուռ, լուսամուտ… Ոչ թե անմիջապես գումարն ենք տրամադրում, այլ անհրաժեշտ շինանյութը՝ ըստ ներկայացված հայտի։ Այսօրվա դրությամբ 10 մլն դրամի հայտ է ներկայացվել, որի արդյունքում բավարարվել են 33 ընտանիքի պահանջները։ Այս նպատակին հատկացվող միջոցները գալիք տարում հավանաբար կկրկնապատկվեն։ 
- Ո՞ր փուլում է զոհվածների ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագիրը։ 
- Ավարտման։ Բայց պետք է ասեմ, որ զոհվածների ընտանիքների հետ կապված խնդիրներն անվերջանալի բնույթ են կրում, քանի որ նրանց երեխաները մեծանալով՝ իրենք ևս բնակարանի կարիք են ունենում, կամ հարս ու կեսուրի և նման այլ կնճռոտ հարցեր կան, որոնք, թվում է, անվերջ են։ Այս տարի բնակարանաշինության ծրագրում ընդգրկել ենք նաև 1-ին կարգի մեկ հաշմանդամի։ Նպատակ ունենք աստիճանաբար ընդգրկել մյուս կարգերի հաշմանդամներին։ 
Ինչ վերաբերում է նման կարգավիճակում գտնվող ընտանիքների բնակարանների վերանորոգմանը, դրանք մշտապես ընթացքի մեջ են և պարբերաբար ընդգրկվում են համապատասխան ծրագրերում։ 
- Մոտ ապագայում շրջանի զարգացման առումով ի՞նչ ծրագրեր կան։ 
- 2013-ին նախատեսվում է մանկական զբոսայգի կառուցել Ասկերան քաղաքում։ Ասկերանով անցնող մայրուղին պետք է բարեկարգել, քանզի քաղաքի տեսքը նաև դրանով է պայմանավորված։ Ի վերջո՝ զբոսաշրջիկներ են այստեղով անցնում… Երկրի ղեկավարությունը տեղյակ է, և մոտ ապագայում այն կիրականացվի։ Ծրագրի շրջանակներում մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի պայմաններն են բարելավվում և  նման կարգի այլ  աշխատանքներ…          
Ոչ միայն որպես շրջվարչակազմի ղեկավար, այլև որպես այս շրջանի բնակիչ, ցանկանում եմ հզոր ու զարգացած տեսնել իմ հայրենիքը, իմ ծննդավայրը, և մեր ամբողջ գործունեությունն ուղղված է այդ նպատակին։  
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ