[ARM]     [RUS]     [ENG]

ՏՀՏ ՈԼՈՐՏ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԵՆ

DSC_4003.jpgՆոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Ստեփանակերտում տեղի է ունեցել հայկական երկու պետությունների տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի լիդերների համաժողովը՝ ՙԱրցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրները՚ խորագրով։ Ինչպես հայտնի է, ՏՀՏ լիդերների հանդիպումը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԼՂՀ կառավարության համատեղ ջանքերով։ Սա արցախյան թվով 3-րդ հանդիպումն էր։ 
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, ինչպես նաև ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների խոսքերով՝ այս հանդիպման ժամանակ արդեն կարելի է խոսել ոլորտում արձանագրված հաջողությունների մասին։ Հաշվի առնելով 2010 և 2011թթ. Ստեփանակերտում կայացած՝ ՏՀՏ լիդերների հանդիպման արդյունքում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես՝ ՙՏեխնոլոգիական  ինկուբատորի՚  շինարարության մեկնարկը, Ինստիգեյթ, Լայմ Տեխ, Սիներջի ընկերությունների կողմից Արցախում մասնաճյուղերի ստեղծումը՝ որոշվել է այս հանդիպումը նվիրել ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման հետագա խնդիրներին։
Համաժողովին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաներ, ՏՀՏ ընկերությունների և բիզնես ոլորտի այլ կազմակերպությունների  ղեկավարներ, բուհերի ներկայացուցիչներ։ ԼՂՀ կառավարությունը ներկայացնում էին  կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանն ու արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Մնացականյանը։ Ներկա էր նաև ԼՂՀ  Նախագահի խորհրդական Կարեն .Եսայանը։
Պլենար նիստում ունեցած ելույթի ժամանակ ողջունելով հյուրերին և ֆորումի մյուս  մասնակիցներին՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշեց, որ ուրախությամբ են արձանագրում, թե ինչպես է նման հանդիպումն ավանդական դառնում և տարեցտարի ավելի մեծ թվով մասնակիցներ և ոլորտով հետաքրքրվողներ ներգրավում։
ՙԻմ կենսագրության մեջ չեմ հիշում մի դեպք, երբ նման նախաձեռնություններն արդյունքներ չտան։
Համոզված եմ, որ այս ավանդական նախաձեռնությունները, որի պտուղներն արդեն տեսանելի են, բեղմնավոր կլինեն և իրենց կայուն  դերը կունենան տնտեսության զարգացման մեջ՚,- ասաց Ա. Աղաբեկյանը։
ԼՂՀ Նախագահի խորհրդական Կ. Եսայանը, խոսելով հանրապետության տեխնոլոգիական զարգացման ներկայի ու հեռանկարների մասին, առանձնացրեց կատարված աշխատանքի մեջ մեծ ներդրում ունեցած երկու կառույցներին՝ ԻՏՁՄ-ին և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին, որոնց շնորհիվ Արցախում 2010թ. կայացած համաժողովից հետո  հիմք դրվեց ու զարգացվեց  մի նոր մշակույթ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների՝ մեր կյանքում կիրառման, նոր աշխատաոճով գործին մոտենալու մշակույթը։ ՙԱռաջին գիտաժողովի ժամանակ բարձրացվում էին հարցեր, որոնց լուծումը չէինք սպասում տեսնել այսքան կարճ ժամանակահատվածում։ Խոսում էինք այստեղ առկա նախադրյալներից, հեռանկարներից, սակայն նրանք մի քիչ անորոշ էին։ Այսօրվա հաջողությունները եկան փոխելու մեր հավատը մեր իսկ ուժերի նկատմամբ. մեր հնարավորություններին տրված գնահատականները վերանայելու անհրաժեշտություն  առաջացավ, և մենք  ապագայի նկատմամբ ավելի լավատեսորեն տրամադրվեցինք՚,-ասաց Կ. Եսայանը։
Դեռ 2010թ. կայացած միջոցառման ժամանակ որոշվեց առաջ մղել պիլոտային մի քանի ծրագրեր  տելեբժշկության ոլորտում, կրթության բնագավառում, որոնք   հաջողություններ ունեցան։ Եկել է պահը՝  առավել համարձակ խնդիրներ առաջադրելու և ոլորտում նոր ուժեր ներգրավելու։
Երկու օր տևած համաժողովի աշխատանքի արդյունքում ենթադրվում է, որ միջազգային մի քանի ընկերություններ կհայտարարեն Ղարաբաղում իրենց ընկերությունների  մասնաճյուղերի բացման մասին։
ՏՀՏ-ն այն ոլորտն է, որը պետք է համատեղ ուժերով ոտքի կանգնեցնել, և այն ավելիով կփոխհատուցի ժամանակի ընթացքում՝ նպաստելով տնտեսության զարգացմանը, հետևաբար և՝ սոցիալ-կենցաղային մի շարք խնդիրների լուծմանը։ Այդ իսկ պատճառով  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ներկայացրած թեման առնչվում էր այդ աշխատանքի մեջ պետություն-մասնավոր հատված համագործակցությանը։ Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրների կառավարություններ հսկայական միջոցներ են ներդնում՝ զարգացնելու համար  բարձր տեխնոլոգիաների  ոլորտում զբաղված մասնավոր կազմակերպություններին։ Դժբախտաբար, ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում չկան նման միջոցներ, բայց դրան հակառակ, այստեղ բավականին ուժեղ է գենետիկ կոդը. մարդկային կապիտալի առկայությունը հնարավորություն կտա ֆինանսական քիչ միջոցներով բավականին բարձր մակարդակ ապահովել ոլորտում։ ՙԿրթությունն այն միակ ոլորտն է, որը թույլ կտա բացահայտել վերը նշված գենետիկ կոդը՚,¬ իր ելույթում ասաց Բագրատ Ենգիբարյանը՝ նշելով  այն մտահղացումներն ու ուղղությունները,  որով  պետք է առաջնորդվեն։ 
Այնուհետև ԼՂՀ-ում աշխատող տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչները  ներկայացրին իրենց հաջողություների ընթացքը, հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման սեփական փորձը, հնչեցին նոր ընկերությունների հիմնադրման կամ գործունեություն ծավալելու վերաբերյալ առաջարկություններ, նոր մտահղացումներ։
Համաժողովի երկրորդ օրը արցախցի մի խումբ երիտասարդներ ներկայացրին իրենց տեխնոլոգիական ծրագրերը՝ շնորհանդեսների տեսքով։ Քննարկեցին նաև ՏՀՏ ոլորտում կրթության և աշխատուժի զարգացման խնդիրները ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների ու կրթության և գիտության նախարարների հետ։ Հնչեցին կոնկրետ առաջարկներ՝ կապված ֆիզմաթ թեքումով դպրոցում, ինչպես նաև բուհերի տեխնիկական ուղղվածության  ֆակուլտետների ուսանողների ու դասախոսների հետ աշխատանքի կազմակերպման, գյուղական համայնքներում ինտերնետի հասանելիության ապահովման և այլնի հետ։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ