[ARM]     [RUS]     [ENG]

ՏՀՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

ՏՀՏ ոլորտի լիդերների հանդիպում՚ արցախյան ֆորումին մասնակցել են Հայաստանում և արտասահմանում արդեն լուրջ հաջողություններ գրանցած կազմակերպությունների ղեկավարներ։ Նրանցից  որոշները տպավորություններով կիսվեցին ՙԱզատ Արցախի՚ ընթերցողների հետ։ 
Վահագն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՙԱյԹի միկրոնեթվորքս՚ ՍՊԸ տնօրեն. 
- Արցախյան համաժողովին մասնակցում եմ արդեն երկրորդ անգամ՝ ակնկալիքով, որ այն ամենը, ինչ արվում է Երևանում մեր ընկերության կողմից, հուսով եմ, կբերենք նաև Արցախ։ Մեր ընկերությունն իրականացնում է լոկալ ցանցերի սպասարկում։ Այս տարի ընկերությունը գործունեությունն ընդլայնեց նոր ուղղությամբ. առաջարկում ենք  թարմ տեխնոլոգիական լուծումներ, որոնք ներկայումս կիրառվում են արտասահմանում, և մենք փորձում ենք ներմուծել Հայաստան, նաև՝ Արցախ։ Որոշ չափով  ուսումնասիրել ենք արցախյան շուկան. ճիշտ է, այն փոքր է, բայց հուսանք՝ դա աշխատանքի կազմակերպման համար խոչընդոտ չի հանդիսանա։ Շուկայի վերաբերյալ որոշակի տեղեկություններ մենք, իհարկե, ստանում ենք Արցախում արդեն գործունեություն ծավալող մյուս ընկերություններից։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ մոտակա տարիներին մենք ևս հաջողություններ կունենանք արցախյան շուկայում։ Եվ, ի տարբերություն այդ ընկերությունների, որոնց համար կադրային ներուժը մեծ նշանակություն ունի, մենք ավելի շատ շահագրգռված ենք շուկայում մեր ծառայությունների պահանջարկի բարձրացմամբ։
Ռիչարդ ԲԵԶՉՅԱՆ, ՙԳալարի Սիսթեմս՚ ընկերության տնօրեն.   
- 3-4 տարի է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների երեք ընկերությունների շրջանակներում գործունեություն ենք ծավալում, որոնք զբաղվում են նոր ծրագրերի ներդրմամբ, ՏՏ ոլորտի այլ ծառայությունների մատուցմամբ։ Մեր ընկերություններում աշխատում են ավելի քան 100 ինժեներներ։ Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում՝ Բրազիլիայում, Հնդկաստանում, Թայվանում և ավելի քան 18 տարի հաջողությամբ գործունեություն է իրականացնում։ Հայաստանում բավականին հզոր ներուժ կա. դրանում համոզվել ենք աշխատանքի ընթացքում։ Վերջին մի քանի ամիսներին  նախաձեռնել ենք Արցախն էլ ընդգրկել մեր ծրագրերում, և ես եկել եմ, որպեսզի տեղում ծանոթանամ առկա հնարավորություններին, մարդկային կապիտալին, տեղեկացվածության մակարդակին։ Բնականաբար, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կադրերի կամ մարդկային կապիտալի առկայությունը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ զարգացած ենթակառուցվածքներ, մասնավորապես կապի ոլորտում։ Միայն այդ երկուսի համադրությամբ կարելի է զարգանալ և կայուն տեղ գտնել աշխարհի մյուս երկրների կառուցվածքում։ 
altԲագրատ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, ՙՁեռնարկությունների ինկուբատոր՚ հիմնադրամի տնօրեն.  
- Իմ կարծիքով, Արցախում վերջին 1,5¬2 տարվա կտրվածքով կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված հաջողությունները կարելի է բացառիկ համարել։ Մեզ հաջողվեց ոչ միայն ցույց տալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարելի է զարգացնել Արցախում, այլև որ հնարավոր է՝ Արցախում ներդրումներ կատարելու ցանկություն և պատրաստակամություն հայտնեն արտասահմանյան կապիտալով ստեղծված ընկերությունները։ Որովհետև երկար ժամանակ երկու հարց էր մնում օդում կախված՝ արդյո՞ք, կունենանք մասնագետներ, որոնք կկարողանան բավարարել ժամանակակից ՏՀՏ ոլորտի պահանջները, և արդյո՞ք, ՏՀՏ պրոդուկտը հնարավոր է Արցախից արտահանել ոչ միայն ՀՀ, այլև արտասահման։ Այս հարցերի պատասխանն  արդեն կա և դրական է։ Արցախում բացվել են ամերիկյան, թայվանական և հայկական կապիտալով ստեղծված ընկերություններ, որոնք ոչ թե ուղղակի պատվերներ են կատարում և ստեղծում աշխատատեղեր, այլև մեծ դեր ունեն արտասահմանյան շուկայում ՀՀ և հատկապես Արցախի ճանաչման գործում։ Այսինքն՝ ՏՏ ոլորտը բացառիկ է այն առումով, որ մեր երկրները կարող են հռչակ ունենալ արտասահմանում։ Դրա համար այստեղ կան  բոլոր նախադրյալները։ Եվ սա ընդամենը սկիզբն է, ու մեզ բազմաթիվ հաջողություններ են սպասվում, եթե հետևողական լինենք, կարողանանք շարունակել և զարգացնել սկսածը։ Դրա համար անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել կադրերի պատրաստմանը, քանի որ եթե դրանք պակասեն, ներդրումները ավտոմատ կերպով կդադարեցվեն։ Որպեսզի այլ երկրներից  կազմակերպությունները ցանկություն հայտնեն ներդրումներ կատարել, պետք է վստահության հարցը լուծել, իսկ այն ձեռք է բերվում շփման, փորձի փոխանակման միջոցով։ Այդ առումով այսպիսի համաժողովների տված հնարավորությունները բացառիկ են։ Եվ ուրախալի է, որ այս համաժողովում արդեն կան նոր դեմքեր, նոր ընկերություններ, որոնք եկել են մասնակից լինելու մեր քննարկումներին ու նախաձեռնություններին։ 
Ինչ վերաբերում է այս նախաձեռնություններում մեկ օպերատոր լինելու նպատակահարմարությանը, ասեմ,  որ մոնոպոլիաներն ընդհանրապես ցանկալի չեն։ Իսկ եթե այն կա, նշանակում է այդ կազմակերպությունների վրա լուրջ  պարտավորություններ կան դրված, որոնք այս կամ այն չափով կարդարացնեն մոնոպոլիայի գոյությունը, և այդ  պարտավորություններն արժեք են, որ վճարվում են մոնոպոլիայի դիմաց։ Սա քաղաքականության ձև է, ինչն ընտրում է տվյալ երկրի ղեկավարությունը՝ պետական շահերից ելնելով։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ