ԼՂՀ 2013թ. ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ

altԴեկտեմբերի 5-ին ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները քննության առան ոլորտի՝ 2013թ. համար կազմված  պետբյուջեի ծրագիրը։
Իրենց գերատեսչությունների գալիք տարվա պետական հատկացումները ներկայացրին կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը և ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռ. Հովսեփյանը։
Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղեկատվությամբ՝ ոլորտի գալիք տարվա բյուջեն կկազմի 1 մլրդ 271 մլն 743 հազ. դրամ՝ 2012թ. նախատեսված 1 մլրդ 206 մլն 816 հազ.  դրամի դիմաց։ 5,38 % աճը,  Ն. Աղաբալյանի խոսքերով, պայմանավորված է նախարարությունում և նրան ենթակա ՊՈԱԿ¬ներում ջեռուցման, տրանսպորտային ծախսերի ավելացմամբ, նոր հաստիքներով։ Ն. Աղաբալյանն առանձին¬առանձին ներկայացրեց տարբեր  ծրագրերի ու մշակութային կառույցների բյուջեները, հրատարակչական ծախսերը։ Նշվեց, որ մշակույթի ոլորտում առաջիկա բյուջեն նպատակաուղղվելու է գերակա ուղղություններին, մասնավորապես՝ ազգային մշակույթի պահպանմանը, ներկայացմանն ու տարածմանը, արվեստի և մշակույթի ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանը, ոլորտի կառավարման, արդյունավետության բարձրացմանն ու տեղեկատվական քարոզչության ակտիվացմանը։ Ն. Աղաբալյանն իրազեկեց նաև, որ նիստում ներկայացվել են միայն պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերն ու ուղղությունները, կառավարության մշակութային քաղաքականությունը դրանով չի սահմանափակվում, այն ավելի լայն շրջանակներ է ընդգրկում։ Ծրագրերի մի մասը կիրականացվի արտաբյուջետային միջոցների հաշվին։ 
Ն. Աղաբալյանը պատասխանեց նաև բյուջետային միջոցների տեղաբաշխման, առաջնահերթության ընտրության վերաբերյալ հարցերին։ 
Կրթության և գիտության ոլորտի պետական  հատկացումները 2013թ. կկազմեն 11 մլրդ 45 մլն 849 հազ. դրամ, որից զուտ նախարարության բյուջեն 10 մլրդ 410 մլն 500 հազար դրամ է։ Նախորդ տարվա համեմատությամբ, պետբյուջեով ավելացված գումարները կազմել են 310 մլն 70 հազ. դրամ (որից զուտ նախարարության մասով՝ 261 մլն դրամ)։
Պատգամավորների մոտ ծագեցին մի շարք հարցեր, որոնց լուծումն, այնուամենայնիվ, նախարարի խոսքերով, հսկայական ծախսերի հետ է կապված, ինչը միայն պետական բյուջեով հնարավոր չէ իրականացնել։ Դրանցից մեկը վերաբերում էր նախադպրոցական կրթության կազմակերպմանը, այդ թվում՝  մանկապարտեզների շենքերի կառուցմանը և այլն։ Հարցեր հնչեցին՝ կապված բուհերին հատկացվող գումարների, դասախոսների աշխատավարձերի բարձրացման մեխանիզմների, ավագ դպրոցում, և ընդհանրապես կրթական համակարգում առկա  խնդիրների վերաբերյալ։ Մանրամասնելով խնդիրները, Ս. Ասրյանը նշեց, որ դրանց լուծումը տեսնում է կադրերի վերապատրաստման, կրկնուսուցման վերացման և ներքին կազմակերպչական հարցերի  կարգավորման մեջ։
Սպորտի կոմիտեի 2013թ. համար նախատեսված գումարը կազմում է 437մլն 188 հազ.  դրամ, որը 2012թ. համեմատ աճել է 29 մլն 808 հազարով։ Այս ոլորտում ևս ավելացվել են ֆինանսական միջոցները, որից 68,6 մլն-ը կհատկացվի Եվրոպայի և միջազգային այլ մրցումներին ԼՂՀ  մասնակցության ապահովման համար (նշենք, որ 2012-ին այդ նպատակի համար նախատեսված գումարը 40,6 մլն  էր։ 
Ֆուտբոլի ոլորտին գալիք տարվա պետական բյուջեից կհատկացվի 70 մլն դրամ։ Այս մասով պատգամավորները հիմնավորում պահանջեցին, ինչի առթիվ սպորտի կոմիտեի նախագահը նշեց, որ ֆուտբոլի  ֆեդերացիային կից գործում են ակումբներ, ֆինանսավորվում է 24 հաստիք, այդ թվում և մարզիչները։ Այդ գումարներով է ապահովվում միջազգային խաղերում և ՀՀ առաջնություններում մեր թիմերի անդամների մասնակցությունը։ 
* * *
Դեկտեմբերի 6-ին ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննության առնվեցին իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ոլորտների 2013թ. բյուջեի նախագծերը։
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մ. Մուսայելյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա հաշվետվությունը, նշեց, որ 2012թ. նախահաշվով հատկացված 271 մլն 280 հազ. դրամի դիմաց փաստացի ծախսել են 188 մլն 229 հազ. դրամ՝  ապահովելով 83 մլն 50 հազ. դրամ տնտեսում։ 2013թ. Նախագահի աշխատակազմի նախատեսված բյուջեն, 2012թ. համեմատ, մնացել է անփոփոխ։ Մ. Մուսայելյանի խոսքերով՝ ներկայացված բյուջեի հաստատումը թույլ կտա գալիք տարում ապահովել Նախագահի աշխատակազմի գործունեությունը՝ իր գործառույթներին համապատասխան։ 
ԱԺ նախատեսված բյուջեն գալիք տարվա համար 248 մլն 65 հազ. 500 դրամ է։ Ի տարբերություն Նախագահի աշխատակազմի՝ ՝խորհրդարանի պետական ֆինանսավորումը 2012-ի համեմատ աճել է 6 մլն 141 հազ. դրամով։ Ծախսերի ավելացումը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գ. Ժամհարյանի տեղեկատվությամբ, պայմանավորված է հաստիքային փոփոխություններով և ՙՊետական ծառայության մասին՚ օրենքով նախատեսված՝ ատեստավորման արդյունքներով դասային աստիճանների շնորհմամբ։ 
Կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմում են 469 մլն 760 հազ. դրամ։ 2013թ.¬ից, նոր կառավարության ձևավորմամբ, աշխատակազմին են փոխանցվել նաև պետական գույքի կառավարման համակարգը, միգրացիոն ոլորտը, ստեղծվել է սոցիալ-տնտեսական  վարչություն, ինչի հետ կապված՝ 2013-ի բյուջեում կատարվել են համապատասխան ավելացումներ։
Դատական համակարգում, դատական դեպարտամենտի ստեղծումից հետո, ֆինանսատնտեսական գործունեությունը կատարվում է կենտրոնացված կարգով՝  համակարգվում է դեպարտամենտի կողմից՝ փաստորեն կազմելով մեկ ընդհանուր բյուջե։ 2013թ.  ամբողջ համակարգի նախատեսված բյուջեն 361 մլն 511 հազ. դրամ է։ Որոշակի աճ նախորդ բյուջեի համեմատությամբ կա՝ պայմանավորված նոր հաստիքների ավելացմամբ ու այլ ծախսերով։ 
Գլխավոր դատախազության տարեկան բյուջեն կկազմի 380 մլն 880 հազ. դրամ, որը 622 հազ. դրամով պակաս է 2012 թվականի բյուջեից՝ պայմանավորված կապի և այլ ծախսերի կրճատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պետական հատկացումները 2013թ. 34 մլն 915 հազ. դրամ է, ինչը 2 մլն-ով ավելի է ընթացիկ տարվանից։ 
Վերահսկիչ պալատի նախագահի հաշվետվությունից հետո պատգամավորները հետաքրքրվեցին, թե ՎՊ գործունեության շնորհիվ ինչքան գումար է վերադարձվել պետբյուջե, ինչի առթիվ կառույցի նախագահ Ա. Մոսիյանը նշեց, որ կոնկրետ թիվ չի կարող ասել, քանի որ ընթացքը դեռ շարունակվում է, բայց դրանք հասնում են տասնյակ միլիոնների։ 
Արդարադատության նախարարության բյուջեն ներկայացրեց նախարար Ա. Դանիելյանը՝ նշելով, որ այն կազմում է 191 մլն 639 հազ. դրամ՝ 2012թ.  համեմատությամբ աճելով 4 մլն 589 հազ. դրամով։
Ներկայացվեցին նաև ԿԸՀ և Քաղծառայության խորհրդի բյուջեները։ Վերջինիս հատկացվել է 55 մլն 677 հազ. դրամ, իսկ ԿԸՀ-ին ՝ 25 մլն 550 հազ. դրամ։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ