[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

MOSIYN.jpgՎերահսկիչ պալատի հերթական նիստը
Անցած շաբաթ տեղի ունեցած՝ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի հերթական նիստում քննության առնվեցին կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի և ջրային համակարգերի կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները։ 
Վերահսկողություն է իրականացվել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում և ՙԱրցախգազ՚ ՓԲԸ¬ում, որտեղ պետությունը 100% բաժնեմաս ունի։ Վերջինում խոշոր օրինախախտումներ ու թերացումներ են արձանագրվել, վեր են հանվել մեծ չափերի հասնող անարդյունավետ ու աննպատակ ծախսեր։ Վերահսկողություն իրականացվել է հունիսի 1-ից մինչև օգոստոսի 13-ը։ Վերահսկողության ժամկետները  2010-2011 բյուջետային տարիներն էին։ Ինչպես նշեց զեկուցողը, այդ ժամանակահատվածում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության  արդյունքներով շահութաբաժին չի առաջացել՝ 2010թ. և 2011 թ. զուտ վնասը կազմել է համապատասխանաբար 220 մլն  943 հազար և 1 մլրդ 49 մլն դրամ։ Ըստ ՎՊ-ի ստուգումների  արդյունքների՝ վնասների առաջացմանը նպաստել են մի շարք գործոններ.   մասնավորապես,  2011թ. ՙԱլտա վիպս՚ ՍՊԸ¬ի կողմից իրականացված վերագնահատման արդյունքում հիմնական միջոցների արժեքի նվազեցման հետևանքով 760 մլն դրամի չափով առաջացած ծախսը ընկերության կողմից շահագործվող և սպասարկվող 237 կմ երկարության բարձր ճնշման գազատարից   ընկերության հաշվեկշռում արտացոլված է միայն 37 կմ¬ը, մնացածը շահագործվում և սպասարկվում է առանց իրավական հիմքի և այլն։ 2010 թվականի նկատմամբ 2011թ. գազի ներկրումն աճել է 11,7 %¬ով, իսկ կորուստը՝ 49,4 %¬ով։ Կորստի նման աճը ընկերության կողմից պարզաբանված չէ։ Հաշվետվության համաձայն՝ հնարավոր չի եղել պարզել ժամկետանց դեբիտորական պարտքի արժանահավատությունը՝ անալիտիկ հաշվառման բացակայության պատճառով։ Վարկային պայմանագրով տարեկան 10,9% տոկոսադրույքով ստացված նպատակային վարկի գումարից 300 մլն դրամը  9,2 % տոկոսադրույքով 3 ամիս ժամկետով ներդրվել է որպես ավանդ։ ՙՆշված գործարքը կասկածի տակ է դնում տվյալ պահին այդ վարկի ստացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներգրավված և ներդրված տոկոսադրույքների տարբերության արդյունքում ընկերությունը կրել է մոտ 1 մլն 200 հազ. դրամ գումարի վնաս՚,¬ պարզաբանեց զեկուցողը։ 
Ավել հաշվարկվել և վճարվել են գործուղման ծախսերը, ակնհայտ անշահավետ պայմաններով պայմանագրեր կնքելու հետևանքով կատարվել են խոշոր չափերի հասնող լրացուցիչ, անարդյունավետ ծախսեր։ Ներկայացնելով վերստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը՝ Վերահսկիչ պալատը ՙԱրցախգազ՚ ՓԲԸ¬ին առաջարկել է սահմանված ժամկետներում իրավական կարգավորման ենթարկել ընկերության հաշվեկշռում չարտացոլված գազատարների շահագործման և սպասարկման գործընթացը։ Հաշվի առնելով վերագնահատումների արդյունքներով հիմնական միջոցների արժեքների զգալի տարբերությունը՝ հարկ է  անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց իրավական արժեքը որոշելու ուղղությամբ։ Ընկերությունը պարտավորվում է գազի կորուստների նվազմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շարքում դիտարկել հսկիչ հաշվառքի սարքերի օգտագործման հնարավորությունները, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ընկերության համար տնտեսապես շահավետ պայմաններով։ ՙԱրցախգազ՚ ՓԲԸ¬ի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեցին։ Ընկերությունը պարտավորվեց սահմանված ժամկետում վերացնել բոլոր թերությունները։ Ինչ վերաբերում է լիազոր մարմնին, ապա նշվեց, որ այն պատշաճորեն չի իրականացրել ՙԲաժնետիրական ընկերությունների մասին՚ ԼՂՀ օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունները.  վերահսկված ժամկետներում ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով չի գումարվել, չեն հաստատվել ընկերության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթների և վնասների բաշխումը, ծախսերի ամենամյա նախահաշիվները և այլն։ Նրան առաջարկվել է  աշխատանքներ տանել օրինախախտումների վերացման ուղղությամբ։ Վերստուգված կառույցները պարտավորվել են մեկամսյա ժամկետում ՎՊ ¬ին տրամադրել գրավոր տեղեկատվություն դրանց վերացման մասին։ 
Ինչ վերաբերում է ջրային համակարգերի նկատմամբ իրականացված վերահսկողությանը, ապա այստեղ էլ քիչ չեն օրինախախտումները։ Նախ նշվեց, որ կառույցը, որը կարող էր աշխատել մեծ շահույթով, ներկայումս, ոչ ճիշտ կառավարման արդյունքում, վնասով գործող կազմակերպություն է։ Ա. Մոսիյանը այն համարեց ԼՂՀ ամենաչկայացած համակարգը։ Կառավարության կողմից Ջրային օրենսգրքով սահմանված ժամկետում չի մշակվել և ԼՂՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացվել  խմելու, ոռոգման ջրերի և մելիորատիվ հողերի մասին օրինագծերը և առ վերահսկողության պահը բացակայում էին ոլորտը կարգավորող իրավական ակտերը։ Ջրային ազգային ծրագիրն ընդունվել է ավելի քան 6 տարի ուշացումով, պետական ջրային կադաստր չի վարվում, ինչը պիտի համապարփակ տվյալներ պարունակի թե՜ ջրային ռեսուրսների, քանակական ու որակական ցուցանիշների, արդյունահանվող նյութերի և թե՜ հիդրոտեխնիկական կառուցվածքների մասին։ 
Համակարգի զարգացման ծրագրերով իրականացված կապիտալ ներդրումների արդյունքում կառուցված և շահագործման հանձնված որոշ օբյեկտներ չեն օգտագործվում։ Դրանց մեջ առանձնացվեցին մինչև 390 հա հողատարածքների ոռոգման համար 111,6 մլն դրամ ընդհանուր գումարով կառուցված և շահագործման հանձնված 3 հիդրոտեխնիկական կառույցներ։ ՙԱյդ համակարգում թերություններն այնքան շատ են, որ ստիպված ենք եղել ուշադրություն հրավիրել առավել խոշորների վրա,¬ ասաց Ա. Մոսիյանը։- Ժամանակն է, որ ջրային համակարգերում ֆինանսական հոսքերը ճիշտ կառավարվեն՚։
ՎՊ¬ն առաջարկություններ ներկայացրեց կառավարությանն ու ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը, որոնցով պահանջում է վերականգնման ենթակա գումարը վերադարձնել, իսկ ոլորտի թերությունները վերացնել։  
ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ ներկայացուցիչը համաձայնեց, որ հաշվետվության տվյալներն արտացոլում են համակարգում առկա իրավիճակի ճիշտ պատկերը, առարկություններ չունեն և սահմանված ժամանակահատվածում կկատարեն Վերահսկիչ պալատի պահանջները։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ