[ARM]     [RUS]     [ENG]

Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական օրն է

ՏՈՆԸ ԱՌԻԹ՝ ԽՈՍԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ը՝ որպես Էներգետիկի մասնագիտական տոն օր, դեռ  պաշտոնապես չի ընդունվել։ Չնայած դրան, համակարգի աշխատողները, ավանդույթի համաձայն, շարունակում են այն նշել, հուսալով, որ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարվանից իրենց մասնագիտական օրն էլ տեղ կգտնի Արցախի տոնացույցում։
Իսկ ավանդույթը գալիս է խորհրդային տարիներից. տոն օրվա նախապատմությունը կապված է 1966թ. մայիսի 23-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված հրամանի հետ, երբ, ի հիշատակ Ռուսաստանի էլեկտրիֆիկացիայի ծրագրի ընդունման, սահմանվեց Էներգետիկի տոն օր։ Ծրագիրն ընդունվել էր 1920թ. դեկտեմբերի 22-ին կայացած Խորհուրդների համառուսաստանյան 8-րդ համագումարում ։Էներգետիկի օրը ներկայումս էլ նշվում է հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Էներգետիկայի ոլորտին պակաս կարևորություն չի տրվում. այն հայտարարվել է ԼՂՀ գերակա ճյուղից մեկը և խոստանում է առանցքային լինել ԼՂՀ տնտեսության զարգացման գործում։
 ՙԱզատ Արցախ՚-ը շնորհավորում է համակարգի բոլոր աշխատողներին՝  մասնագիտական տոնի առթիվ և հյուրասրահ հրավիրում ոլորտում տարիների վաստակ ունեցող որոշ անձանց և ՙԱրցախէներգո՚ ընկերության գործադիր տնօրենին։
CATURYAN_T.jpgՏիգրան ԾԱՏՐՅԱՆ, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ գործադիր տնօրեն.- Էներգետիկ համակարգում ես նոր մարդ եմ, իհարկե։ Գրեթե երկու տարի է, ինչ աշխատում եմ, բայց այս կարճ ժամանակահատվածում հասցրել եմ սիրել այն և հասկանալ, որ միայն ներսից հայացք ձգելով կարելի է տեսնել, ըմբռնել համակարգում կատարվող աշխատանքների ամբողջ ծավալը, բարդությունն ու պատասխանատվությունը։ Էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ էլեկտրաէներգիան անխափան ու որակով սպառողին հասցնելու առումով մենք, անելիքներ, իհարկե, շատ ունենք, բայց խոստովանենք, էներգահամակարգը զարգացնելու ուղղությամբ կատարվածն էլ քիչ չէ։ Վերջին երեք տարում շահագործման են հանձնվել երկու 110/ 35-10 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայաններ, որոնցից մեկը Շուշիում՝ կառուցված ժամանակակից բոլոր չափանիշներով, մյուսը՝ Աղավնո համայնքների ենթակայանը։ Եվս մեկ նույն կարգի ենթակայան, որը գտնվում է Ստեփանակերտի Հայկավան թաղամասում, շահագործման կհանձնվի գալիք տարում։ Վերջին հինգ տարիներին մեր ընկերությունը նոր համակարգեր է ներդրել, որոնք նպատակաուղղված են տեխնիկական և կոմերցիոն կորուստների նվազեցմանը։ Ներկայումս, համակարգն, այո, վնասով է   աշխատում՝ գուցե դեռևս չկարողանալով լիովին գոհացնել սպառողին։ Բայց դրա համար գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ, ինչին սպառողը պետք է  ըմբռնումով մոտենա։ Ունեցած հնարավորությունների սահմանում մենք փորձում ենք  գոհացնել սպառողին։ Իսկ հոսանքի պարբերական անջատումները կապված են լինում կամ պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, որոնց մասին բաժանորդներն անպայման տեղեկացվում են, կամ՝ վթարների, որոնք շատ հաճախ բնական աղետների հետևանք են։ Վերջինից, կարծում եմ, ապահովագրված չեն նույնիսկ հզոր էներգահամակարգ ունեցող երկրները, և այդ առիթով դժգոհելն անհիմն է։ Իրացման ծավալների համեմատ  մեր կողմից սպասարկվող ԼՂՀ տարածքները մեծ են։  Այդ իսկ պատճառով ծախսերը գերազանցում են շահույթին։ Անցյալ տարվա համեմատ մեզ մոտ օգտակար սպառումը կազմել է մոտ 220 մլն կՎտ/ժ։ Իմ կարծիքով, եթե այն կարողանանք կրկնապատկել՝ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն կարող է  տարին փակել շահույթով։ Սա հնարավոր է իրականացնել առաջիկա հինգ տարիների ընթացքում՝  հաշվի առնելով մանավանդ այն հանգամանքը, որ Արցախում զարգացման միտումներ կան  հանքարդյունաբերության, ընդհանրապես էներգակիրների արդյունաբերության զարգացման մասով։
Հասկանալով որակյալ մասնագետների կարևորությունը՝ վերջին տարիներին փորձում ենք համակարգը երիտասարդացնել՝ ներգրավելով նոր, թարմ ուժեր, որոնք նաև փորձ են ձեռք բերում   երկար տարիներ ոլորտում աշխատող փորձառու կադրերից։
Արցախի և ողջ աշխարհի էներգետիկներին կցանկանայի շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ, մաղթել անսահման եռանդ, իրենց պատասխանատու և հաճախ վտանգավոր աշխատանքի մեջ։ Ամենակարևորը՝ թող որ էներգետիկի աշխատանքն առանց մարդկային կորուստների լինի (ցավոք, այս տարի մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ երկու զոհ ունեցանք)։ Եվ կցանկանայի, որ համակարգի աշխատողները միշտ  գնահատված լինեն։ 
XARATYAN_S.jpgՍերգեյ ԽԱՌԱՏՅԱՆ, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ գլխ. ինժեներ.- 1969թ-ից աշխատում եմ ԼՂ էներգահամակարգում։ Ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և անմիջապես աշխատանքի անցել Լեռնային Ղարաբաղի էներգահամակարգում։ Իմ մասնագիտությամբ աշխատում եմ արդեն գրեթե 44 տարի։ 
Էներգետիկի օրը միակ տոնն է ինձ համար (բացի ընտանեկան տոն օրերից), որ հոգու թրթիռով եմ սպասում, համակարգում այս կամ այն չափով ներդրում ունեցածի, վաստակածի զգացողությամբ դիմավորում։ Կինս նույնպես էներգահամակարգում է արդեն 43 տարի. փաստորեն էներգետիկների ընտանիք ենք։ Զուգահեռ անցկացնելով խորհրդային և ներկա ժամանակների միջև՝ տեսնում ենք՝ որ գուցե և փոխվել է համակարգը, նրա աշխատաոճը, բայց նույնն են մնացել էներգետիկի պարտականությունն ու աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը։ Հիմա կարծես դժվարություններն ավելի շատ են։ Եթե խորհրդային տարիներին մատակարարվում էր ամեն ինչ՝ սարքավորումներից մինչև անհրաժեշտ նյութեր, և մեզանից կախված էր միայն համակարգի անխափան աշխատանքի կազմակերպումը, ապա այսօր ժամանակակից պահանջներով համակարգ ունենալու համար հսկայական ջանքեր պիտի գործադրել։ Այդ իսկ պատճառով ներկայումս կարծես աշխարհից հետ ենք մնում տեղեկատվական հագեցվածության ապահովման հարցում, իսկ էներգետիկան այն ասպարեզն է, որ եթե այսօր նորը ձեռք չբերես, վաղն արդեն ուշ կլինի։ Բայց իհարկե, մենք պայքարում ենք, և փորձում հետ չմնալ։ Ինչ վերաբերում է խնդիրներին, իմ կարծիքով, մեր հանրապետությունը հետ է մնում բաշխիչ ցանցերի զարգացման առումով։ Նոր  բարձրավոլտ օդային գծերի ու գլխամասային տրանսֆորմատորային ենթակայանների կառուցման անհրաժեշտությունն այսօր չափազանց հրատապ  է, քանի որ էլեկտրաէներգիայի հսկայական և տարեցտարի աճող պահանջարկը եղած հնարավորություններով մենք ի վիճակի չենք բավարարել։  
Ճիշտ է, բազմաթիվ փոքր հէկեր են կառուցվում, որոնք բարձրացնում են հանրապետության էներգետիկ հզորությունը, բայց միայն հզորության ավելացմամբ չի որոշվում էներգետիկայի զարգացումը։ Պետք է հզորացնել նաև բաշխիչ ցանցերը, որպեսզի արտադրված էներգիան հասնի սպառողին։ 
Դրա համար կան մշակված ծրագրեր, սխեմաներ ինչպես ներկայի, այնպես էլ ապագայի համար։ Առաջնահերթությունների շարքում ուզում եմ առանձնացնել 2-րդ օդային սնուցման գիծը (որը պետք է ունենա մեծ հզորություն) և տրանսֆորմատորային ենթակայանների կառուցումը։ Ներկայումս 21 ենթակայան  է գործում։ Որպեսզի բավարարենք մեր պահանջները, դրանց թիվը պետք է առնվազն  կրկնապատկել։ Այս ծրագրերի համար քիչ գումարներ չեն պետք, որոնք աստիճանաբար կարելի է, և պետք է ստեղծել։
Ինչ վերաբերում է բարեմաղթանքներին, նախ ուզում եմ իմ գոհունակությունը և շնորհակալությունը հայտնել ձեզ՝ լրագրողներիդ, որ, չնայած պաշտոնապես այն ընդունված չէ, բայց միշտ հիշում եք մեզ։ Դա նշանակում է, որ մեր կատարած աշխատանքը գնահատվում է, և դա ամենամեծ նվերն է մեզ։ Ուզում եմ հավատացնել մեր սպառողներին, որ հարյուրավոր էներգետիկներ 24 ժամ շարունակ հերթապահում, աշխատում են, որպեսզի նրանց բնակարանները հարմարավետ ու լուսավոր լինեն։ 
AKOPIYAN_A.jpgԱռնոլդ ՀԱԿՈԲՅԱՆ, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ կենտրոնական կարգավարական ծառայության պետ.- Աշխատանքային գործունեությունս սկսել եմ 1968թ. հոկտեմբերից՝   հերթապահ ճարտարագետի պաշտոնով։ Համակարգում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Թող բարձրագոչ չհնչի, բայց դեռ ուսանողական տարիներից ցանկություն եմ ունեցել աշխատել հենց էներգետիկայի ոլորտում։ խորհրդային տարիներին տարիներին աշխատանքն ավելի հեշտ էր կազմակերպվում, քանի որ մատակարարման մեխանիզմն ուրիշ էր, հիմա ապրանքների ու սարքավորումների ձեռքբերումը դժվարացել է, սպառողների բողոքները՝ շատացել։ Խնդիրներն էլ շատ են. պատերազմից հետո ավերված տնտեսությունը վերականգնելու կարիք կա. եղած սարքավորումները հնացել են, իսկ նորը թանկարժեք է, դժվար է ձեռք բերել։ Էներգահամակարգն ունի նաև որակյալ մասնագետների կարիք։ Ճիշտ է, խնդիրը վերջին տարիներին մասնակիորեն լուծվում է։ Այս ամենով հանդերձ, մեր հանրապետության էներգետիկ ձեռքբերումներն էլ քիչ չեն։ 
Ինչպիսին կկամենայի տեսնել էներգահամակարգը. առավել զարգացած ու կատարելագործված, իսկ այստեղ աշխատող անձանց աշխատավարձը՝ առավել բարձր, քանի որ նաև դրանից է կախված, թե ինչ որակի կադրեր կունենանք մենք։ Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն։
ARKADI.jpgԱրկադի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ տրանսֆորմատորների վերանորոգման արտադրամասի պետ.-  40 տարի է՝ այստեղ եմ։ Սկզբում աշխատել եմ բարձր լարման տեղամասում, այնուհետև՝ տրանսֆորմատորների վերանորոգման արտադրամասում։ Էներգետիկի օրը խորհրդային տարիներին շատ ճոխ էր նշվում, խրախուսվում։ Հիմա,  չնայած Արցախի պետական տոնացույցում այն չկա, բայց մենք չենք մոռանում շնորհավորել միմյանց, քանի որ մենք առավել՝ քան, համակարգից դուրս գտնվող մարդիկ, գիտակցում ենք, թե ինչ կարևորություն ունի էներգետիկան պետության կառուցվածքում, ինչ պատասխանատվություն է դրված մեզ վրա, և ինչ բարդություններով է լի սպառողներին էներգամատակարարմամբ  ապահովելու ճանապարհը։ Սա այն ոլորտն է, երբ, իրոք, կադրերը որոշում են ամեն ինչ։ Եվ քանի դեռ աշխատում են փորձառու մասնագետներ, պետք է նրանց կողքին թարմ ուժեր ներդնել, որպեսզի ժամանակակից մտածողությունն ու տարիների փորձառությունը շաղկապելով՝ առավելագույն արդյունք ապահովվի։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ