[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐՈՎ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դեկտեմբերի 28-ին, ավանդույթի համաձայն, տարեվերջյան հանդիպում ունեցավ լրագրողների հետ։ Արա Հարությունյանն այս անգամ չներկայացրեց  տարվա ամփոփ նկարագիրը՝  ինչպես նախորդ տարիներին, այլ միանգամից սկսեց հարցերի պատասխաններից։
Դրանք այնքան շատ էին, որ գրեթե երկու ժամ տևած հարցուպատասխանից հետո վարչապետը ստիպված եղավ հայտարարել ՙվերջին հարցի՚ մասին, որից հետո էլ, լրագրողների խնդրանքով,  պատասխանեց ևս 5 հարցի։
ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջին հարցը վերաբերում էր չբարձրացած աշխատավարձերին ու թոշակներին, ինչին պատասխանելով՝ վարչապետը նշեց, որ պետք է իրատեսական լինել, քանի որ աշխատավարձերի և թոշակների հետ կապված՝ ԼՂՀ պետական քաղաքականությունը Հայաստանի հետ համատեղ է իրականացվում նույն տնտեսական դաշտում լինելու, նույն մեխանիզմներով բյուջետային քաղաքականություն իրականացնելու, նրանից  միջպետական վարկ ստանալու և այլ պատճառներով։ Իսկ Հայաստանում նման գործընթացներ չեն իրականացվել։ Վարչապետը խոստացավ, որ արդեն 2014 թվականից դրանք կսկսեն բարձրացնել՝  2017-ին հասցնելով թոշակների խոստացված  կրկնապատկմանը։ 
Խոսելով վերջին շրջանում իրականացված հարկային քաղաքականությունից, համաձայն որի որոշ  հարկատեսակներ բավականին աճել են, վարչապետը նշեց, որ սոցիալական պետություն կառուցելու ճանապարհը ոչ միայն թոշակների ու նպաստների ավելացումից է կազմված։ Սոցիալական պետության ամենակարևոր սկզբունքներից մեկը շերտավորման բացառումն է։ Եվ դա պետք է կատարվի տնտեսական, հարկային ճկուն քաղաքականության միջոցով։ Այդ հարկատեսակների բարձրացման փորձ արվել էր դեռևս 5 տարի առաջ, երբ հանքարդյունաբերական խոշոր ծրագիր սկսվեց Արցախում, բայց անհաջող։ Արդյունքում՝ պետությունը կորցրել է մեծ գումարներ, որոնք հանրապետությունից դուրս են եկել։ Փոքր և մանր ձեռնարկատիրության զարգացմանը այդ հարկերի բարձրացումը միանշանակ չի խոչընդոտի, դրա համար կան մասնագետների  բացատրությունները, իսկ խոշոր շահույթ ապահովողներից կառավարությունը կկարողանա պետության համար մուտքեր ապահովել, ինչն էլ կնպատակաուղղվի պետական ծրագրերի իրագործմանը։
ՙՀարկերի բարձրացումը ես համարում եմ տարվա ամենավճռական քայլերից մեկը։ Եվ որպես տնտեսագետ՝ համոզված եմ, որ հարկերը պարբերաբար պետք է բարձրացվեն, հատկապես՝ շահութահարկը ։ Սրանից ժողովուրդը չի տուժի՚,¬ սա իմ անձնական կարծիքն է՚,- ասաց վարչապետը։ 
Լրագրողները հետաքրքրվեցին նոր կառավարության գործունեության վերաբերյալ գործադիրի ղեկավարի գնահատականով՝ հաշվի առնելով այն, որ նախարարների նշանակման հարյուր օրը լրացել է, խոսք եղավ պետական համակարգի ուռճացվածության մասին, ինչին պատասխանելով, Ա. Հարությունյանը նշեց, որ ճիշտ է, պետական համակարգը օպտիմալացնելու կարիք, գուցե, զգում է, բայց ընդհանրության մեջ ծրագրերի իրականացման առումով նոր կառավարության աշխատանքը գոհացուցիչ է։
Չբարձրացած աշխատավարձերի ֆոնին տարեցտարի արձանագրվող գնաճը չի կարող հասարակական հնչողություն չստանալ։ Լուծումը վարչապետը տեսնում է տեղական արտադրության խթանման մեջ. ըստ նրա՝ գների գործոնը պետք է պայմանավորված լինի առաջարկով և պահանջարկով, իսկ այսօր, քանի որ ներմուծող երկիր ենք, միջազգային շուկայում ցանկացած թանկացում անդրադառնում է տեղական շուկայի վրա։ 
Լրագրողները հարց բարձրացրին, թե ինչու արդյունաբերության, մասնավորապես՝  հանքարդյունաբերության ոլորտում պետությունը որպես բաժնետեր հանդես չի գալիս (գոնե մասնակիորեն)։ Այս մասին վարչապետը նշեց, որ հարկային մեխանիզմները, որ կիրառվում են, պետական մասնակցության անուղղակի ձև են։
Վերաբնակեցման վերաբերյալ հարցին ի պատասխան նշվեց, որ, չնայած ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, քանի որ յուրաքանչյուր ընտանիքի վերաբնակեցում ֆինանսական լուրջ միջոցներ է պահանջում պետական բյուջեից և լրացուցիչ սոցիալական խնդիրներ առաջացնում, այնուամենայնիվ, կառավարությանը հաջողվել է դրական ցուցանիշներ գրանցել այդ ուղղությամբ։ Վերջին 5 տարում միայն Քաշաթաղի շրջանում 3500 հոգի է ավելացել։
Ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների շարքում լրագրողներն առանձնացրին ոչ միայն բարեկարգման կարոտ  ճանապարհների, այլև  մայրաքաղաքի՝ ավտոմեքենաների թվի համեմատ նեղ փողոցների հարցը։ Այս մասին վարչապետը կարծիք հայտնեց, որ ճիշտ երթևեկություն մշակելու դեպքում հնարավոր է խուսափել խցանումներից, և այդ մասին պետք է հոգ տանեն պետավտոտեսչության աշխատողները։ Իսկ ինչպե՞ս է կառուցվում ջրային համակարգը, ինչո՞ւ են այդքան վթարներ լինում, և ճի՞շտ են, արդյոք, դրա կառուցման ընթացքում ոչ որակյալ խողովակների օգտագործման վերաբերյալ շրջանառվող լուրերը։ Այս հարցին ի պատասխան Ա. Հարությունյանը նշեց, որ  նախագծի հաշվարկներով՝  ամեն ինչ արված է ճիշտ, և վթարները գուցե սխալ շահագործման արդյունք են։  ՙԵթե կապալառու կազմակերպություններն ինչ-որ բան սխալ են արել, որի պատճառով տուժել է աշխատանքը, մեղավորները պետք է պատժվեն, իսկ վնասը փոխհատուցվի՚,- ասաց նա։ 
Այլընտրանքային էներգակիրների կիրառման՝ կառավարության ծրագրերի մասին  խոսելով՝ Ա. Հարությունյանն ասաց, որ տարեցտարի այն առավել լայն կիրառում կունենա մեզ մոտ։ ՙԱյլընտրանքային էներգակիրների կիրառման ծրագիրն այնընտրանք չունի. այն ծավալվելու է՝  հատկապես միջազգային շուկայում գազի  գնի սպասվող թանկացմամբ պայմանավորված։ Իսկ լրիվությամբ անցնել հոսանքի օգտագործմանը չենք կարող. մեր էներգահամակարգը չի դիմանա՚,¬ ասաց նա։
Լրագրողների հարցերը բազմազան էին. դրանք առնչվում էին գյուղատնտեսության, պետության սակագնային քաղաքականության, բնակարանաշինության, վարկավորման և այլ ոլորտների։ Ամեն դեպքում կառավարության ծրագրերի հաջողությունը վարչապետը պայմանավորում է պետական բյուջեի մուտքերով։ Իսկ 2013 թ. բյուջեն համարում է իրատեսական և կայուն։ Այն, գործադիրի ղեկավարի համոզմամբ, թույլ կտա իրականացնել նախանշված ծրագրերը։ Անցած տարվա ամենամեծ ձեռքբերումը Ա. Հարությունյանը համարում է ԼՂՀ¬ում կայացած նախագահական ընտրությունները, որը նաև միջազգային դիտորդների կողմից է արժանացել բարձր գնահատականի։ Իսկ բացթողումնե՞րը. այս հարցին վարչապետը պատասխանեց, որ դրանք շատ են։ Խնդիրներ կան պետական կառավարման  համակարգում, մյուս ոլորտներում։ ՙԵթե կան դժգոհություններ, ուրեմն աշխատանքը թերի է։ Թող որ այդ դժգոհությունների համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից՝ դրանք տեղին են։ Կարծում եմ, պետություն-հասարակություն կապը պետք է խորացնել, և դուք՝ լրագրողներդ, այդտեղ քիչ անելիք չունեք՚,- ասաց նա։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ