[ARM]     [RUS]     [ENG]

VALLEX GARDEN HOTEL-Ը՝ ՆՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ ԱՐՑԱԽԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅՈՒՄ

DSC_6140.jpgՏուրիզմի ոլորտի զարգացման նախապայմանների մասին քննարկումներում միշտ առաջնային գիծ են մղվում ենթակառուցվածքները, ինչը, խոստովանենք, Արցախում հեռու է բավարար լինելուց։ Այդ իսկ պատճառով ոլորտում ցանկացած առաջխաղացում ոգևորությամբ է ընդունվում ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության կողմից։ Այս առումով Vallex ընկերության կողմից Ստեփանակերտում կառուցված հյուրանոցային համալիրն՝ իր մարզասրահով ու SPA կենտրոնով (որի մեջ մտնում են գեղեցկության սրահը, մերսման կաբինետը և այլն),  նոր երևույթ կարելի է համարել մեր կյանքում։ 
Ճիշտ է, այդ համալիրի կառուցումը հենց մայրաքաղաքի կենտրոնում՝ Ստեփանակերտի միակ զբոսայգու տարածքում, բնակչության կողմից միանշանակ չի ընդունվել. շատերն են կարծիք հայտնել, որ այն պետք է քաղաքի ծայրամասում լիներ, ինչը  հնարավորություն կտար զարգացնել նաև նրա շրջակայքը։ Ամեն դեպքում, Vallex Garden Hotel հյուրանոցային համալիրով ինչպես արցախցիները, այնպես էլ հյուրերը հնարավորություն են ստանում միջազգային  չափանիշներին համապատասխան հանգիստ վայելել։ 
 Vallex Garden Hotel ընկերության փոխտնօրեն Արթուր 
ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ  պատասխանում է ՙԱզատ Արցախ՚¬ի հարցերին։
-Պրն. Մաթևոսյան, որքան գիտենք, Vallex Garden Hotel-ը Vallex ընկերությունների խմբի առաջին նախաձեռնությունն է հյուրանոցային բիզնեսում։  Ինչո՞ւ այն իրականացվեց Ղարաբաղում։
- Այո, սա մեր ընկերության հյուրանոցաշինական առաջին ծրագիրն է։ Ինչ վերաբերում է հարցին՝ թե ինչու Ղարաբաղում, դուք գիտեք, որ Vallex Group-ը  ՀՀ և ԼՂՀ լեռնամետալուրգիայի ոլորտում ոչ փոքր ծավալների ծրագրեր է իրականացնում։ Այսինքն, Vallex  ընկերությունը Ղարաբաղը դիտում է որպես իր բիզնեսի դաշտ, ներդրումներ կատարում։ Ուղղակի որոշում ընդունվեց մի փոքր փոփոխություն մտցնել պրոֆիլի մեջ՝ այդպիսով նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը։ Սա առաջին և, կարծում եմ, հաջողված փորձն  է, և ընկերությունը զբոսաշրջության ոլորտում, հավանաբար,  կշարունակի ծրագրեր իրագործել։
Այսպիսով՝ Vallex Group-ը նպատակ ունի նպաստել Արցախի ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչը կօժանդակի նոր ներդրումների հոսքին, բնականաբար և՝ տնտեսության զարգացմանը։ 
- Կներկայացնե՞ք՝ ինչում է կայանում Vallex Garden Hotel-ի առանձնահատկությունը ԼՂՀ հյուրանոցային ինդուստրիայում։
-Նախ, իմ կարծիքով, առաջին առանձնահատկությունը կատարված ներդրման ծավալի մեջ է։ Չհրապարակենք,  բայց այն բավականին մեծ է։ Հյուրանոցի շինարարության մեջ օգտագործված շինանյութերն ու աշխատուժն էլ բավականին թանկարժեք են, քանի որ մենք նպատակ ունեինք ամենաժամանակակից և յուրահատուկ ոճով կառույց ունենալ։ Երկրորդ յուրատիպությունն այն է, որ փորձել ենք մեծաքանակ  տեղական շինանյութեր օգտագործել՝ դարձյալ նպաստելով տեղական արտադրանքի իրացմանը։ Ինչ խոսք, այս ամենը համադրել ենք ժամանակակից դիզայնի, տեխնոլոգիաների հետ և արդյունքում ստացել արդիական հյուրանոց, որտեղ յուրաքանչյուր հյուր իրեն  կզգա հարմարավետ և ցանկալի պայմաններում։ Vallex Garden Hotel-ը Արցախի մյուս հյուրանոցներից առանձնանում է նրանով, որ այստեղ  գործում է ժամանակակից մարզասրահ,  լողավազան, SPA  կենտրոն, ինչը եզակի երևույթ է Ղարաբաղի համար ինչպես տեխնիկական միջոցներով հագեցվածության, այնպես էլ սպասարկման մակարդակի առումով։ Գործում է նաև թենիսի կորտ։ Այն, ի դեպ, ունի ունիվերսալ գծագրություն՝  նախատեսված է նաև մինի-ֆուտբոլի և բասկետբոլի համար։ Օգտագործված նյութերը յուրօրինակ են, հակատրավմատիկ, Masterfiber ընկերության կողմից հատուկ ռետինատիպ նյութից պատրաստված։ 
Սպորտային լողավազանում, որի երկարությունը 25 մ է, կատարվում է 2 ձևի ֆիլտրացում՝ ուլտրամանուշակագույն և մեխանիկական։ Մեզ մոտ  սանիտարահիգիենիկ վիճակի վերահսկումը ևս  բարձր մակարդակի վրա է և չի զիջում արտասահմանյան երկրների բարձրակարգ հյուրանոցներին։ Ֆիտնես-սրահի  այցելուները պարտադիր պետք է ենթարկվեն սրահի կանոններին՝ չծխեն, ալկոհոլ չօգտագործեն, մինչև լողավազան մտնելն ընդունեն  լոգանք,  որից հետո նրանց տրամադրում են նաև որոշ անհրաժեշտ պարագաներ և հրավիրում ներս։ Բոլոր մարզասարքերը բարձրորակ են, այցելուների հետ աշխատում են որակավորված մարզիչներ։ Հանդերձարանում գործում է ֆիննական շոգեբաղնիք, որն ունի տղամարդկանց և կանանց համար առանձին բաժիններ և սպասարկման որակով կփոխի շոգեբաղնիքի վերաբերյալ Հայաստանում ձևավորված պատկերացումները։ Գործում է նաև գների ճկուն համակարգ։  
Ֆիտնես-սրահին կից գործում է Adidas և Rebook ֆիրմայի ապրանքատեսակների ոչ մեծ վաճառակետ։ Ունենք նաև երկու կոնֆերենց¬դահլիճ՝ 30 և 120 հոգու համար, ռեստորան։  
- Իսկ ինչպիսի՞ն են հյուրանոցի հնարավորությունները և գներն, իհարկե։ 
- Այս պահի դրությամբ հյուրանոցն ունի 23 սենյակ։  Մինչև ապրիլի կեսերը մյուս մասնաշենքի  շահագործմամբ սենյակների ընդհանուր թիվը կլինի 58, և Vallex Garden Hotel-ը  ձեռք կբերի,  թերևս, ԼՂ¬ում ամենամեծ հյուրանոցի համբավ։
Ինչ վերաբերում է գներին, ապա ԼՂՀ շուկայում գործող գների ենթատեքստում դրանք բարձր չեն. սենյակների օրավարձը սկսվում է 30 հազար  դրամից, 1 տեղանոց սենյակներ այստեղ չկան, յուրաքանչյուրում  տեղադրված է 1 տեղանոց  2 մահճակալ կամ 1 երկտեղանոց։ Որոշ սենյակներում  կա հավելյալ մահճակալ տեղադրելու, ընդհուպ մինչև 4 անձի համար  հարմարություն ստեղծելու հնարավորություն։ Սենյակներում կա նաև զովացուցիչ ըմպելիքներով անվճար մինի բար։ Հյուրանոցի օրավարձի մեջ մտնում է մեր ամբողջ ֆիտնես-ծառայության  (սա մեզ թույլ է տալիս մյուս  հյուրանոցների նկատմամբ զբաղեցնել գերակա դիրք) և  նախաճաշի համար վճարը, որն ունի  բավական բարձր  ինքնարժեք։ Ունենք լվացքատուն։ Հյուրանոցային համալիրի շինարարության ավարտից հետո ամբողջ տարածքում կլինեն արահետներ.  հյուրանոցի բակն ու ամբողջ  բարեկարգ տարածքը կծառայի որպես բնակչության զբոսավայր և հանգստյան գոտի։ 
- Իսկ Ղարաբաղի այլ ընկերությունների հետ համագործակցո՞ւմ եք։ 
- Ինչպես նշեցի, շինարարության մեջ բավականին շատ են օգտագործվել ինչպես տեղական, այնպես էլ հայաստանյան արտադրանքը՝ քար, փայտ և այլն։ Մեր ճաշատեսակների համար էլ օգտագործվում է տեղական մթերք, ցուցադրում և օգտագործում ենք ՙԱրցախֆրուտի՚  արտադրանքը։ 
- Որքան էլ բարձր լինի տեխնիկական հագեցվածությունը և լավ՝ շենքային պայմանները, Արցախում, այնուամենայնիվ, սպասարկման մակարդակը շարունակում է մնալ անբավարար։ Այն բարձրացնելու  գործում մեծ դերակատարություն ունի կադրերի ընտրությունն ու որակավորումը։ Ինչպե՞ս եք փորձում  լուծել այդ հարցը։  
- Մասնագիտական կազմում ընդգրկված են միայն տեղացիներ։ Իսկ որակավորման  խնդիրը լուծվում է ընթացքում՝ շփումների, սեմինարների և սովորածը  գործնականում կիրառելու միջոցով։ Մենք գերադասել ենք ոչ թե կադրերին ուղարկել որակավորման, այլ մասնագետներ հրավիրել՝ տեղում ուսուցանելու։  
- Եվ վերջում.  ո՞վ է Արթուր Մաթևոսյանը, նո՞ր մարդ է, արդյոք, հյուրանոցային բիզնեսում, և ի՞նչ էր անում մինչ այդ։
-1996 թվականից Ստեփանակերտի բնակիչ եմ։ Մինչ այդ ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում։ Կարճ ժամանակով ուսման էի մեկնել, վերադարձա երեք  տարի առաջ՝ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման աշխատանքների հետ կապված (ավիացիայի փոխադրումների մասնագետ եմ)։ Եվ քանի որ օդանավակայանում արդեն ինձ փոխարինող անձնակազմ եմ պատրաստել, սիրով ընդունեցի Vallex Garden Hotel-ում աշխատելու առաջարկը։ 
 
 
 Սրբուհի ՎԱՆՅԱՆ