[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2012Թ

230113_Harkayin_2_Info_1_.jpgԻնչպես արդեն հաղորդվել է, օրերս Հարկային պետական ծառայությունում ամփոփվել են 2012թ. արդյունքները: Արդեն երրորդ անգամ` այս ձեւաչափով կազմակերպվող հանդիպումներին նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանն է մասնակցում: Հերթական հանդիպմանը նրան  ուղեկցում էր ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը: 
Նախագահը նախ  շրջել է Հարկային պետական ծառայության կենտրոնական մասնաշենքում, ծանոթացել արդեն իրականացված բարեփոխումներին, պարզաբանումներ լսել հետագա անելիքների, մասնավորապես այն մասին, որ առաջին հարկում շատ շուտով կսկսի ուսումնական կետ գործել: 
Նախագահին ավելի շատ սպասարկման սրահներն էին հետաքրքրում: Խոշոր հարկ վճարողներին սպասարկողների հետ կարճ զրույցից հետո Բակո Սահակյանը Ստեփանակերտի քաղաքային հարկային տեսչության սպասարկման սրահում էր: Այստեղ գործը միայն հարցուփորձով չավարտվեց:
 Նախագահն անձամբ փորձեց պարզել, թե   ինչպես  կարող է իրեն զգալ այս սրահում հայտնված հարկատուն: Երկրի ղեկավարին պարզաբանումներ ներկայացնողը սպասարկման բաժնի պետն էր:
Իսկ թե նման պայմաններ ունենալով 2012 թվականին ինչ արդյունքներ է կարողացել ապահովել հարկային մարմինը` ծառայության պատասխանատուները ներկայացրին ամփոփիչ հանդիպման ընթացքում: ՙՀաշվետու տարում հարկային մարմինը շարունակել է աշխատանքները` հսկողական գործընթացների արդյունավետության բարձրացման, օրենսդրական դրույթների կատարելագործման, հանրային իրազեկման աշխատանքների ընդլայնման, ինչպես նաեւ համակարգի արդիականացման ուղղություններով,- գործունեության հիմնական հատվածները  թվարկեց Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը։¬ Աշխատելով այս սկզբունքների շրջանակներում` Հարկային պետական ծառայությանը հաջողվել է ապահովել պետական բյուջեի հարկային մուտքերի պլանավորված մակարդակը՚։  Ապա նա մանրամասնեց. ՙՀարկային եկամուտների, տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով բյուջե են  մուտքագրել 26 մլրդ 194 մլն դրամ` ամբողջությամբ կատարելով բյուջեով սահմանված պլանային ցուցանիշը, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 10,4 տոկոսով կամ 2 մլրդ 472 մլն դրամով՚:
Նախորդ տարիներից մեկնարկած քաղաքականությանը համահունչ` շարունակում են պակասել ստուգումները: Դրանք դառնում են ավելի հասցեական: Նախորդ տարվա 298 ստուգման դիմաց 2012 թվականին ընդհանուր բնույթի 180 ստուգում է կատարվել: Փոխարենը` 55 տոկոսով աճել է մեկ ստուգմամբ հայտնաբերված գումարը: Զուգահեռաբար, մշակվում են ոլորտային ուղեցույցներ, որոնք օգտակար կլինեն թե ստուգողների եւ թե ստուգվող սուբյեկտների համար: 
Վերահսկողությունը տարվում է բոլոր օղակներում` սկսած հսկիչ կետերից: Առայժմ ներմուծման-արտահանման ծավալների հիմնական մասը բաժին է ընկնում Աղավնոյի հսկիչ կետին: Սակայն որոշակի աշխուժություն է ապահովվել նաեւ Գետավան-Վարդենիս-Քարվաճառ եւ Սանասար-Խնձորեսկ ուղղություններում: 
Արձանագրված ցուցանիշները ծառայության բոլոր ստորաբաժանումների համատեղ ջանքերի արդյունքն է: Այդ առումով աչքի են ընկել հատկապես Ստեփանակերտի, Հադրութի եւ Քաշաթաղի հարկային տեսչությունները: 
Նախորդ տարվա ցուցանիշներն ավելի քան 8 տոկոսով գերակատարել է նաեւ խոշոր հարկ վճարողների վարչությունը: Իսկ 2012 թվականի պլանային ցուցանիշներն ապահովվել են 98 տոկոսով: ՙԾրագրային ցուցանիշների թերակատարումը հիմնականում պայմանավորված է ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության կողմից 2012թ. համար նախատեսված գումարներից մոտ 400մլն դրամ պակաս վճարմամբ,- պարզաբանում է հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը,- եւ միաժամանակ, ընկերության կողմից նախորդ տարվա համեմատ հաշվետու տարվա ընթացքում վճարված գումարների շուրջ 1 մլրդ դրամով նվազմամբ՚:
Կատարված աշխատանքի արդյունքները նախագահ Բակո Սահակյանը դրական է գնահատում: Առավել եւս, որ տարիների հետ հարկային եկամուտները միայն աճում են` 2008 թվականի 17 միլիարդից 2012 թվականին հատելով 26 միլիարդ դրամի սահմանը: Ընդ որում, սա արդեն մեկ հարկատուից կամ մեկ ուղղությունից կախված բյուջե չէ: ՙԵթե հանրապետության ամենախոշոր հարկատուի` ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերության կողմից ապահովված մուտքերի տեսակարար կշիռը հարկային եկամուտներում 2007թ. կազմում էր ավելի քան 30 տոկոս, ապա 2012թ. այն կազմել է 12,6 տոկոս՚,- գնահատում է հանրապետության նախագահը: 
Դա նաեւ հարկային ոլորտում որդեգրՎած եւ քայլ առ քայլ իրականացվող բարեփոխումների արդյունք է: Բակո Սահակյանը պահանջում է հետեւողական լինել դրանք ավարտին հասցնելու գործում: ՙԱնհրաժեշտ է շարունակել հարկային վարչարարության պարզեցումը եւ թեթեւացումը, անարդարության ցանկացած դրսեւորման դեմ պայքարը` հավասար պայմաններ ստեղծելով տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար,- նախագահի հանձնարարականն է:- Միաժամանակ` պետք է շարունակել համառ ու հետեւողական պայքարը չարաշահումների եւ արատավոր երեւույթների դեմ, ինչը կնպաստի ինչպես համակարգի ներսում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը, այնպես էլ հասարակության կողմից նրա նկատմամբ վստահության շարունակական բարձրացմանը՚:
Հարկային վարչարարության կատարելագործման մեջ պետք է հասնել նրան, որ հարկային ծառայության միջամտությունը նկատելի, առավել եւս` խանգարող հանգամանք չդառնա բիզնես միջավայրի զարգացման ճանապարհին: Պետք է զգույշ եւ ուշադիր լինել հատկապես ՓՄՁ ոլորտի հարցում, ընդգծել  է Բ. Սահակյանը:
Նախագահը նաեւ նախորդ հանդիպումների ընթացքում տրված հանձնարարականներին է անդրադարձել: Արդյունքները դրական գնահատելով հանդերձ` նա անհրաժեշտ է համարում մեծացնել տարբեր ուղղություններում չարաշահումների հնարավորությունները նվազագույնի հասցնելու ջանքերը: Օրինակը Բակո Սահակյանը հենց հնչած հաշվետվություններից է բերում: Այո, ներմուծման գրանցված ծավալներում աճ կա, բայց դա չի նշանակում, թե այստեղ հսկողությունն ուժեղացնելու կարիք չկա:
Մեկ այլ թեմա, որը դեռ նախորդ հանդիպումներից է շրջանառվում: Խոսքն աշխատողներին արժանավայել աշխատավարձ վճարելու եւ դրանք իրական հաշվետվություններում ներկայացնելու անհրաժեշտության մասին է: Տնտեսավարողներից շատերը թերանում են ե՜ւ առաջին, ե՜ւ երկրորդ դեպքում: Կան տնտեսավարողներ, որ շարունակում են աշխատողներին լրիվ կամ մասնակի  վարձատրել ծրարներով՝ դա որեւէ հաշվետվությունում չներառելով: Գուցե այս պահին նման վիճակը աշխատողներին բավարարում է, բայց դրանից բխող բարդություններն ու տհաճությունները այսրոպեական չեն լինելու:  Շուտով Արցախը եւս կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում անցում կկատարի կուտակային համակարգին: Եվ մարդկանց վաղվա կենսաթոշակը պետք է ձեւավորվի նրանց այսօրվա աշխատավարձի հիման վրա, հիշեցնում է Բակո Սահակյանը:
Այս թեմայով բոլոր մակարդակներում բացատրական աշխատանքներ են տարվում արդեն տարիներ շարունակ: Ժամանակն  է կոնկրետ քայլերի դիմել: Նախագահի հանձնարարականը խիստ էր. ՙՀանձնարարում եմ ձեզ անաչառ պայքար տանել այդ կարգի բոլոր  պատասխանատուների նկատմամբ, ովքեր իրենց նման գործունեությամբ ոչ միայն չեն նպաստում մեր երկրի զարգացմանը, այլեւ վտանգի են ենթարկում նրա անվտանգությունը: Ես թույլատրում եմ ձեզ իրականացնել ճնշումներ, հետապնդումներ, ի հայտ բերելու այդպիսիներին եւ ենթարկելու դաժանագույն պատասխանատվության, որովհետեւ այլեւս չի կարելի ներել այդպիսիներին՚:
Բակո Սահակայանն աշխատավարձերին նաեւ մեկ այլ ենթատեքստով է անդրադարձել: Ծառայության աշխատակիցների աշխատավարձերը տատանվում են 55-ից 400 հազար դրամի միջակայքում: ՙՉպետք է լինի քննադատություն առաջացնող անհամաչափություն,- նշում է նախագահը:- Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի ծառայության աշխատակիցներից յուրաքանչյուրը համոզված լինի, որ բոլորը վարձատրվում են ըստ իրենց կողմից կատարված աշխատանքի՚:
Հարկային ծառայողների աշխատավարձերի արդարության սկզբունքով աճը կշարունակվի նաեւ հետագա տարիներին: Իսկ հնչած հանձնարարականների մասով ջանքերի արդյունքները գնահատելու առիթ կլինի արդեն հաջորդ հաշվետու հանդիպման ժամանակ:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ