[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՆԵՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

DSC00259.jpgՀունվարի 25-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որին հրավիրված էին  համալսարանի գիտական խորհրդի անդամները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողության ակտիվը: Այն վարում էր ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: 
Նիստի սկզբում Արա Հարությունյանն իրազեկեց խորհրդի կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին. Վլադիկ Խաչատրյանի փոխարեն խորհրդի անդամ է նշանակվել Հովիկ Մուսայելյանը, իսկ ուսանողներ Սամվել Մովսիսյանի, Անուշ Մարտիրոսյանի և Հասմիկ Առաքելյանի փոխարեն` Նարինե Էլյազյանը, Լուսինե Լալայանը և Արթուր Հայրապետյանը։  
Ներկաները նախ լսեցին ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանին, ով հանդես եկավ 2011-2012 ուսումնական տարում իրականացված աշխատանքների մասին հաշվետվությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի մայր բուհի զարգացման ծրագիրը նախատեսված է 2009-2013թթ. համար, հաստատության ղեկավարը խոսեց նաև նշված ծրագրի դրույթների կատարման մասին։   
Արցախի մայր բուհում 30 մասնագիտությունների գծով սովորում է 2398 ուսանող (բակալավրիատի ծրագրով), որից 1616-ը՝ առկա, իսկ 1322-ը՝ հեռակա ուսուցմամբ։ Մագիստրոսական ծրագրով ուսանում է 527 հոգի, որից 428-ը՝ առկա, 99-ը՝ հեռակա բաժիններում։ Պետպատվերի համակարգում ընդգրկված է 203 մագիստրանտ։ Համալսարանում սովորում է 62 ասպիրանտ։ 
Ս. Դադայանի հավաստմամբ՝ բուհի զարգացման ծրագրի ընդունման ժամանակ ուսանողների թիվը հասնում էր 4610-ի։ Նրանց քանակի կտրուկ նվազումը պայմանավորված է առաջին հերթին ագրարային ֆակուլտետի տարանջատմամբ (դրա հիմքի վրա ստեղծվեց ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը), ապա՝ 2011թ. առկա բաժնում ընդունելություն չկատարելու, ինչպես նաև համալսարանի առջև դրված առաջնահերթ խնդիրների լուծման պատճառով։ Այսինքն որակ՝ ոչ թե քանակ։ Այս առումով մայր բուհից զգալի թվով ուսանողներ են հեռացվել։ 
Համալսարանում հիմնական հաստիքով աշխատում է 232 դասախոս, ևս 130-ը՝ ժամավճարային հիմունքներով։  
Ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար բուհն ունի բոլոր պայմանները. գործող 5 մասնաշենքերում առկա են անհրաժեշտ ստորաբաժանումներն ու կառույցները՝ մարզադահլիճներ, գրադարաններ՝ ընթերցասրահներով, մասնագիտական կաբինետներ,  լաբորատորիաներ և այլն։ Ըստ Ս. Դադայանի՝ եթե 2008թ. համալսարանն ուներ 1 շարժական պրոյեկտոր, 256 կիլոբայթ հզորությամբ համացանց, ապա այսօր 16 մասնագիտական կաբինետներում տեղադրված են մշտական գործող պրոյեկտորներ, իսկ համակարգիչների թիվը հասնում է ավելի քան 200-ի։  Համացանցի հզորությունը հասնում է 6000 մեգաբայթի, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպվող միջոցառումները ներկայացնել միջազգային հանրությանը։ Այս ամենի նպատակը մեկն է՝ պատրաստել ու դաստիարակել ժամանակի պահանջներին համապատասխան գիտելիքներով և ունակություններով երիտասարդ, հայրենասեր մասնագետներ։
Անդրադառնալով ուսումնական գործընթացին՝ Ս. Դադայանը նշեց, որ այն իրականացվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Առկա բաժնի 1616 ուսանողներից հաշվետու տարում գերազանց առաջադիմություն է ցուցաբերել 89 ուսանող, ՙլավ՚ և ՙգերազանց՚ գնահատականներով սովորում է 178-ը։ ԱրՊՀ ռեկտորի կարծիքով՝ նման առաջադիմությունը վատ ցուցանիշ չէ։ Հեռակա բաժնում, սակայն, ուսանողների որակը դեռևս մնում է ցածր։  1322 ուսանողից ՙգերազանց՚ գնահատականներով սովորողներն ընդամենը 19-ն են, իսկ ՙլավ՚ և ՙգերազանց՚՝ 65։ Երկու կիսամյակների արդյունքներով համալսարանից հեռացվել է 154 թերացող ուսանող, որից 37-ը՝ առկա, 117-ը՝ հեռակա բաժիններից։ 
Մայր բուհի ղեկավարն անդրադարձավ հաստատության գլխավոր խնդրին՝ ուսման որակի բարձրացմանն ու այդ ուղղությամբ տարվող նպատակամետ աշխատանքներին. դասախոսական կազմի (մինչև 60 տարեկան) վերապատրաստում, ուսումնական կաբինետների, լաբորատորիաների և կենտրոնների ժամանակակից տեխնիկայով շարունակական հագեցում, տարբեր տեղերից դասախոսների հրավիրում՝ մոդուլային տարբերակով դասընթացներ վարելու համար։ Լուրջ աշխատանք է տարվում ուսանողների գիտելիքների ստուգման ուղղությամբ։ Համալսարանում սկսել է գործել գիտելիքների ստուգման կենտրոնը՝ 37 համակարգիչներով։ 
Համալսարանի ղեկավարությունը անելիքներ ունի ավարտական (նախկինում՝ պետական)  քննությունների կազմակերպման և անցկացման գործում։ Ավարտական քննությունը, որպես այդպիսին, ըստ Ս. Դադայանի, կորցրել է իր արդիականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջանավարտը ուսուցման չորս տարիների ընթացքում արդեն հավաքել է համապատասխան կրեդիտները բոլոր դասընթացներից, այդ թվում նաև այն առարկայից, որը նշանակված է որպես ավարտական։ Ստացվում է՝ նույն առարկայից ուսանողին կրեդիտներ են տրվում երկու անգամ, ինչը հակասում է այդ համակարգով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ 
Լուրջ ուշադրություն է պահանջում մագիստրոսական թեզերի պաշտպանությունը։ Ռեկտորի կարծիքով՝ այստեղ կարելի է կիրառել թեկնածուական թեզերի պաշտպանության մեթոդը, այսինքն՝ գնահատական չտալ, այլ հանձնաժողովի կողմից տրվող ձայներով (բաց կամ փակ քվեարկությամբ) շնորհել կամ չշնորհել մագիստրոսի աստիճան։
Արցախի մայր բուհում զգալի աշխատանք է տարվել ուսանողների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ։ Ավարտվել է ուսանողական հանրակացարանի 44 սենյակների վերանորոգումը և ուսանողների համար ստեղծվել են կենցաղային բոլոր հարմարավետ պայմանները։ Ներկայումս հանրակացարանում բնակվում է 112 ուսանող։ 
Հաշվետու տարում չի դադարել պայքարը արատավոր, կոռուպցիոն երևույթների դեմ, չարագործները հեռացվել են համալսարանից։ 
Զեկուցողն անդրադարձավ պրոֆեսորադասախոսական կազմի սոցիալական վիճակին։ 2012-ին դարձյալ աճել է աշխատավարձերի չափը։ Այսօրվա դրությամբ՝ գիտության դոկտոր-պրոֆեսորի աշխատավարձը կազմում է 231,1 հազար, իսկ գիտության թեկնածու-դոցենտինը՝ 169,6 հազար դրամ։ Եթե դրանց գումարում ենք նաև ժամավարձային տարբերակով ստացածը, ապա ստացվում է շոշափելի գումար, ասաց ռեկտորը։ 
Նիստի մասնակիցները լսեցին նաև ԱրՊՀ գլխավոր հաշվապահ Գոհար Սարգսյանի հաշվետությունը՝ 2012թ. ֆինանսական տարվա գործունեության և 2013թ. նախատեսվող եկամուտների ու ծախսերի  նախահաշվի նախագծի մասին։ Ընթացիկ տարվա մարտի 1-ից 10 տոկոսի չափով աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում։     
Ելույթ ունեցողները ռեկտորի մեկ տարվա կատարած աշխատանքը գնահատեցին բավարար։ 
Իր ելույթում ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանն անդրադարձավ այն թերացումներին, որոնք դեռևս առկա են ուսումնական գործընթացում։ Դրանք հիմնականում ուսման որակին էին վերաբերում։ Նախարարության կողմից կազմակերպված ստուգումների արդյունքում պարզվել է, որ հեռակա ուսուցման բաժնում հաճախելիությունը բավականին ցածր է։ 
Ամփոփելով խորհրդի նիստի աշխատանքները՝ Արա Հարությունյանը մասնավորապես մի քանի դիտողություններ և առաջարկություններ արեց։ Կառավարության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց ոչ միայն աջակցել բարձրացված խնդիրների լուծմանը, այլև համատեղ ուժերով իրականացնել դրանց ուղղությամբ տարվելիք աշխատանքները։ Այս առումով նա կոչ արեց կանոնակարգել և նախապես քննարկել բուհում իրականացվող յուրաքանչյուր բարեփոխում, ինչպես նաև՝ էլ ավելի սերտացնել համալսարան-կառավարություն կապը։ ՙՄեր նպատակն է ունենալ ժամանակակից, մրցունակ գիտակրթական համակարգ եւ մեծ համբավ ունեցող մայր բուհ՚,- ասաց Արա Հարությունյանը։  
ԱրՊՀ խորհուրդը ռեկտորի մեկ տարվա աշխատանքը գնահատեց բավարար։ Հաստատվեց 2012թ. ֆինանսական տարվա հաշվետվությունը։
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ