[ARM]     [RUS]     [ENG]

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ

DSC_6222.jpgՀունվարի 29-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի կողմից հրավիրված խորհրդակցությանը՝  Քաղաքաշինության նախարարության պատասխանատվությունների և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննության առնվեցին ոլորտում առաջացած մի շարք խնդիրներ. մասնավոր հատվածը որոշ հարցերի պարզաբանում էր սպասում գործադիրից (ով բազմաթիվ ծրագրերի պատվիրատուի դերում է հանդես գալիս), իսկ կառավարությունը  հանձնարարականներ ուներ նրանց։ 
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը, ՎՊ նախագահ Ա. Մոսիյանը, պաշտոնատար այլ անձինք։
Առաջինը, ինչի մասին խոսեց վարչապետը, նշելով, որ այն նաև ԼՂՀ նախագահի հանձնարարականն է, շինկազմակերպությունների կողմից աշխատավարձերի վճարման գործընթացին էր առնչվում։ Ա. Հարությունյանն ասաց, որ ոլորտում առկա է ստվեր, ինչը բացասական է անդրադառնում աշխատանքի որակին ու պետություն-մասնավոր հատված հարաբերություններին։ Մի կողմից, տնտեսավարող սուբյեկտների կողմից տրվում է նորմալ աշխատավարձ և ձևակերպվում հակառակը՝ հարկերից խուսափելու նկատառումներից ելնելով, մյուս կողմից՝ բավարար չափի աշխատավարձ չի տրվում, ինչը բերում է մասնագետների դեֆիցիտի, հետևաբար և՝ երիտասարդների արտագաղթի աճին։ ՙՀարկային պետական ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում  կօգտագործի վերահսկողական բոլոր մեխանիզմները, որպեսզի ՙսև տետրերը՚ վերացվեն։ Կառավարությունը ևս հետևողական կլինի, որպեսզի խորհրդակցության ժամանակ բարձրացված բոլոր հարցերը լուծում ստանան՚,- ասաց Ա. Հարությունյանը։
Հաջորդ հարցն անցած տարվա ընթացքում գոյացած պետական պարտքերն են՝ կազմակերպությունների կատարված աշխատանքի դիմաց։ Արտահայտվելով  բարձրացված հարցի շուրջ՝ վարչապետը մասնավորապես ասաց. ՙՇինարարական կազմակերպություններից դժգոհ եմ, քանի որ նրանք փորձում են այնպիսի մթնոլորտ ստեղծել՝ իբր կառավարությունը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Ձեզ հետ համաձայնեցնելով, կապիտալ շինարարության ծրագրերով նախատեսվածից բացի, մենք մեր երկրում փորձել ենք ավելի շատ կառուցել՝ դրանով լուծելով բազմաթիվ խնդիրներ, քանի որ դրա անհրաժեշտությունը կա, և մեր բնակչությունը մեզանից ավելի շատ է պահանջում, քան ներում են մեր ֆինանսական միջոցները՚։ Շինարարների բողոքը՝  կապված պետության կողմից ֆինանսավորման ձգձգման հետ, վարչապետը տեղին է համարում, բայց՝ ոչ արդարացի.պատվիրատուի հետ բանավոր համաձայնությամբ պայմանավորված՝ վերջիններս ընդունում են պատվերը՝ աշխատանքները մասնակի կամ ուշացումով ֆինանսավորվելու պայմանով։ Մինչդեռ այսօր այդ առթիվ բողոքներ են հնչում։ Վարչապետը նշեց, որ այսուհետ բոլոր պայմանավորվածությունները պետք է կատարվեն զուտ պայմանագրային հիմունքներով, որպեսզի թյուրիմացություններ չառաջանան։ Գործադիրի ղեկավարը քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանին հանձնարարականներ տվեց մրցույթների թափանցիկության և աշխատանքների իրականացման դեպքում պայմանագրի առկայության ապահովման վերաբերյալ։
ՙՊատվիրատուի՝ ուշացումով կամ մաս-մաս վճարելու պրակտիկան աշխարհում վաղուց ընդունված և բավականին հաճախակի կիրառվող մեխանիզմներից է։ Մենք, որպես պատվիրատու, պետք է իրականացնենք պետական ծրագրերը՝ եղած սուղ միջոցները առավելագույնս օգտագործելով։ Այդ հարցում մեզ օժանդակողներին ողջունում ենք՚,- ասաց գործադիրի ղեկավարը։ 
Ա. Հարությունյանն անդրադարձավ  նաև կառավարության վերջին նիստում  հաստատված 2013թ. կապիտալ շինարարության պետական ծրագրին։ 2012-ի համեմատ այն կրճատվել է և հասցվել 11 մլրդ 500 մլն դրամի։ Նախկինում թույլ տրված բացթողումները չկրկնելու և հետաձգված վճարների պատճառով գոյացող պարտքերից խուսափելու համար նա կարևորեց նոր աշխատաոճի որդեգրումը։
 
Վերահսկիչ պալատի խորհրդի նախագահ Ա. Մոսիյանը պարզաբանումներ տվեց ՎՊ գործունեության նպատակների ու տեղեկատվություն՝ շինարարության ոլորտում ստուգումների արդյունքների վերաբերյալ։ Նա ողջունելի համարեց, որ վերջին տարիներին այստեղ  բացթողումների և օրինախախտումների նվազման միտում  կա։ Վարչապետը նույնպես կարևորեց բնագավառի ձեռքբերումները, բայց դրա հետ մեկտեղ լուրջ ուշադրություն հրավիրեց մյուս խնդիրների վերացմանը։ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կ.Շահրամանյանը համաձայնեց Ա.Հարությունյանի դիտողությունների հետ, նշելով, որ գերատեսչության պատասխանատուների հետ կքննարկեն և լուծում կտան ծագած խնդիրներին։ Նա նշեց, որ քաղաքաշինության բնագավառը պետք է դիտարկել ոչ միայն պետական նպատակային ծրագրերի իրականացման, այլև  աշխատաշուկայի ձևավորման տեսանկյունից։ Ներկայումս հանրապետությունում գործում է 232 շինարարական կազմակերպություն, որտեղ 4212 մարդ է աշխատում։ Նախարարը տեղեկություններ տվեց նաև իրենց կողմից ապահովվող պետական մուտքերի վերաբերյալ, ներկայացրեց զարգացման միտումները։ 
Վարչապետ Ա. Հարությունյանը ֆինանսական խնդիրներ ունեցող շինարարական կազմակերպությունների ղեկավարներից պահանջեց սահմանված ժամկետներում կատարել իրենց պարտավորությունները, աշխատանքի մեջ ներգրավելով բանկային կամ այլ ռեսուրսներ՝ առանց պետական երաշխավորության, հակառակ դեպքում՝  հրաժարվել պատվերներից։ 
Առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների շուրջ ծավալվեցին թեժ քննարկումներ։ Ա. Հարությունյանը խորհուրդ տվեց հնարավորինս շատ օգտագործել տեղական շինանյութեր՝ խթանելով նաև տեղական արտադրության զարգացումը։ Պարզվում է՝ այստեղ ևս խնդիրները քիչ չեն, տեղական արտադրողները հաճախ չեն կարողանում որակ և քանակ ապահովել։ Հարց բարձրացվեց շինանյութերի ու շինարարության որակի վերահսկողության ուժեղացման վերաբերյալ։ Քաղաքաշինության նախարարին հանձնարարվեց այս հարցին նույնպես  ուշադրություն դարձնել, ինչպես նաև հանրապետության շրջվարչակազմերի ու Ստեփանակերտի քաղաքապետարանի ղեկավարների հետ մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել կապիտալ շինարարության 5-ամյա ծրագիր, որտեղ նախանշված կլինեն առաջիկա տարիների անելիքները։ 
Ամփոփելով խորհրդակցությունը, Ա. Հարությունյանը մեկ անգամ ևս հորդորեց կյանքի կոչել տրված հանձնարարականները, նշելով, որ կառավարությունը հետևողական է լինելու դրանց կատարմանը։
 
ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ