[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հայտնի է, որ խորհրդային իշխանության առաջին տարիներին երկրի հողերը, անտառները, ջրերը, ընդերքն ամբողջապես ազգայնացվել են՝ դարձել պետական սեփականություն: 1921 թվականից գյուղատնտեսության զարգացման համար սկսել են ստեղծվել հողի մշակման  ընկերություններ (T03) և կոմունաներ: Նրանց հողամասեր են տրվել մշտական մշակման համար, բայց հողը նրանց սեփականությունը չէր: Այդ տնտեսություններն իրենց չարդարացրին: 1929 թվականից  սկսվեց բազմաճյուղ կոլեկտիվ տնտեսությունների, իսկ 1932 թվականից` մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) ստեղծումը։ Դրանք պայմանագրերով կատարում էին կոլեկտիվ տնտեսությունների հողերի հերկի, ցանքսի և հնձի աշխատանքները: 
ՄՏԿ-ն Արցախում շահութաբեր էր, որովհետև հողի հերկման, ցանքսի աշխատանքներն սկսվում էին լեռնային գոտուց ու վերջանում հարթավայրային գոտում, իսկ հունձը` ընդհակառակը, սկսվում էր հարթավայրային գոտուց: Կատարած աշխատանքները վերահսկում էին գյուղատնտեսական մասնագետները:
Արտադրողական ուժերի զարգացման շնորհիվ տարեցտարի բարձրանում էին կոլեկտիվ տնտեսությունների զարգացման  տեմպերը, բարելավվում գյուղացիների սոցիալ-տնտեսական պայմանները: 1941 թվականին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Արցախի աշխատուժի 30%-ը մեկնեց հայրենիքի պաշտպանությանը: Չնայած ծանր վիճակին, կոլեկտիվ տնտեսությունները  բնակչության ու բանակի համար արտադրում էին բավարար չափով հաց և գյուղատնտեսական  այլ մթերքներ: Շնորհիվ կոլեկտիվ տնտեսության ակտիվ գործունեության երկիրը փրկվեց սովից: Այստեղ հարկ է նշել, որ Արցախյան պատերազմի տարիներին ևս կոլտնտեսությունները մեծ դեր կատարեցին բանակին ու բնակչությանը գյուղատնտեսական մթերքներով ապահովելու գործում:
Հետպատերազմյան տարիներին վերականգնվում ու զարգանում էին կոլեկտիվ տնտեսությունները: Տարեցտարի շեշտակի ավելանում էր հացի ու գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, բարելավվում բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները: Բավական է ասել, որ 1947 թվականից մինչև 1953  թվականը ամեն տարի մարտ ամսում մթերքների ու ապրանքների գների իջեցում էր կատարվում: Խորհրդային իշխանության տարիներին աշխատուժը  չէր հերիքում  գյուղերում ու քաղաքներում, այդ թվում Արցախի տնտեսություններում: Արտադրության շատ ճյուղեր հետ էին մնում  աշխատուժի  պակասության պատճառով:
 1950-ական թվականների վերջերին կառավարությունը կոլեկտիվ տնտեսությունների նկատմամբ կիրառեց մի շարք անմիտ միջոցառումներ, ինչպիսիք էին տնտեսությունների խոշորացումը և մեքենատրակտորային կայանների լուծարումը: Այդ միջոցառումները բացասական ազդեցություն ունեցան կոլեկտիվ տնտեսությունների զարգացման վրա: Քայքայման եզրին հասան գլխավորապես ծայրամասային գյուղերը: Արցախի գյուղերի շատ բնակիչներ լքեցին հայրենիքը՝ մեկնելով տարբեր քաղաքներ:
Չափազանց բացասական դեր է խաղացել նաև պլանավորման կարգը: Բոլոր  պլաններն իջեցվում էին վերադաս մարմինների կողմից՝ առանց հաշվի առնելու հողակլիմայական պայմաններն ու հնարավորությունները: Գոյություն ունեին   հեռանկարային   տարեկան և հանդիպական ուռճացված պլաններ: Արցախի կոլտնտեսությունների  շուրջ  80%-ը իրենց գոյությունը  պահպանում էին վարկերի հաշվին: Շատ քիչ տնտեսություններ էին շահութաբեր: Դրանք այն տնտեսություններն էին, որոնք զբաղվում էին նաև խաղողագործությամբ: Առանձնապես ծանր պայմաններ էին ստեղծվել   կոլտնտեսությունների ու գյուղացիների համար Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, թաքնված շովինիստ, աշխարհահռչակ շողոքորթ ու  կաշառակեր Հեյդար Ալիևի ժամանակաշրջանում:
 Արցախում արտադրված ամբողջ հացահատիկը, միսը, կաթը, ձուն, խաղողը հանձնվում  էին պետությանը: Գյուղացիները  փաստորեն զրկված էին  իրենց արտադրած մթերքներից: Ցավալին նաև այն էր, որ անասնաբուծական մթերքները պետությանն էին հանձնվում շատ  ցածր  գներով, ոչ մի անասնապահական ֆերմա շահույթ չէր ստանում: Շատ ցածր էր գյուղացիների աշխօրի արժեքը: Այն բարձր էր միայն խաղողագործությամբ զբաղվող  տնտեսություններում։ Ամեն  տարի անհիմն կերպով  բարձրացվում էին կոլեկտիվ  տնտեսությունների պլանները, ինչի պատճառով տասնյակ ղեկավար աշխատողներ աշխատանքից ազատվում էին որևէ ճյուղի պլանը չկատարելու համար:
Արցախի հայրենասեր  մտավորականները չկարողացան  հաշտվել Ադրբեջանի ղեկավարների  տնտեսական, քաղաքական  դաժան ճնշումներին ու հալածումներին: Ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես ոտքի կանգնեց, Հայաստանի  և աշխարհի հայերի օգնությամբ  ընդմիշտ ազատվեց դարավոր թշնամուց: 
Ստեղծվեցին լավագույն պայմաններ  կոլեկտիվ տնտեսությունների  զարգացման համար: Յուրաքանչյուր տնտեսություն  զարգացնում էր այն  ճյուղերը, որոնք  շահութաբեր  էին:
Սակայն Արցախի նախկին ղեկավարները  տնտեսագիտություն չիմանալու պատճառով  հապճեպ  լուծարեցին կոլեկտիվ տնտեսությունները: Ցաքուցրիվ արվեց պետական ամբողջ սեփականությունը: Դրանից շահեցին  միայն  առանձին ղեկավարներ  ու ՙկարող՚ մարդիկ: Նրանք կարողացան չնչին գներով տիրապետել արտադրամիջոցներին, արտադրական շենքերին, լավագույն վարելահողերին և  շեշտակի հարստացան:
Սեփականաշնորհվեց  հողը,  ամեն մի գյուղացի ստացավ 0,6 հեկտար վարելահող, բայց  տեխնիկա  չլինելու պատճառով  չէր  կարողանում ժամանակին ու բարձր որակով մշակել այն, իսկ  շատերը  հրաժարվում էին մշակելուց` տալիս էին վարձակալման: Տեխնիկա  չունենալու  պատճառով  չէին  կարողանում խնամել նաև այգիներն ու բանջարանոցները:
Այսօր  հանրապետությունում արտադրվում է շուրջ 70-80 հազար տոննա հացահատիկ՝  շնորհիվ առանձին ֆերմերների, որոնք ունեն տեխնիկա, կարողանում են ազատագրված հողերը մշակել: Այդ ձևով  հնարավոր չէ  զարգացնել գյուղատնտեսությունը: Ֆերմերներից շատերը չեն հասկանում, որ առանց  գյուղերում բնակչության  աճի հնարավոր չէ գոյատևել: Նրանք պետք է ամեն կերպ  օգնեն  աղքատ գյուղացիներին՝ հողերը մշակելու, չէ՞ որ կան  հարյուրավոր  հեկտարներով հողեր, որ չեն  մշակվում: Բնակչության համար պետք է ստեղծել  աշխատատեղեր:
ետք է ստեղծել  աշխատատեղեր:
Ներկայումս հանրապետության որոշ  ղեկավարներ ու ֆերմերներ  գյուղատնտեսության զարգացումը  տեսնում են  խոշոր ֆերմերային տնտեսությունների  ստեղծման  մեջ: Ըստ նրանց՝  ֆերմերները պետք է վարձակալական ձևով մշակեն բոլոր վարելահողերը: Ոմանք երաշխավորում են ստեղծել հողերի մշակման ընկերություններ կամ կոոպերացիաներ: Ֆերմերները երբեք չեն հոգալու  վարձակալված հողերում ցանքաշրջանառություն  մտցնելու, էրոզիայի  ենթարկված  հողերը գոմաղբով  կամ հանքային պարարտանյութերով հարստացնելու մասին։ Լավագույն դեպքում 2-3 տարի կմշակեն  ու հետո կհեռանան:  Հողերի  մշակման  մի քանի ընկերություններ  կազմակերպվել են  2000-2003թթ. Մարտունու շրջանում, սակայն դա իրեն չի արդարացրել։ Կոոպերացիաները պետք է բազմաճյուղ լինեն: Բոլորին հայտնի է, որ ներկայիս  ֆերմերների  մեծ մասը  զբաղվում է հացահատիկի արտադրությամբ, հիմնականում մշակում ազատագրված վարելահողերը: Աշխատանքները գրեթե լիովին մեքենայացված են. փաստորեն գյուղացիների համար  աշխատատեղեր չեն ստեղծվում. Անասնապահությամբ  զբաղվող  ֆերմերները շատ քիչ են, կան գյուղացիներ, որոնք խնամում են  մի քանի գլուխ  խոշոր  եղջերավոր  անասուն կամ ոչխար, այս դեպքում էլ բավարար չափով  աշխատատեղեր  չեն ստեղծում: 
Գյուղատնտեսության զարգացման համար կան երկու  երաշխիքներ: Առաջինը`  հարուստ  ֆերմերները պետք է գյուղերում կազմակերպեն  բազմաճյուղ արտադրություն: Հացահատիկ  արտադրողը պետք է ունենա թռչնաբուծական, խոզաբուծական  կամ կաթնապրանքային  ֆերմաներ, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ  օգտագործել արտադրած  հացահատիկը, ծղոտը, կատարել ցանքաշրջանառություն  և ստանալ  բարձր բերք։ Գլխավորը` կստեղծվեն աշխատատեղեր ամբողջ տարում։ Գյուղը կշենանա, հնարավոր կլինի ստեղծել կուլտուր-կենցաղային  լավագույն պայմաններ: 
Գյուղատնտեսության զարգացման կայուն գործոն կարող են լինել միայն կոլեկտիվ  տնտեսությունները, որոնք կաշխատեն  տնտեսհաշվարկով,  այդ  կարծիքին են Հայաստանի և Արցախի գործիմաց տնտեսագետներն ու մասնագետները:  Նման տնտեսությունների  ստեղծման դեմ են միայն  հարուստ ֆերմերները, ինչպես նախկինում՝ կուլակները: Սակայն չպետք է ընդառաջել մի քանի տասնյակ ֆերմերների ցանկությանը։ Պետք է կոլեկտիվացումը կատարել աստիճանաբար, յուրաքանչյուր  շրջանում տարեկան 1-2  գյուղական  համայնքում, բնակչության  մեծ մասի ցանկությամբ։ 
Ցանկալի է նախկին կոլտնտեսության հողերը վերադարձնել համայնքին  և վերանայել  հողերի  սեփականաշնորհման  կարգը: Ովքեր չեն  ցանկանա մտնել  կոլեկտիվ  տնտեսության մեջ, նրանց համար առանձնացնել  վարելահողեր, յուրաքանչյուրին  0,6 հեկտար, և եթե տվյալ մենատնտեսը  ցանկանում է  ավելի  շատ հողեր  մշակել, նրան  տալ՝ որքան  ցանկանում է, վարձակալական  հիմունքներով:
Կոլեկտիվ  տնտեսություններին պետք է տալ  տրակտոր, կոմբայն,  տրանսպորտային միջոցներ, մի քանի գլուխ  կով ու խոզամերուն, գլխավորը՝  վարկեր:  Տնտեսության ղեկավար  ընտրել   գործիմաց, գրագետ, գործունյա մարդկանց: Համոզված եմ, որ մինչև 5 տարին  տնտեսությունը  կդառնա  շահութաբեր: 
Բոլորին  հայտնի է, որ  կառավարությունն ամեն տարի  ձեռք է բերում  տրակտորներ, կոմբայներ, պարարտանյութեր, սերմեր, դրանով իսկ նպաստում  գյուղատնտեսության արագ  զարգացմանը: Բայց դրանից  ավելի շատ օգտվում են այն ֆերմերները, որոնք ունեն մեծ քանակությամբ տեխնիկա և կարող են այն վերանորոգել  ու երկար  տարիներ աշխատացնել: Գյուղացիների մեծ մասը չի օգտվում ձեռքբերած նոր տեխնիկայից՝ ցրված, քիչ տարածության վրա  վարելահողեր  ունենալու  պատճառով: Նպատակահարմար է  նոր  տեխնիկան  տրամադրել նոր  ստեղծված կոլեկտիվ  տնտեսություններին:
Անհրաժեշտ է  հաշվի առնել, որ Արցախը լեռնային երկիր է, կարկտահարման գոտի,  հողերի շուրջ  60%-ը  ոչ ճիշտ  մշակության պատճառով  էրոզիայի է ենթարկվել: Միայն  կոլեկտիվ բազմաճյուղ տնտեսությունները  կարող են  վերականգնել  դրանց  բերրիությունը:
Բազմաճյուղ կոլեկտիվ տնտեսությունների ստեղծումը մեծապես կնպաստի երկրամասում գյուղատնտեսության զարգացմանն ու գյուղերի շենացմանը։ 
 
Գեորգի ՀԱԿՈԲՅԱՆ
Գյուղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր